
Ազնարեն ոչ բժիշկ է, ոչ էլ կրակել գիտի։ Երևանից Ստեփանակերտ հեռավորությունը 340 կմ է, 5 ժամվա ճանապարհ։ Ազնարեն Ստեփանակերտ հասավ երկու օրում․ ավտոստոպով։
«Կես ճանապարհը հասա ոտքով, որովհետև անցակետերից երեք կիլոմետր շուտ էի իջնում, ոտքով անցնում էի անտառի միջով ու էլի շարունակում էի ճանապարհս, որովհետև եթե ինձ տեսնեին առանց ՊՆ–ի կողմից հաստատված թղթի՝ հաստատ չէին թողնի սահման անցնել»։
Ասում է՝ շատ բան է տեսել, բայց հիշել չի ուզում։ Դաժան ու ծանր էր։ Այդ ամենին գումարվեց նաև ընկերոջ՝ Սարգիսի կորուստը, որի հետ ապագայի ծրագրեր ունեին։ Մահվան մասին իմացել է նոյեմբերի երեքին։
«Հինգին իր թաղմանն եմ եղել ու էլի հետ եմ գնացել, որովհետև գիտակցում էի, որ իմ Սաքոն չկա, բայց ուրիշ լիքը սաքոներ այնտեղ ինձ են սպասում ու իմ կարիքը ունեն։ Դա ինձ ուժ տվեց։ Սկզբում մտածում էի պետք է գնամ զինվորական դառնամ, փորձեմ վրեժը լուծել, հողի համար պայքարել, որովհետև դա սովորական հող չի, բայց հետո հասկացա՝ ինչքան ներքին թշնամիներ ունենք ու դա ինչ–որ չափով ինձ դուխաթափ արեց»։

Ստեփանակերտի հոսպիտալում օգնում էր այն ամենով, ինչ ձեռքից գալիս էր։ Հրամանատարներն ուզում էին, որ մնա ծառայության։ Ասում է՝ վախ չկար, քանի որ կար գիտակցում, թե ուր է եկել։ Ամբողջ ընթացքում իր մոտ դանակ էր պահում, որ գերի ընկնելու դեպքում կյանքին վերջ տար։ Թեև վստահ է, որ ցանկացածը պետք է տիրապետի զենքին, բայց նաև ավելացնում է, որ աղջիկները բավականին զգայուն են առաջնագծի համար։
«Ես ինքս եղել եմ առաջնագծում, ես ինձ թույլ չեմ թողել, ինքս ձիգ եմ եղել, բայց լիքը բան եմ տեսել, որ ինձ թույլ է տալիս լինել այն կարծիքին, որ աղջկա տեղը առաջնագիծը չէ, աղջիկը չպետք է առաջնագծում լինի, աղջիկը պետք է թիկունքում լինի ու իր գործը թիկունքում անի, որովհետև ինքը բավականին զգացմունքային է առաջնագծի համար»։
Լիանան առաջին մասնագիտությամբ պարուհի է, երկրորդով՝ մարկետոլոգ, իսկ երրորդ մասնագիտությունը՝ «Ողջ մնալու արվեստը» ակումբում է ձեռք բերում։ Ազնարեի հետ խոսել եմ պատերազմից հետո, իսկ Լիանայի հետ պատերազմի ընթացքում։

«Պատերազմի մասին հասարակ քաղաքացիներս վերացական պատկերացումներ ունեինք։ Մենք իրավունք չունենք էգոիզմ ցուցաբերելու ու միայն մեր ասպարեզի մասնագետը լինելու։ Այո, պետք է մեր ասպարեզում լավագույնը լինենք, որ հայրենիքին ծառայենք, բայց դրա հետ միասին բոլորս պետք է որոշակի զինվորական պատրաստություն ունենանք, որ եթե անհրաժեշտությունը լինի՝ կարողանաս պաշտպանել քո տունը։ Բառացիորեն քո տունը, որովհետև Հայաստանի տասը մարզերից ինը գտնվում են սահմանային գոտում, իսկ դա նշանակում է, որ բոլորս մեր տան զինվորն ենք, հենց մեր տան»։
Լիանան ասում է՝ անկախ սեռից և տարիքից մենք պետք է պատրաստված լինենք, քանի դեռ մեր տարածաշրջանում հանգստությունը հարաբերական բառ է։ Համալսարանական ընկերոջ` Շանթ Նավոյանի մահը այն մեկնակետն էր, որից հետո համոզվեց՝ պետք է պատրաստ լինել։
«Կինը պետք է զենք բռնել իմանա, պետք է ինքնապաշտպանվել իմանա, որ անհրաժեշտության դեպքում լինի սահմանին։ Մենք հարաբերականորեն երեսուն տարի, իհարկե, իմացել ենք, որ պատերազմի մեջ ենք, բայց դա մեզնից միշտ հեռու է եղել, հատկապես նրանց համար, ովքեր ապրում են Երևանում կամ հեռու են սահմանագծից։ Մեզ համար պատերազմը ասոցացվել է նրա հետ, որ ամիսը մեկ զինվոր է զոհվել սահմանին»։

Լիանայի խոսքով՝ ցանկացած իրավիճակում պետք է ռեսուրսներդ ճիշտ գնահատես և ըստ այդմ շարժվես։ Օրինակ, երբ ինքը քովիդով էր վարակվել և ինքնամեկուսացել էր, սկսեց տեղեկատվական դաշտում օգտակար լինել․ լուրերը հայերենից ֆրանսերեն էր թարգմանում։
«Ես չեմ ասում, որ բոլորը պետք է գնան սահման։ Դա նույնպես սխալ է, որովհետև նույն այդ բարոյահոգեբանական առումով կարող է մարդ պատրաստ չէ և ընդհանրապես կարիք չկա, որ ինքը այնտեղ լինի։ Կարող է նա ուրիշ բանի հրաշալի մասնագետ է և թիկունքում է պետք։ Նույն սկզբունքով` անկախ նրանից տղամարդ է, թե` կին, մարդ պետք է կարողանա ռեալ օբյեկտիվ գնահատել իր ռեսուրսը, իր ունակությունները և ըստ դրա շարժվել։ Այսինքն, եթե ես ունեմ որևէ ֆիզիկական խնդիր ու ես կգնամ էնտեղ մի հատ գործողության ժամանակ կդառնամ բեռ իմ ընկերոջ համար, ավելի լավ ա ես չգնամ, որովհետև իրեն էլ եմ վտանգում ու, ոչ միայն իրեն, միգուցե ամբողջ ջոկատը»։
Նոր իրավիճակը նոր մարտահրավերներ է ստեղծել պետության համար։ Փոխակերպումները անհրաժեշտ են թթվածնի պես: Հայաստանի պետական սահմանը Ադրբեջանի հետ պատերազմից հետո երկարել է 410կմ-ով։ Օրեցօր փոփոխվող սահմանային իրավիճակում զենքն անգամ կնոջ ձեռքում խորթ չէ:




