
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը հարց է ուղղել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆՄԶԳ) ղեկավարի պաշտոնում առաջադրված Սամանթա Փաուերին անցած տարվա թուրք-ադրբեջանական հարձակումների պատճառով իրենց տներից բռնագաղթած արցախցիների աջակցելու ԱՄՆ ջանքերի վերաբերյալ:
Տիկին Փաուերի հաստատման լումների ժամանակ Սենատոր Մենենդեսը հարցրել է. «Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն մարտահրավերների վրա, որոնց Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են բախվել անցած աշնանն Ադրբեջանի հարձակման ֆոնին: Կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆՄԶԳ-ն կարող է օգնել լուծել սննդի, ջրի, կացարանի և COVID կարիքների հետ կապված հարցերը հատկապես տեղահանված հայերի համար, բայց ես անհանգստացած եմ, որ ԱՄՆ-ն մինչ օրս բավականաչափ աշխատանք չի տարել, և անհամբեր սպասում եմ այդ մասին ձեր պատասխանին»:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները կարող են մինչև մարտի 25-ը տիկին Փաուերին հարցեր ներկայացնել ԱՄՆ ՄԶԳ-ի առաջնահերթությունների վերաբերյալ: Նրա պատասխաններից հետո Կոմիտեն քվեարկելու է նրա առաջադրման վերաբերյալ` ճանապարհ հարթելով Սենատում լիագումար քննարկման համար:




