ԿարևորՀասարակություն

Նոր սակագներ «Հայփոստում»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկել է  «Հայփոստ» ընկերության փոստային կապի ունիվերսալ  սակագների հայտը։ Արդյունքում սակագները բարձրացել են։ Նոր սակագները կգործեն մայիսի 1-ից՝ ներքին առաքանիների դեպքում։

2001 թվականից փոստային առաքանու սակագները չէին վերանայվել՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է «Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը.

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշակի չափով բավարարել է մեր հայտը, հաշվարկել են և պարզ է դարձել, որ հիմնավորված է մեր հայտը»։

«Հայփոստ» ընկերությունն առաջարկել էր 100 գրամ քաշ ունեցող նամակի համար սահմանել 340 դրամ սակագին, հանձնաժողովը սահմանել է 230 դրամ։ Ծանրոցների համար «Հայփոստ»-ն առաջարկել էր 1 կգի համար վճարել սկսած 1260 դրամից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նվազեցրել է գումարը 1000 դրամի։ Գևորգ Աբրահամյանն ասում է՝ վերջին 20 տարում ամեն ինչ թանկացել է, բացի սակագներից.

«Մեր լոգիստիկ ծախսերը, աշխատողների աշխատավարձերը, առհասարակ ամեն ինչի գինը բարձրացել էր, իսկ սակագինը՝ ոչ։  Հիմա գոնե վնասներ չենք կրի, էլի շահույթ չենք ունենալու թեպետ»։

Նոր սակագները վերաբերում են բացառապես ներքին առաքանիներին։ «Հայփոստ»-ի մամուլի քարտուղարն ասում է՝ դեպի դուրս առաքանիների սակագները թանկացել էին այս տարվա հունվարի 1-ից, որոշել են իրենք՝ վերնայելով այլ երկրների փոստային ընկերությունների հետ իրենց ունեցած պայմանագրերը։  ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը խոստանում է բարձրացված սակագներին զուգահեռ սահմանել նոր որակ, որը ծառայությունից օգտվող քաղաքացիները անպայման կզգան։

Կարդացեք նաև

Back to top button