ԿարևորՔաղաքական

Մեր տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը բացահայտ կերպով խաթարվել է․ ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Խորհրդի նիստի օրակարգում ներառված է եղել Հայաստան-Եվրամիություն գործընկերության հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական և ոլորտային երկխոսությանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին, Հայաստանի բարեփոխումների օրակարգին:

Գործընկերության խորհրդին անդրադարձ է կատարվել նաև COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանը և այդ ուղղությամբ ԵՄ կողմից Հայաստանի ջանքերին ցուցաբերվող աջակցությանը:

Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, էներգետիկ, կրթության և բնապահպանության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը հայկական պատվիրակության անդամները ներկայացրին իրենց իրավասության ոլորտում ՀՀ-ԵՄ գործընկերության հիմնական զարգացումները:

Իր ողջույնի խոսքում նախարար Այվազյանը նշել է. «ՀՀ և ԵՄ և իր անդամ երկրների հետ արժեքահեն գործընկերության հետագա ամրապնդումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ցավալիորեն մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքներն առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների և, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որի կայունությունը և անվտանգությունն բացահայտ կերպով խաթարվել են վերջերս Արցախի բնիկ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով»:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ընթացիկ փուլին՝ ԱԳ նախարարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի կողմից արդեն իսկ մշակվել է նաև ՀԸԳՀ այն դրույթների ճանապարհային քարտեզի նախագիծը, որոնք շուտով կմտնեն ուժի մեջ:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ և աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ:

ԱԳ նախարարը փաստել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և հետապնդել են արցախահայությանն իր բնօրրանից բնաջնջելու վերջնանպատակ, նոր վտանգավոր նախադեպեր են ստեղծել Եվրամիության Արևելյան հարևանության տարածքում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման համար:

Այս համատեքստում նախարարը մտահոգություն է հայտնել նաև Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից հազարավոր օտարերկրյա զինված ահաբեկիչների Ադրբեջան և ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման առնչությամբ՝ դրանով իսկ վերածելով ԵՄ Արևելյան հարևանության մի հատվածը միջազգային ահաբեկչության օջախի:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդծվել է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով դեռևս կյանքի չկոչված հիմնարար սկբունքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ԼՂ կարգավիճակի որոշման գործընթացում։

Կարդացեք նաև

Back to top button