
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկնարկել է ճանաչողական այցերը արտադրական ձեռնարկություններ՝ մարզի արդյունաբերական պոտենցիալին, առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և մարզի գործարարներին աջակցելու հնարավորությունները քննարկելու նպատակով:
Ա. Խաչատրյանն այցելել է Վանաձորում գործող «ԳազԱրտ» արտադրամաս, ծանոթացել արտադրամասի գործունեությանը, աշխատանքի կազմակերպմանը:
«ԳազԱրտ»-ը զբաղվում է գազային ճնշակների արտադրությամբ, որոնք արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն: Ճնշակները հոսանք խնայող են, որակյալ և մատչելի:
«Ողջունելի և խրախուսելի է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի մարզի զարգացմանը, տնտեսական աճին և աշխատատեղեր կապահովի բնակիչների համար. «ԳազԱրտ»-ն այսօր աշխատանքով է ապահովում շուրջ 85 քաղաքացու: Վստահեցնում եմ՝ որպես մարզի ղեկավար՝ պատրաստ եմ աջակցելու հնարավոր բոլոր միջոցներով, ստեղծել կառուցողական ու մրցակցային դաշտ գործարար ոլորտի ներկայացուցիչների համար»,- ասել է մարզի ղեկավարը:
Առաջիկայում ևս մեկ արտադրամաս կշահագործվի՝ այս անգամ արդեն աշխատանքով ապահովելով մինչև 150 քաղաքացու:




