ԿարևորՄշակույթ

Կյանքից հեռացել է անվանի մանկագիր Սուրեն Մուրադյանը

90 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանը: Այս մասին Հանրային ռադիոյին հայտնել է Սուրեն Մուրադյանի թոռնուհին։

Սուրեն Մուրադյանն այն հազվագյուտ բանաստեղծներից է, ով ուղեկցում է ընթերցողին մանկությունից մինչև խոր ծերություն: Գրական երկար ճանապարհ անցած անվանի գրողն իր ողջ կյանքում աշխարհին նայեց մանկան ջինջ ու մաքուր հայացքով, իր կախարդական աշխարհում երեխաներին սովորեցնելով բարություն և ազնվություն:

Սուրեն Մուրադյանը մանկական, քնարական, երգիծական 130 ժողովածուների, 250-ից ավելի երգերի տեքստերի հեղինակ է: Ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տասնյակ լեզուներով, պիեսները բերմադրվել են Հայաստանի և նրա սահմաններից դուրս բազմաթիվ թատրոններում:            

Գրական երկարամյա վաստակի համար Սուրեն Մուրադյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու մրցանակներով:

Ես ողջ կյանքում ականջիս օղ արեցի՝

Ապրել շիտակ, սերմանել սեր, բարություն,

Ագահության ու չարի դեմ կռվեցի

Եվ ժպիտներ բաժանեցի միշտ մարդուն…

Սուրեն Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին` ժամը 18:00-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (թաղապետարանի հարևանությամբ), հուղարկավորությունը` դեկտեմբերի 29-ի՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

Կարդացեք նաև

Back to top button