ԿարևորՀասարակություն

«Լիդիան Արմենիա»-ն Արփայից ջրառ չի իրականացնի․ հայտը մերժվել է

Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել էհանքավայրի շահագործման արտոնագիր ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության  ջրօգտագործման հայտը, որով ընկերությունը Արփա գետից մեծ ծավալներով ջուր վերցնելու իրավունք էր ստանալու։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շրջակա միջավայրի նախարարության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանը ներկայացնում է, թե ինչ հիմնավորումներով է մերժվել հայտը։  

«2020թ․ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստացել է Արփա գետի ներքին հոսանքներից 11 լ/վրկ ծավալով ջրօգտագործման թույլտվություն, սակայն հիմա դիմել է 41, 3 լ/վրկ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար։ Մերժման հիմքում Արարատյան ջրավազանային տարածքի 2016–21թթ․ կառավարման պլանն է, որով   այդ քանակի փոփոխություն չի թույլատրվում»,- նշում է Առաքելյանը։

Արփա գետից մեծ ծավալներով ջրառի  հնարավոր վտանգների մասին  ծավալուն փաթեթ էր պատրաստել նաև  «Հայկական բնապահպանական ճակատ»–ը։  Բնապահպանները համոզված են,  որ ջրառը ազդելու է գետի ու շրջակա միջավայրի վրա։ Ողջունում են, որ նախարարությունը մերժման որոշում է կայացրել։

«Հայկական բնապահպանական ճակատը բոլոր փաստարկները գրել, ուղարկել էր նախարարություն, այդ հիմքով էլ նախարարությունը մերժել էր Լիդիանին ջուր տրամադրելու հայտը։ Հետո գուցե էլի հայտով դիմեն, բայց այս պահին հայտը մերժված է»,-ասում է  բնապահպան  Թեհմինե Ենոքյանը։

Հանքի շահագործման հեռանկարն այժմ   կապվում է հետպատերազմական իրավիճակի և տնտեսության վերականգնման համար հանքարդյունապերության կարևորության  հետ։ Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի համոզմամբ, մինչդեռ, հետպատերազմյան շրջանում հանքի շահագործումն առավել վտանգավոր է, քանի որ սահմանը մոտեցել է․

«Սահմանը մոտեցել է Ամուլսարին, 5-6 կմ է ուղիղ գծով, և այդտեղ 100 մլն տոննա ցիանիդային հարթակ ունենալը խաթարելու է Հայաստանի անվտանգությունը։ Վտանգի տակ է հայտնվում Հայաստանի  ջրի պաշարների 80 տոկոսը ։ Բացի դրանից՝ պատերազմից հետո Սյունիքի մարզը արոտավայրեր է կորցրել, և միակ արոտավայրն այն կողմից մնացել է Ամուլսարը։ Եթե Սյունիքի բնակիչը զրկվի այդ արոտավայրից, այսինքն՝ Ամուլսարը որպես արոտավայր օգտագործելուց, ապա  լուրջ սոցիալական խնդրի առաջ կկանգնի»,-ասում է Վարդանյանը։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն էլ շարունակում են մնալ իրենց համոզմանը՝ հանքի շահագործումը վնասելու է Ջերմուկի առողջարանային համբավին։ Տեղական հյուրանոցներից մեկի  սեփականատեր Հենրի Սարգսյանը կարծում է, որ Ամուլսարի շահագործումը կնվազեցնի զբոսաշրջիկների թիվը։

«Եթե Ամուլսարը  շահագործվի, տուրիզմը Ջերմուկում կհավասարվի զրոյի։  Մենք անընդհատ շփվում ենք տուրիստների հետ․ բոլորն էլ ասում են , որ եթե Ամուլսարը շահագործվի, ապա ոչ կգան Ջերմուկ հանգստանալու, ոչ էլ ինչ-որ մեկին խորհուրդ կտան։ Ինչքան էլ ջրերը բուժիչ լինեն, միևնույն է,  ռադիացիայի պայմաններում  Ջերմուկ ոտք չենք դենլու»,-նշում է Սարգսյանը։

Կշահագործվի՞  հանքը, թե՞ ոչ՝ առայժմ պարզ չէ։ «Լիդիան Արմենիա»-ն արբիտրաժային դատարան չի դիմել, իսկ կառավարությունը հանքի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել, ինչպես  օրերս ասել  էր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։


Կարդացեք նաև

Back to top button