
Հայկական ատոմային էլեկտրակայանը մայիսի 15-ից 141 օրով կկանգնեցվի: Վերանորոգումից և անվտանգության պայմանների բարելավելուց հետո ՀԱԷԿ-ը պետական կարգավորող մարմնից նոր լիցենզիա կստանա: ՀԱԷԿ–ի շահագործումը կերկարաձգվի 10 տարով, իսկ անհրաժեշտ հիմնավորման առկայությամբ՝ կայանը կգործի մինչև 2026թ–ը։ Այս մասին հայտնեց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը: «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և ռուսական վարկի միջոցով գործող բլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրն արդեն մշակված է, աշխատանքները շուտով կմեկնարկեն։
«Այս տարվա աշխատանքները շատ հավակնոտ են լինելու, և կարծում եմ՝ մենք ժամանակին կարող ենք ավարտել և լիցենզիա ստանալ։ 2026թ–ի ՀԱԷԿ–ի կրկնակի երկարաձգման համար կա նախապատրաստական համաձայնություն «Ռոսատոմ»–ի հետ, ապրիլի սկզբին այցելություն է լինելու Նորվորոնեժյան և Յուկովսկայա կայաններ, ժամկետների կրկնակի երկարաձգման՝ այդ բլոկների փորձն ուսումնասիրելու համար»,- ասաց ՀԱԷԿ–ի գլխավոր տնօրենի տեղակալը։
2026թ-ից հետո, համապատասխան հիմնավորումների դեպքում, կայանի շահագործումը կշարունակվի։ Այսօր գործող ատոմային բլոկը շահագործման մեջ կլինի արդեն 40 տարի ժամկետով:
«Այս տարի կարող ենք ասել՝ ավարտում ենք մեր էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման հայեցակարգի առաջին փուլը։ Հասկանալի է, որ այսքան ներդրումներից հետո մենք պետք է մտածենք 2026թ–ից հետո բլոկի աշխատանքի մասին, դա նշանակում է, որ կայանը պետք է կրկնակի երկարաձգման հայեցակարգ մշակի՝ 2026թ–ի շահագործման ժամկետները երկարաձգելու համար»,- ասաց Մովսես Վարդանյանը:

ՀԱԷԿ-ի աշխատանքի 141-օրյա դադարը էլեկտրաէներգիայի սակագնի վրա չի ազդի, քննարկման ժամանակ հավաստիացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը.
«Մենք արդեն այս տարի փետրվարի 1–3–ը ունեցել ենք սակագնի բարձրացում, և այն կոնֆիգուրացիան, որը ձևավորվել է այս աշխատանքների կատարման համար, այս պահին ազդեցություն չի ունենա, և մենք սահուն կանցնենք», — նշեց Մելքոնյանը։
Տիգրան Մելքոնյանի խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ այժմ մասնագիտական «սևագործ» աշխատանք է տարվում. հետևում են տեխնոլոգիական զարգացումներին, և երբ որոշվեն կառուցվող էներգաբլոկի հզորությունը և ներգրավվող ֆինանսավորման աղբյուրները, իրականացվող աշխատանքները և մշակված ծրագիրը կհանրայնացնեն: Զուգահեռ աշխատում են փոխարինվող նոր միջուկային էներգաբլոկի ուղղությամբ:
«Հիմա տեխնոլոգիաները զարգանում են այդ ոլորտում, մենք պետք է որոշենք ինչ հզորությամբ ռեակտիվ պիտի դնենք՝ հաշվի առնելով մեր ռեժիմները, համակարգի հուսալիությունը։ Դրան զուգահեռ՝ տեսնենք, թե ինչպես ենք ֆինանսավորման աղբյուրները ճշտելու, պատշաճ ժամկետում ծրագիր մշակենք և ձեռնամուխ լինենք դրա իրականացմանը»,- մանրամասնեց Մելքոնյանը։
Հայաստանի ատոմային ոլորտի զարգացումը, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի՝ կառավարության օրակարգում է: Ասաց՝ կառավարությունը հավատարիմ է իր որդեգրած ռազմավարությանը:




