
Կենդանիներից վախեցող մարդկանց համար թափառող շները շարունակում են խնդիր մնալ: Քաղաքապետարանի համապատասխան կառույցը հաճախ է ահազանգեր ստանում, թե գիշերները շները հաչում ու թույլ չեն տալիս քնել, ցերեկներն էլ նրանք վտանգավոր են, որովհետև կարող են անսպասելի հարձակվել: Գնալ ահազանգի հետքերով, գտնել շներին ու վնասազերծել. այսօր խնդրի լուծման միակ ճանապարհը ստերջացումն է։
Իննամյա Անիի ձեռքին խանութից դուրս գալիս մթերքով տոպրակ է եղել, շներն ակնկալիքով մոտեցել են, բայց ոչինչ չեն ստացել: Պատառոտել են աղջկա հագուստը, վնասել ոտքը։
«Խանութից դուրս եկա, խմբված շներ էին, մտածեցին, որ կերակրելու եմ, մոտեցան, բայց ես չէի ուզում կերակրել, և շներից մեկը տոպրակս քաշեց, ես փոձեցի պաշտպանվել, բայց նա տաբատս պատռեց, ոտքս էլ մի փոքր վնասեց»։
Մայրն ասում է՝ եթե երեխայի հետ չլիներ, կմտածեր, թե շանը հրահրել է:
Փողոցի շունը սովոր է, որ խանութից դուրս եկող մարդn իրեն կերակրի. կենդանասերներն են այդպես վարժեցրել: Նրանք ստերջացված շների հարձակումները պայմանավորում են եղանակով, քաղցով կամ մարդու ագրեսիվ պահվածքով:

Շներից տուժածները խնդիրը ակտիվորեն քննարկում են նաև համացանցում: Օրինակ, հարավ-արևմտյան թաղամասի մի բնակիչ հատկապես ծնողներին կոչ է անում հավաքվել ու լուծել թափառող շների հարցը: Գրում է. «Նրանք ամենուր են` դպրոցների, մուտքերի մոտ, այգիներում: Առանց պատճառի հարձակվում են մարդկանց վրա»:
Այս գրառմանը ֆեյսբուքում մեկ ժամում արձագանքել է հարյուրից ավելի օգտատեր։ Գյումրիի մի բնակիչ էլ գրել էր, թե ստերջացված շունը՝ ականջին՝ հատուկ նշան, ձագեր է ունեցել։
Չստերջացված շներ են շրջում Արտաշատի փողոցներում ևս: Տիկին Անահիտը պատմում է, որ շները հարձակվում են անցորդների վրա, սահմանափակում բնակիչների տեղաշարժը: Տիկնոջ դիտարկմամբ՝ քաղաքում հսկողություն չկա.

«Ես ունեմ հարազատներ, որոնք վաղ առավոտյան ժամը 7-ին աշխատանքի են գնում, և ասում են, որ պատահական հարձակվում են շները և չգիտեն ինչպես շրջանցեն Արտաշատի «Յունիբանկի» տարածքը և հիվանդանոցի փողոցը։ Գիշերային ժամերին շների ձայները անհանգստացնում են և սարսափելի վիճակ է։ Արտաշատի քաղաքապետարանն ասում է, որ օրենքը թույլ չի տալիս, մենք իրավասու չենք խնդրով զբաղվել»։
Հսկողության առումով՝ մայրաքաղաքում պատկերը համեմատաբար հուսադրող է: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում 2 տարում ստերջացվել, կատաղության դեմ պատվաստվել և կլիպսավորվել է 6000-ից ավելի շուն: Ավելի քան 120-ը հանձնվել են որդեգրության: Անցած շաբաթ թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն է տեղափոխվել 81 շուն։
Բնապահպան Սիլվա Ադամյանը սիրում է շներ, բայց կարծում է, որ թափառող շների խնդիրը լուծելիս չպետք է մտածել միայն մարդկանց, կամ միայն շների մասին: Ասում է՝ չի կարելի անտեսել թափառող շներից եկող վտանգը:
«Ինձ համար ընդունելի է քաղաքացիների բողոքները, որովհետև իմ շրջապատում էլ բոլորը գիտեն, որ ես զբաղվում եմ կենդանիների պաշտպանությամբ և առավոտյան երբ երեխաներին դպրոց են տանում, երեխաները ենթարկվում են հարձակման, սա մասսայական երևույթ է դարձել Երևան քաղաքի համար, և սրան պետք է լուծում գտնել»։
Կենդանասերն առաջարկում է ծայրամասերում տարածքներ հատկացնել թափառող կենդանիների պահման համար: Նկատում է, որ ոչ բոլոր թափառող շներն են ստերջացված, դրա հնարավորությունը Հայաստանը դեռ չունի, ավելին՝ ասում է, որ ստերջացումը հարցի լուծում չէ.
«Թափառող շանը վերցնել ստերջացնել և բաց թողնել փողոց՝ դա խնդրի լուծում չէ: Մենք հիմա կանգնած ենք լուրջ համաճարակային վիճակի առաջ։ Թափառող շները նպաստում են տարբեր վարակների տարածմանը։ Ամբողջ աշխարհն է ահազանգում խնդրին, իսկ մենք մտածում ենք ստերջացնել, գցել փողոց, ոչ նման կերպ համավարակի պայմաններում անել չի կարելի, հարցը չի լուծվի երբեք»։
Կենդանասերներն ասում են՝ պետք է պահպանել կենդանիների հետ համակեցության կանոնները, քանի որ քաղաքը նաև նրանց տունն է։ Հորդորում են թափառող կենդանիներին կերակրել, սիրել, ու նրանց միջոցով երեխաներին կարեկցել սովորեցնել: Ուշագրավ մի փաստ. թափառող շների մեծ մասը տնային կենդանիների սերունդ են, այսինքն՝ նաև մարդու անպատասխանատվության հետևանքով են չորքոտանիները փողոցներում շատանում:





