ԿարևորՀասարակություն

Կենսաթոշակային բարեփոխումներ. 90 և բարձր տարիքի կենսաթոշակառուները կստանան հավելավճար

Կառավարությունը որոշել է փոփոխել «Պետական կենսաթոշակների մասին»  օրենքը՝ թեթևացնելու համար որոշ խոցելի խմբերի խնդիրները: Եթե փոփոխություններն ընդունվեն, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և 90-ից բարձր կենսաթոշակառուները նույնականացման գործընթացի համար ստիպված չեն լինի ամեն տարի գնալ բանկ: Օրենքի այս դրույթը հանվելու է. այսօր լրագրողներին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Տեղեկացրեց նաև, որ այն, ինչ այսօր արվում է բանկում, կարվի տանը՝ սոցիալական աշխատողների միջոցով:  

90 և բարձր տարիքի կենսաթոշակառուների համար կառավարությունը մի բարեփոխում էլ է մտածել. թոշակից բացի նրանց կտրվի հավելավճար: Որքա՞ն՝ դեռ հայտնի չէ:  Փոխնախարարի խոսքով՝   հավելումների հաշվարկման մեթոդաբանությունը կառավարությունը կհաստատի առանձին որոշմամբ: Ասաց՝ կուզեին, որ փոփոխությունը վերաբերեր ավելի շատ կենսաթոշակառուների, հավելավճար ստանային ոչ թե 90, այլ 80 տարեկանից սկսած, բայց գնում են բարեփոխման՝ փուլային ճանապարհով՝ օգնելով նախ առավել խոցելի խմբերին: «Սկսում ենք 90 և ավելի տարիք ունեցողներից, որովհետև պարզ է, որ 90-ից բարձր տարիքի անձանց մոտ խնդիրները շատ են՝ կապված դեղորայքի, տեղաշարժի հետ և այլն: Մոտ 11 հազար կենսաթոշակառու ունենք, որոնց վերաբերելու է այս փոփոխությունը: 80-ից բարձրին, իհարկե, կանդրադառնանք, սակայն, ինչպես նշեցի, գնում ենք փուլային տարբերակով: Ասեմ, որ նման հավելում տրամադրելու դրույթ դեռ չի եղել: Սա պիլոտային կարելի է անվանել»,-ասաց փոխնախարարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է վերանայել նաև հաշմանդամություն ունեցող երեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը:  Դավիթ Խաչատրյանը մանրամասնեց. «Երեխայի խնամքի մինչև տասը տարին էր համարվում կենսաթոշակը հաշվարկելիս, ներկայիս ռեֆորմով, ամբողջությամբ երեխայի մինչև չափահաս դառնալը, այդ տարիները կհաշվարկվեն կենսաթոշակային հաշվարկի մեջ»։

Օրենքը կունենա հետադարձ ուժ. կենսաթոշակառուները, որոնք մինչև թոշակի անցնելը խնամել են հաշմանդամություն ունեցող երեխա, վերանայման ու վերահաշվարկի արդյունքում կստանան գումարային տարբերությունը: Դա կարող է բերել կենսաթոշակի ավելացման՝ մինչև 11 հազար դրամ: Ըստ վիճակագրական տվյալների՝ այդպիսի կենսաթոշակառուները շուրջ  600-ն են:  

Գործադիրը մտածում է կարգավորել նաև 63 տարեկան այն անձանց կենսաթոշակի խնդիրը, որոնք եղել են դրսում ու համավարակի պատճառով չեն կարողացել վերադառնալ Հայաստան: Փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց՝ լուծման տարբերակները դեռ քննարկվում են. «Այո, ունենք այդպիսի խնդիր և ներկայումս, դա մեր քննարկման շրջանակներում  է գտնվում, և որոշակի լուծումներ կտրվի, որովհետև մեր քաղաքացիները, որոշակի հանգամանքներից ելնելով, չեն կարողանում վերադառնալ Հայաստան և թոշակը վերականգնել։ Առաջիկայում կհայտարարենք հնարավոր լուծման տարբերակների մասին»։

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ներկայացված են հանրային քննարկման: Կառավարությունը կամփոփի քննարկման արդյունքները, նախագծերը կուղարկի Ազգային ժողով: Նախատեսում են, որ առաջարկվող փոփոխությունները օրենքի ուժ կստանան արդեն երկրորդ կիսամյակում:

Կարդացեք նաև

Back to top button