
Վարչական դատարանն այսօրվա նիստում քննարկվեց վարչապետի փաստաբանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ: Դրանով Օնիկ Գասպարյանը վիճարկել էր իր պաշտոնանկության օրինականությունը։
Նիկոլ Փաշինյանի շահերը պաշտպանող Տաթևիկ Սարուխանյանի խոսքով՝ ռազմական դրությունը վերջերս վերացրած պետությունում դեռևս անվտանգության խնդիրներ կան, ուստի, անհրաժեշտություն է պետության ղեկավարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն հարաբերությունների վերականգնումն ու անորոշությանը վերացումը։
Ըստ նրա՝ ԳՇ նախկին պետի հայցի հիմքում, ոչ թե անձի իրավունքների խախտումն է, այլ նախագահի լիազորությունների բացակայությունը.
«Հայցի հիմքում որպես իրավական հիմնավորում առավելապես ոչ թե հանրային ծառայության անցնելու, ոչ թե աշխատանքից անօրինական ազատվելու իրավունքն է, այլ հանրապետության նախագահի լիազորության բացակայությունը։ Այսինքն՝ վկայակոչում են 155–րդ հոդվածի երկրորդ մասը, որով հանարապետության նախագահն ունի միայն ԳՇ պետի նշանակման իրավասություն և չունի ազատման իրավասություն»,– ասում է Սարուխանյանը։

Փաշինյանի փաստաբանը նաև հավելեց, որ չի բացառվում, որ դատարանը որոշում ընդունի աշխատանքային իրավունքների վերականգնման վերաբերյալ, սակայն դա չի ենթադրում վերականգնում պաշտոնում։ Օնիկ Գասպարյանի շահերը դատարանում պաշտպանող փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ կա դատական ակտ, որը պատասխանողը չի պատրաստվում կատարել, ինչը ենթադրում է՝ պատասխանողը պետք է ենթարկվի պատասխանատվության։
«Դատական նիստի ժամանակ մոտավորապես ասվեց հետևյալը, որ վերջում ինչ որոշում էլ ստանաք՝ չենք կատարելու։ Այս որոշումը, որ կստանաք, կգաք մի հատ էլ դատի կտաք, կասեք՝ մի հատ էլ ստիպեք կատարենք, այդ ժամանակ նոր կկատարենք։ Նման մոտեցման դեպքում ցանկացած իրեն հարգող երկրում, եթե վարչապետի ներկայացուցիչը ինքնագլուխ է արել, գործից կազատվեր, իսկ եթե ինքնագլուխ չի արել, ապա վարչապետը գործից կազատվեր», ասում է Օրբելյանը։

Նորանշանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Զինված ուժերի գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է:
«Գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա: Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է»:
— Իսկ դատարանի որոշու՞մը։
«Դատարանի որոշումի մեկնաբանությունը իրավաբանների գործն է, որոնք մեկնաբանում են յուրաքանչյուր տեսակետից։ Որևէ խնդիր չկա, կոլեկտիվը աշխատում է և կատարում է այն խնդիրները, որոնք դրված են Գլխավոր շտաբի առջև»,- ասել է Դավթյանը:
Նիստը նախագահում էր Մհեր Պետրոսյան: Նրան բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել էր։ Հանրապետության նախագահի ներկայացուցիչը դատական նիստին չէր մասնակցում: Կողմերին Դատարանի միջնորդության վերաբերյալ որոշումը կտրամադրվի գրավոր։




