ԿարևորՀասարակություն

Կունենա արդյո՞ք Հայաստանը ջրային պաշարների խնդիր․ կարծիքները տարբեր են

Հայաստանն այս տարի ոռոգման ջրի խնդիր չի ունենա․ ջրամբարները լցված են, Սևանա լճի մակարդակի  աննախադեպ բարձրացում ունենք՝ Կառավարության նիստում  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախորդ տարվա նույն օրվա՝ մարտի 18-ի համեմատ Սևանի մակարդակը բարձրացել է 15 սմ-ով, ինչը, ոլորտի նախարարի  պարզաբանմամբ, Արփա-Սևան թունելով աննախադեպ քանակի ջրի ներհոսքի և կանոնակարգված ջրառի արդյունք է:

Ջրի պաշարների  քանակի ու անվտանգության հարցում նույն լավատեսությունը չկա Արցախում։ Հիմնական մտահոգություններից մեկը ռազմավարական նշանակություն ունեցող Քարվաճառի ջրհավաք կայանի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում գտնվելն է։

Նախորդ տարվա նույն օրվա՝ մարտի 18-ի համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սմ-ով, սակայն առավելագույն նիշը արձանագրվում է հունիս-հուլիս ամիսներին: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ակնկալվում է, որ այս տարի լճի մակարդակը  կհասնի 1901 մետրի, ինչն աննախադեպ է վերջին տասնամյակներում։

«Ջրային պաշարներ ունենք, խնդիրը  դրանց ճիշտ ու  արդյունավետ կառավարումն է։ Իսկ դա մենք կանենք մյուս գերատեսչությունների հետ փոխգործակցության միջոցով, ինչպես արել ենք անցյալ տարի։ 2020–ին 200 մլն խորանարդ մետրից մի փոքր ավելի ջուր է բաց թողնվել Արփա-Սևան թունելով»։

Հայաստանի  ջրային պաշարների անվտանգության հարցում ևս շրջակա միջավայրի նախարարը լավատես է։ Նա կարծում է, որ Հայաստանի և Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող Քարվաճառի ջրահավաք կայանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը ջրային պաշարների վրա մեծ ազդեցություն չի ունենա։

«Գուցե մի շրջափուլում թվային տվյալները հրապարկվեն, սակայն այս պահին ջրային պաշարների ամբարման տեսակետից որևէ ազդեցություն չունեն»։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի լավատեսությունն Արցախում չեն կիսում։ Այստեղ մտահոգ են ջրային պաշարների  թե քանակի, թե  որակի հարցում։  Քարվաճառն ունի ռազմաքաղաքական լրջագույն նշանակություն՝ ասում է ԱՀ արտաքին գործերի նախարար   Դավիթ Բաբայանը։ Այստեղ գտնվող  ջրահավաք  կայանը Հայաստանի ու Արցախի ջրային դոնորն է․ որից սկիզբ են առնում ԼՂԻՄ-ի ջրային պաշարների  85, Արցախի այսօրվա  տարածքի ջրերի  97 տոկոսը, նաև՝ Արփա ու Որոտան գետերը։ Տարածքի հատուկ պահպանության խնդիրը Դավիթ Բաբայանը բարձրացնում է տարիներ ի վեր։

«Բնական է, որ այս տարածքն ունի ռազմաքաղաքական լուրջ նշանակություն։ 23 տարի խոսում ենք այդ մասին, դժբախտաբար,ապարդյուն։ Ասում էինք, որ պետք է տարածքին հատուկ կարգավիճակ տրվի։ Մինչդեռ տարածքը որևէ անգամ չի ներառվել Հայաստանի անվտանգության հայեցակարգում, այդ թվում ՝ վերջին, չնայած սա եղել է կարևորագույն հարցերից մեկը։ Այժմ շատ կարևոր է, որ այդ ջրահավաք ավազանում ռուս խաղաղապահներ տեղակայվեն, քանի որ ավազանը  թունավորելու վտանգն է շատ մեծ։ Եթե դա տեղի ունեցավ, ողջ Հայաստանի համար աղետ  է լինելու»։

Հայաստանի կառավարությունում աղետի մասին չեն խոսում, բայց հնարավոր վտանգներ տեսնում  են Արաքսի վրա  թուրքական հատվածում  ջրամբարներ կառուցելու մեջ։  

Դրանց ազդեցությունը բացասական կարող է լինել հատկապես Ախուրյանի ջրամբարի համար՝ ասում է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանինն է՝ կառավարության նիստում.

«Միակ խնդիրը, որ այս պահին կա, հարևան երկրում կառուցվող ջրամբարներն են, որոնք կարող են խնդիրներ ստեղծել Ախուրյանի ջրամբարի համար։ Միաժամանակ, սակայն, պետք է նշենք, որ ձնհալը դեռ տեղի չի ունեցել, ձյան պաշարները բավական շատ են, ու կանխատեսումներն այնպիսին են, որ այս տարի ջրի խնդիր քիչ կունենանք»։

Մյուս ջրամբարներն այս պահին լցված են՝ հայտարարեց նախարարը։ Գյուղատնտեսական տարվա  մեկնարկին ընդառաջ գործադիրը վստահեցնում է՝ ոռոգման ջրի խնդիր ոլորտը չի ունենա։  

Կարդացեք նաև

Back to top button