
Բոլոր գերիներին անխտիր հետ ենք բերելու: Այսօր այս մասին ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արմավիրի մարզում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ։
Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատները նշում էին, որ զինծառայողը 70 օրից ավելի անհետ կորած է։ Նրանք հայտնեցին, որ ունեն որոշակի տեղեկություններ զինծառայողի գտնվելու վայրի հետ կապված։

Նախագահը վստահեցրեց, որ թեև այդ տարածքում որոնողական աշխատանքներ կատարվել են, բայց այսօրվանից դարձյալ քայլեր կձեռնարկեն տվյալ հատվածից զինծառայողներին գտնելու ուղղությամբ։ Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն էլ նշեց, որ եղբոր որդին կռվել է Իշխանաձորում, և այժմ անհետ կորած է համարվում։
«Աստված տա, գերի լինի»,-նշեց Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմում գտնվող բոլոր գերիներին անխտիր հետ են բերելու։
«Չեմ ասում ինչ ժամանակահատվածում։ Չեմ ասում ամբողջությամբ, որովհետև տեղ կարող է լինել, օրինակ, որ մի քիչ մեր պատկերացրած տեղը չի, որտեղ մենք փնտրում ենք, բայց առաջիկայում ուրիշ քայլեր ենք անելու, ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան մարմիններ, որպեսզի դուրս բերենք»,-նշեց նա։

ԱՀ նախագանհն այսօր այցելել էր Արմավիրի մարզ` 44-օրյա պատերազմում մարզի նահատակ հերոսների շիրիմներին այցելելու եւ հարգանքի տուրք մատուցելու։




