
«Երիտթուրքեր» (Young Turks) բրիտանական ձայնագրման լեյբլը հայտարարել է, որ փոխում է իր անունը՝ դարձնելով «Young», քանի որ այն ասոցացվում էր Հայոց ցեղասպանության հետ՝ հաղորդում է Rolling Stone— ը:
Լեյբլի հիմնադիր Կայուս Փաուսոնը Instagram-ում այս որոշման մասին հայտարարել է երեքշաբթի, ապրիլի 6-ին՝ ասելով, որ փոփոխությունը «երկար մտորումների» արդյունք է: Նա պարզաբանել է, թե ինչու էին ընտրել «Երիտթուրքեր» անունը, նաև բացատրել է անվանման պատմական նշանակությունը:
Փաուսոնը նշել է, որ անվան համար ոգեշնչման աղբյուր եղել է Ռոդ Ստյուարտի 1981 թ. «Երիտասարդ թուրքերը» հիթը, սակայն նշել է, որ իրենք տեղյակ չեն եղել այդ եզրի հետ կապված ավելի խորը պատմությանը, մասնավորապես, որ երիտթուրքերը 1915 թվականից ի վեր իրականացրել են Հայոց ցեղասպանությունը։ Անվան փոփոխությունից բացի, ապրիլի 24-ին ընդառաջ «Young»–ը նվիրատվություն է կատարել Լոնդոնի հայկական ինստիտուտին:




