ԿարևորՀասարակություն

«Կարմիր խաչ»- ը գրեթե ամեն օր տեսակցում է գերեվարված անձանց․ Զառա Ամատունի

Անունները տարբեր են, ճակատագրերը՝ նույնը․ անհետ կորած   զինծառայողների ծնողները 50 օրից ավելի է, ինչ լուր չունեն իրենց երեխաներից։

Էջմիածնի քիմիական զորամասի 34  զինծառայողի հարազատները համացանցից տեղեկացել են, որ նրանց  մի մասը գերեվարվել է, մյուսներից էլ լուր չունեն․ 

«50  օր ա ոչ մեկից տեղեկություն չունենք, հետ եկածներից  ոչ մեկի հետ չենք կարողանում խոսել։ Ոչ մեկի պետքը չի։ Խաբեցին, տարան մսաղացի դեմը։ Դե հիմա թող գոնե աղացած տան ինձ»։

Արդեն զորամասի տարածքում զինծառայողների հարազատների հետ հանդիպեց  քիմիական  գումարտակի  հրամանատար Արսեն Աբգարյանը։ Դրսում հանդիպել է զինծառայողների հարազատների հետ։

«Որպես քիմիական զորամասի հրամանատար, բոլոր խնդիրների մասին տեղյակ են եղել։ Ես զեկուցել եմ։ Ես ասում եմ, հրաման են տվել, կատարել եմ»։

 Անհետ կորած ու զոհված զինծառայողների մարմինները հիմնականում հարավային հատվածում են, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ որոնողական աշխատանքներն սկսվել են։

ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար  Զառա  Ամատունին «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ Կարմիր խաչի կոմիտեն շարունակում է աջակցել կողմերին՝ որոնողական աշխատանքների հարցում․

«Կարմիր խաչի կոմիտեն հիմնականում ներկա է գտնվում մարմինների արտահանձնմանը։ Մենք չենք մեկնաբանում, թե  որ ուղղություններում են աշխատանքներ կատարվում, այդ տեղեկատվությամբ իշխանություններն են կիսվում։ Բոլոր ուղղություններով և ամեն օր մենք մասնակցում ենք ու ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ ներկա ենք գտնվում երկու կողմերի միջև այդ աշխատանքների կատարման գործողություններում»։

Գերեվարված անձանց մասին տեղեկատվությունը ստացվում է բաց աղբյուրներից, հիմնականում` համացանցից։ Կարմիր խաչի ներկայացուծիչներն այս օրերին գրեթե  ամեն օր շարունակում են տեսակցել և ռազմագերիների, և քաղաքացիական անձանց հետ` ասում է Զառա Ամատունին՝

«Մեր իրավասությունների մեջ է մտնում տեսակցել անձանց, որոնց մասին մեզ իշխանությունները տեղեկացնում են, ստուգել իրենց պահման պայմանները,  իրենց հանդեպ վերաբերմունքը, առողջական վիճակը, օգնել, որպեսզի իրենց ու հարազատների միջև կապը հաստատվի։ Մենք այլ առաջարկներ ու հաղորդագրություններ, իհարկե, փոխանցում ենք, սակայն ներգրավված  չենք գերեվարված անձանց  վերադարձի  բանակցություններում։ Կողմերն են որոշում՝ երբ ու ինչպես կվերադարձնեն  պահվող անձանց»։

Մինչ կողմերը կորոշեն, թե երբ ու ինչպես վերադարձնեն  գերիներին՝ Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ» նոր զեկույցն են հրապարակել: Զեկույցը հիմնավորում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը: Այն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է:

Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի:  Զեկույցում   փաստերը ներկայացված են լուսանկարներով, առանձնացված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից մեջբերումներ։ Ընդ որում` դրանց մեծ մասը, ըստ զեկույցի, հրապարակվել են  պաշտոնական աղբյուրներում։

Նաև նշվում է, որ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, ատելության ու բռնության կոչ է անում երեխաների միջոցով, ինչն անթույլատրելի է։ Զեկույցում նաև շեշտված է, որ սեպտեմբեր–նոյեմբեր ամիսներին ռազմական հարձակումներն ուղեկցվել են  վայրագություններով։ Փաստաթուղթը կներկայացվի միջազգային մարմիններին:

Կարդացեք նաև

Back to top button