ԿարևորՀասարակություն

Մահակ բիզնեսի գլխի՞ն, թե ՞ թափանցիկ մրցակցություն. կառավարությունը բարեփոխում է օրենքը

79 կողմ, 32 դեմ ու 4 ձեռնպահ ձայնով խորհրդարանն մարտի 3-ին ընդունեց  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքում  փոփոխություններ առաջարկող կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Իշխանությունը հուսով է, որ այն բարելավելու է մրցակցային դաշտը և առավել արդյունավետ է դարձնելու  հակամրցակցային վարքագիծը։ Նոր օրենքով ապրանքների գների վերահսկման նպատակով նախատեսվում են շարունակական մշտադիտարկումներ: ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցություն ապահովելու գործառույթը վերապահվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։   Հանձնաժողովի որոշմամբ կտրվի ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու հնարավորություն:

Ազատ տնտեսական մրցակցության պաշտպանության բավարար երաշխիքներ ստեղծելու համար  օրենսդրական այլ փոփոխություններ էլ կկատարվեն։ Այդ մասին ամբիոնից հայտարարեց  ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը. «Օրենքն այսօր միայն տուգանքի առավելագույն շեմ է սահմանում։ Սա հնարավորություն է տալիս որոշ տնտեսվարողների խախտման արդյունքում ունենալ առավել մեծ շահույթ.  վճարելով տուգանքը՝ լինել  ձեռնտու վիճակում։ Այժմ առաջարկվող փոփոխություններով խախտման արդյունքում ձեռք բերված օգտուտները  չեն կարող դրանից նվազ լինել»։

Այսօր վարչական վարույթ հարուցվում է  դիմումի հիման վրա, և խախտման մեջ մեղադրվող տնտեսավարողին պարզ չի լինում, թե դիմումի շրջանակում ինչ մեղադրանք է իրեն առաջադրված: Երբեմն էլ պարզվում է, որ տնտեսվարողը խախտում չի արել, ու վարչական վարույթը կարճվում է: Առաջարկվող կարգավորումներով վարույթ հարուցելու որոշման մեջ հստակ կգրվի նորմը, որի շրջանակում մեղադրանքը պետք է քննարկվի։ ՏՄՊՊՀ-ն խոստանում է  անվճար խորհրդատվական եզրակացություն  տրամադրել այն տնտեսավարողներին, որոնք կասկածում են, որ իրենց գործողությունը կարող է մրցակցային խախտում պարունակել: Ներդրվում է նոր ինստիտուտ՝ եզրակացության տրամադրման ինստիտուտը։  Բիզնեսը կարող է նախապես դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ ստանալու կարծիք  կնքվող գործարքի կամ պայմանագրի վերաբերյալ: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը սա ներկայացրեց որպես բարելավող նորմ: Ասաց. «Դա անվճար է։ Հանձնաժողովը առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կպատասխանի։ Համակենտրոնացման հայտարարագրման կարգում կատարվել է փոփոխություն և ներդրվել է հեշտացված մեխանիզմ»։  

Փաթեթի առաջին ընթերցումից հետո գործարարներն ու պատգամավորները  քննարկումներ են անցկացրել և մինչև երկրորդ ընթերցում շուրջ 40 բովանդակային և տեխնիկական փոփոխություն ներկայացրել: Այսուհանդերձ, խորհրդարանական ընդդիմության գնահատմամբ՝ ՏՄՊՊՀ-ն ցանկանում է «մեծ մահակ ունենալ բիզնեսի գլխին»։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝  թեև  կատարված փոփոխություններով օրենքը մեկ քայլ առաջ է, բայց ՏՄՊՊՀ-ից սպասելիքները շատ ավելին են. «Արդար մրցակցություն ապահովելու համար արվող քայլերը բավարար չեն։ Գերադասելի է, որ 3 կամ 6 ամիսը մեկ հրապարակեք գերիշխող դիրք ունեցողների ցանկը և միջոցառումները, որոնք պետք է ուղղված լինեին այդ դիրքի չարաշահման կանխարգելմանը»,-ասաց պատգամավորը:  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ բիզնես հատվածի առանձնացրած երեք կարևոր հարցերից առաջինը վերաբերել է ՏՄՊՊՀ-ի միջամտությամբ տնտեսվարողների հաշիվներին կալանք դնելուն:  Երկրորդը վերաբերել է թեզին, թե ՏՄՊՊՀ-ն դառնում է ուժային կառույց, որին տրվում է շենքեր կապարակնքելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավունք։ Երրորդ առաջարկությունը, պատգամավորն ասաց՝ վերաբերում է ՏՄՊՊՀ-ի կողմից հայցվող տեղեկություններին. «Տնեսվարողները գտնում են, որ եթե պետական մարմինը կարող է ինֆորմացիան ստանալ մեկ այլ պետական մարմնից, ապա չպետք է այդ ինֆորմացիան պահանջի իրենցից՝ տնտեսվարողներից»։

Եթե վարչական վարույթի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի քայլերը հուշում են, որ նա պատրաստվում է չվճարել իրավախախտում  առաջացող տուգանքը, ապա գործող օրենսդրությամբ վարչական մարմինները կարող են կալանք դնել հաշիվների վրա։ Դա արդեն կար, և հանձնաժողովը նոր գործիքակազմով չէր օժտվում։ Իսկ կապարակնքումն ամբողջությամբ դուրս է եկել։ Իմքայլական պատգամավորն ասաց, որ նպատակ են ունեցել ոչ թե նոր գործիք ներդնելու, այլ օրենքում շտկումներ անելու: Մանրամասնեց.   «Իրավաբանների կարծիքով՝ ստուգումների մասով օրենքում կար շտկումների կարիք:  Երրորդ հարցը կապված էր տեղեկատվության տրամադրման հետ, ես հայտարարում եմ, որ այսօր էլ որևէ պետական մարմին, եթե  տնտեսվարող սուբյեկտը արդեն ներկայացրել է տեղեկատվությունը, որևէ այլ մարմին չի կարող նրանից դա նորից պահանջել»։ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ փոփոխությունները գործող օրենքից մի քանի քայլ առաջ են, բայց, հիշեցնում է՝  «չի լինում այնպես, որ բոլորը գոհ լինեն, և որևէ մեկը խնդիր չտեսնի»։ Կառավարությունն էլ խոստանում է շարունակել քննարկումները գործարարների հետ՝ օրենքի բացերը լրացնելու նպատակով:

Կարդացեք նաև

Back to top button