ԿարևորՀասարակություն

Բաղրամյան 19-ից Բաղրամյան 26, և հակառակը

Վարչապետի և կառավարության հրաժարականը պահանջող ԶՈՒ ԳՇ գեներալներին միացած ընդդիմությունը երեկվանից փակել է Բաղրամյան պողոտան։ Երեկվանից  հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի սեղանին է վարչապետի՝ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը։ Հիմնական զարգացումներն այսօր ծավալվել են  Բաղրամյան պողոտայում․  ոչ միայն փողոցում, այլև այդ փողոցում գտնվող շենքերում։  

Շատ հանդիպումներ, քիչ մանրամասներ

Բաղրամյան 19–ից Բաղրամյան 26 և հակառակը․ այս հասցեներում՝  Ազգային ժողովի  շենքում և նախագահի նստավայրում,  դռներն այսօր  շատ բացվեցին և փակվեցին, բայց ամեն ինչ մնաց փակ դռների հետևում։

Ստեղծված իրավիճակում ելքեր է փորձում գտնել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրա այսօրվա հանդիպումները Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, Ազգային ժողովի նախագահի, խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների, ինչպես նաև «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հետ էին:

Վերջին փակ հանդիպմանը մասնակացել են վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը և Հանրապետականից Վահրամ Բաղդասարյանը։ Հանդիպման բովանդակության փակագծերը բացեց Վանեցյանը․ «Խնդրեցինք նախագահին՝ որպես Սահմանադրության երաշխավոր, իր լիազորությունների շրջանակում հանգուցալուծել մեր երկրում ստեղծված այս արտառոց և աննորմալ վիճակը։ Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են դրանով։ Նախագահը մեզ տեղեկացրեց, որ ԳՇ պետից և ղեկավար կազմից փորձելու է պարզել պատճառները, որոնք  ԳՇ–ին դրդել են նման հայտարարության»։  

Չհաջողված 2 փորձ և 1 հնարավորություն

Երկրորդ օրն է՝ հրամանագիրը Արմեն Սարգսյանի սեղանին է։ Նաև երկրորդ օրն է՝ փորձ է արվում քաղաքական լարվածությունը փողոցից տեղափոխել Ազգային ժողով։ Թե փողոց փակելու, թե խնդիրների լուծումը խորհրդարանական հարթակ վերադարձնելու նախաձեռնությունները ընդդիմությանն են։ Երեկ ընդդիմադիրներին չհաջողվեց ԱԺ արտահերթ նիստ գումարել։ Դա չստացվեց նաև այսօր։ Ռազմական դրության չեղարկում և ստեղծված իրավիճակի քննարկում․ այս օրակարգով էին ընդդիմադիրները փորձում հրավիրել երկրորդ արտահերթ նիստը։  Ազգային ժողովի  ղեկավարությունը և մեծամասնությունը չմասնակցեցին խորհրդի նիստին, որը պետք է հաստատեր և ձևավորեր օրակարգը։

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մեկ այլ տարբերակ ընդդիմադիրները դեռ ունեն։ Բայց դա երկար ճանապարհ է՝ ասում է Էդմոն Մարուքյանը։ Խոսքը ընդդիմադիր խմբակցության իրավունքի մասին է՝ որևէ հարց հրատապ համարել և մտցնել ԱԺ–ի լիագումար նիստի օրակարգ։ Հաջորդ լիագումար նիստը հաջորդ շաբաթ է։

 «Դա կտևի ևս 6 օր։ Իսկ երկրում, ինչպես տեսնում եք, նյարդերն ու իրավիճակը պրկված են։ Պետք է քաղաքական քննարկում ունենանք։ Բայց քաղաքական քննարկումը ունենում է կողմեր, երբ կողմ չկա, ո՞ւմ հետ քննարկենք»,- ասում է Էդմոն Մարուքյանը։

Բանակցողները քիչ են, միջնորդները՝ շատ

Բանակցող կողմերը պատրաստ չեն, բայց միջնորդները շատ են։ Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր հայտարարել միջնորդ դառնալու պատրաստակամության մասին, այսօր ողջ օրվա ընթացքում Նախագահն էր հանդիպում տարբեր կողմերի հետ։ Խորհրդարանական ընդդիմությունից էլ  Էդմոն Մարուքյանն է պատրաստ միջնորդ դառնալ ոչ միայն իշխանություն–ընդդիմություն, այլև իշխանություն–գեներալներ բանակցություններին։

Բանակցությունների մասին չի խոսում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը․  «Բոլոր դեպքերում իշխանության վերջնական ձևավորումը տեղի է ունենալու արտահերթ ընտրությունների միջոցով։ Դա անհերքելի է։ Մյուս  բոլոր տեխնիկական հարցերը արդեն կքննարկենք։ Մենք միշտ ասել ենք և ասում ենք ՝ անելու ենք հնարավորն ու անհնարինը, որ չլինեն ընդհանուրմներ, բախումներ, իսկ միակ տարբերակը, որ դա չլինի, գործընթացները բերել նորմալ, հասկանալի դաշտ»։

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներից էր, որն այսօր գնացել էր խորհրդարան։ Բայց մինչ իր աշխատասենյակ հասնելը՝ենթարկվել էր հարձակման՝ Աժ–ի մոտ հավաքված խաղաղ ցուցարարներից մեկի կողմից։

 «Նա սկսեց ինձ հայհոյել և երբ սկսեցի ասել, որ դա ճիշտը չէ, շատ սովորական զրուցում էի, ինքը հասցրեց հարվածել։ Ես կարծում եմ, որ նման մարդիկ պետք է հստակ պատժվեն»,-ասել է Ասլանյանը։

Պատգամավորն արդեն դիմել է ոստիկանություն ՝ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին։ Արցախյան երեք պատերազմի մասնակից Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստացել է ընդամենը երկու ամիս առաջ:

Կարդացեք նաև

Back to top button