
Կազմակերպել արտադրությունը՝ հնարավորինս շատ օգտագործելով տեղական հումքն ու ապրանքը։ Էրիկ Սարգսյանն այս սկզբունքը պահելով պատերազմի օրերին սկսեց բանակի համար վրաններ, կացարաններ, ջերմամեկուսիչ պանելներ արտադրել։ Փորձեցին նաև զրահաբաճկոններ արտադրել, սակայն հասկացան, որ նախ պետք է տեքստիլ արտադրություն կազմակերպել՝ արտադրական ծավալներ ունենալու համար։
Դեկտեմբերի 31–ից վեց ամսով Հայաստանն արգելում է թուրքական պատրաստի ապրանքների ներմուծումը։ Էրիկ Սարգսյանն ասում է, որ անհնար է արտադրական գործընթացը շատ արագ կազմակերպել ու լրացնել թուրքական արտադրանքի տեղը․
«Ոչ թե նրա համար, որ թուրքական ապրանքը լավն է, այլ՝ ներկրման եղանակներն են շատ տարբեր։ Օրինակ, Թուրքիայից սոսինձը ներկրում ենք մեկ շաբաթում, նրա պահպանման ժամկետը վեց ամիս է։ Եթե Չինաստանից ներկրենք, մեկ–երկու ամսում կհասնի, ժամանակը կորցնում է՝ եթե անգամ հաշվի առնենք, որ գալիս է անմիջապես գործարանից՝ ոչ թե պահեստավորված վայրից։ Իսկ առանց այդ բաքսիդների մենք չենք կարող ունենալ բաճկոններ, դրոններ»,- ասում է Սարգսյանը։
2019թ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 268,1 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը 2018 թվականի համեմատ 6․1 տոկոսով ավելի է։ Հայաստանի ներմուծման կշռում՝ թուրքական ապրանքները 5 տոկոս են կազմում։ Էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը Թուրքիայից ներկրվող հիմնական ապրանքային խմբերն է թվարկում։
Այդ երկրից ավելի շատ պատրաստի արտադրանք է ներկրվում․
«Հագուստ (69․4 մլն ԱՄՆ դոլար), ցիտրուսային պտուղներ (10․3 մլն ԱՄՆ դոլար), մեքենաներ, սարքավորումներ( 35․3 մլն ԱՄՆ դոլար), նավթ–նավթամթերք ( 24․3 մլն ԱՄՆ դոլար), քիմիայի ու դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք ( 23․6 մլն ԱՄՆ դոլար)։ Դիտարկելով Թուրքիայից ՀՀ ներմուծվող ապրանքատեսակների ցանկը՝ պարզ է դառնում, որ ներմուծվում է շուրջ 209 մլն ԱՄՆ դոլարի պատրաստի արտադրանք, մոտ 59 մլն ԱՄՆ դոլարի վերամշակման ենթակա ապրանքներ»,- ասում է Նաիրա Կարապետյանը։
Թուրքական հումքը հիմնականում օգտագործվում է հագուստի, պլաստմասսե ապրանքների արտադրանքի, քիմիայի ու դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի մեջ։
Քանի որ հումքի ներկրման արգելքը կարող էր խանգարել տեղական արտադրողներին, գործազրկության մակարդակի ավելացմանը նպաստել, ուստի այս փուլում արգելվում է միայն պատրաստի արտադրանքի ներկրումը։
Նաիրա Կարապետյանն ասում է, որ հետազոտությունները ցույց են տվել՝ նույն որակի ու տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարելի է ներմուծել ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ ու այլ երկրներից։ Ասվածը կոնկրետ օրինակներով է ներկայացնում։ Թուրքիայից Հայաստան ամենաշատը թեթև արդյունաբերական ապրանքներ ներկրվում․
«Կարելի է փոխարկել հետևյալ այլընտրանքային շուկաներով՝ Չինաստան, Վիետնամ, ԱՄԷ, ԵՄ երկրներ, ԱՄՆ, Իրան»։

Սա, թերևս, արդյունաբերության այն ճյուղն է, որը զարգացած է Հայաստանում, և համապատասխան ծրագրերի օգնությամբ հնարավոր կլինի երկարաժամկետ հատվածում ներմուծման կշիռը նվազեցնել։ Նաև՝ Հայաստան բերել հայտնի բրենդերի ներկայացուցչություններ։
Ներմուծման ծավալում տեսակարար մեծ կշիռ ունեն նաև լվացող ու մաքրող միջոցները։ Այստեղ էլ այլընտրանքային շուկաներ կան․
«Այս ապրանքների մասամբ այլընտրանքային շուկաներն են ՌԴ–ն, ԻԻՀ–ն, ԵՄ երկրները, Սերբիան, Ուկրաինան։ Հարկ է նշել, որ այս ապրանքները հիմնականում ներմուծվում են այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր, ուստի կարող են դրանք ներկրել զրոյական մաքսատուրքով»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։
Որպես այլընտրանքային երկրներ շինանյութի համար առաջարկվում է Չինաստանը, Իրանը, ԵՄ երկրներն ու ԱՄՆ–ն։ Օտարերկրյա ներդրումների պարագայում հնարավոր է դիտարկել նաև Հայաստանում արտադրություն հիմնելու նպատակահարմարությունը։ Կենցաղային տեխնիկայի ներկրման համար նույնպես էկոնոմիկայի նախարարությունում այլընտրանքային շուկաներ ոչ միայն գտել են, այլ նաև առաջարկում են․
«ՌԴ-ն, Չինաստանը, Կորեան։ Այս ապրանքների ուղղությամբ անհրաժեշտ է պարզապես աշխատանք տանել՝ նոր շուկաներ բացահայտելու և առևտրային կապեր ձևավորելու ուղղությամբ»։
Հայաստանի ՀՆԱ–ի կառուցվածքում լուրջ կշիռ ունեցող գյուղատնտեսական մթերքներ նույնպես ներկրվում է Թուրքիայից, ընդ որում՝ նաև խաղող ու տանձ։ Այստեղ նաև ցիտրուսային մրգերն են առաջատարը։
«Գյուղատնտեսական ապրանքներից օրինակ Թուրքիայից ներկրվում են կիտրոն, նուռ, տանձ, խաղող, լոլիկ։ Բնակլիմայական պայմաններից ելնելով՝ Հայաստանում հնարավոր չէ ցիտրուսային մրգերի արտադրություն կազմակերպել, ուստի անհրաժեշտ է դիտարկել այս ապրանքների այլընտրանքային շուկաներից ներմուծման հնարավորությունը։ Օրինակ՝ նարինջը, կիտրոնը, մանդարինը հնարավոր է ներկրել Վրաստանից, Եգիպտոսից, Իրանից, Հարավային Աֆրիկայից։ Լոլիկը հնարավոր է ներկրել Իրանից ու Վրաստան։ Սակայն այս ապրանքների ներկրումը սեզոնային բնույթ է կրում»,- նշում է Նաիրա Կարապետյանը։
ՊԵԿ-ից հիշեցնում են, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։
Օնլայն ապրանք պատվիրելիս՝ նույնպես պետք է ուշադիր լինել, որպեսզի դրանք թուրքական արտադրանք չլինեն։ Կես տարի հետո միայն պարզ կլինի, թե այս որոշումն ինչպես է անդրադարձել հայկական բիզնեսի վրա։




