ԿարևորՀասարակություն

Վարորդների տուգանման բալային համակարգը չի գործի. վերահսկող չկա

2020 թվականին ներդրված Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը անցած սեպտեմբերից պետք է գործեր նաև  ճանապարհային ոստիկանության արձանագրած խախտումների դեպքում։ Բայց համավարակը ժամկետներ խախտեց նաև այստեղ: Նոր փոփոխությանը պետք է սպասել ևս 1 տարի։ Փոխարենը`ավելի քան մեկ տարի՝ կարգազանց վարորդների դեմ բավական արդյունավետ պայքարում են տեսանկարահանող սարքերը:  2020 թվականին կասեցվել է ավելի քան 1600 վարորդական իրավունք, եղել են նաև իրավունքից զրկվածներ։

Երթևեկության կանոնակարգման բալային համակարգը առայժմ գործում է միայն տեսանկարահանող սարքերի միջոցով: Մեխանիզմն ամբողջությամբ կգործարկվի, երբ ամբողջ Հայաստանում ներդրվի պարեկային ծառայությունը,-«Ռադիոլուր»-ն հայտնեց ՃՈ իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը։

Իսկ տեխնիկական սարքերով հայտնաբերված խախտումների դեպքում  բալային համակարգը գործում է արդեն մեկ տարուց ավելի է, կան նաև առաջին արդյունքները,-ասում է զրուցակից.

«Քանի որ մենք այժմ տուգանային միավորների համակարգը կիրառում ենք տեսանկարահանող սարքերի միջոցով,  2018 թվականին ունեցել ենք արձանագրված 1 346 000 իրավախախտում,  2019-ին՝ 1 531 000, 2020-ին՝ 1 366 000։  2020 թվականի ավարտին մենք ունեցել ենք  1692 անձ, ում վարորդական իրավունքի վկայականը կասեցված է եղել»։

Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը բալային համակարգի կիրառման ու արդյունքների հարցում շատ լավատես չէ: Ասում է՝ լավ գաղափար է՝ իրացման սխալ մեխանիզմով. իրավախախտ վարորդը, անգամ կասեցված իրավունքով ու առանց վարորդական վկայականի կվարի, և մեծ հավանականությամբ, աննկատ կմնա.

«Հայաստանում ներդրվել է, Հայաստանում չի աշխատում։ Ենթադրենք՝ 3300 վարորդի վկայական կասեցվել է, 3300-ով պետք է պակասեր երթևեկողների թիվը, բայց չի պակասում, նույնիսկ սոցհարցում ենք արել, մարդիկ ցանկություն էլ չունեն զիջումների գնալ, կամ օրենքին ենթարկվել։ Օրենքին ենթարկվելը պետք է միշտ «գլխավերևում կախված փայտով լինի»:

Արտակ Խաչատրյանը ընդունում է, որ որոշակի խստացում, այնուամենայնիվ, նկատելի է, բայց կարծում է, որ բալայինի հետ դա որևէ կապ չունի. քանի դեռ վերահսկողություն չկա, համակարգը չի գործելու.

 «Նույնիսկ դու չես կարողանում քո գրածին հետևես։ Ո՞վ է վերահսկողը։ Եթե խելացի ես, այնպես գրի, որ  կարողանաս քո օրենքին հետևել, եթե պետք է չկարողանաս, կամ ցանկություն չունենաս հետևելու, որն է իմաստը այդ օրենքը գրելու»։

Պատշաճ վերահսկողություն չկա, քանի որ համակարգը դեռևս լիարժեք չի ներդրվել։ 2022 թվականից, երբ գործի անցնեն նոր ստեղծվող  պարեկային ծառայության ոստիկանները, բոլորովին այլ պատկեր կունենանք,-վստահ է ՃՈ իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը.

«Եթե ոստիկանը կանգնեցնի, Ձեր կողմից թույլ տրվի որևէ իրավախախտում, կամ հայտնվեք ոստիկանի տեսադաշտում և կասկած հարուցեք, այդ դեպքում նոր Դուք կհայտաբերվեք։ Այս պահի դրությամբ չկա որևէ համակարգ, որ կարողանանք նույնացնել, արդյո՞ք վարող անձը հանդիսանում է զրկված կամ կասեցված անձ, թե՞ ոչ։

Այսինքն, եթե տեսուչի տեսադաշտում չհայտնվի վարորդը կամ միջադեպ չլինի, ապա կասեցված վկայականով վարորդը չի՞ հայտնաբերվի։

Մենք չենք կարող ենթադրել, որ վարող անձը կասեցված վկայականով է վարում։

Հաշվի առնելով սա՝ կարո՞ղ ենք հետևություն անել, որ համակարգը լիարժեք չի վերահսկվում։

Ամբողջ ծավալով աշխատանքը մենք կզգանք 2022 թվականի հուլիսի 1-ից, թեև արդեն իսկ վիճակագրության և վերլուծության արդյունքում էական է հաջողությունը»։

Վարորդների պաշտպան Արտակ Խաչատրյանն էլ տարակուսում է՝ իսկ ինչո՞վ այս գործող համակարգը չէր գոհացնում: Ասում է՝ ոչ թե պետք էր համակարգը փոխել, այլ մեխանիզմները վերանայել.

«Այսօրվա տեսուչը  ինչո՞վ է պակաս  2022 թվականի նորաթուխ տեսուչից։  Ու արդյո՞ք այսօրվանի գրագիտությունը չի բավականացնում տուգանային միավոր հանելու համար»։

Արտակ Խաչատրյանը զարմանում է. եթե, իսկապես, սա հրաշալի գաղափար է, ինչու է բալային համակարգը աշխատում միայն տեսանկարահանող սարքերի դեպքում, իսկ ՃՈ տեսուչները արձանագրությունը կազմելիս դեռ հին համակարգով են  գործում, հին տուգանքներով։

«Տեսախցիկներով միավորը արձանագրում են, տեսուչներինը՝ ոչ, հին համակարգով են տուգանում։ Նոր համակարգով եթե տեսուչը խմած  կանգնեցնի, կտուգանի  29000 դրամ և կհանի 4 միավոր։ Հին օրենքով  150.000 դրամ է տուգանքը։ Ինչու այդ հանճարեղ գրվածքը ուժի մեջ չի մտնում։ Անընդհատ վազում ես կառավարություն, խնդրում ես հետաձգել, և արդեն 2 տարի՝ հետաձգվում է։ Պատճառն այն է, որ անկարող են ինչ-որ խելացի բան գրել, որը աշխատի, որը համ վարչապետի սրտով լինի, համ ժողովրդի, համ էլ ՃՈ»։

Համակարգն արդյունավետ կգործեր, եթե ներդրվեին, իսկապես, լուրջ մեխանիզմներ, և սահմանվեր տոտալ վերահսկողություն։ Մինչդեռ հիմա, գրեթե նույն արդյունքով, արվում է այն, ինչ նախկինում. միայն  թղթաբանությունն է ավելացել,-նկատում է զրուցակիցս։

Կարդացեք նաև

Back to top button