
Այն, որ բոլորս պատրաստվում ենք հաջորդ պատերազմին՝ գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ նաև, որ հաջորդ պատերազմում լրացված պետք է լինեն բոլոր այն բացերը, որոնք նկատեցինք այս մեկի ընթացքում։ Անհանգստացած են ոչ միայն կազմակերպությունները, անհատները, այլև դպրոցականները, որոնք եւս ցանկանում են իրենց լուման ունենալ՝ հաջորդ պատերազմում զինված ու մարտունակ բանակով հաղթանակ տանելու հարցում:
«Օնլայն միջոցառում էինք կազմակերպել, ասմունքի երեկո էր՝ երաժշտական համարներով համալրված, որի ընթացքում, երբ մարդիկ դիտում էին, հաշվեհամարներին գումար էին փոխանցում, ինչն էլ փոխանցել ենք «Արմաթ» լաբորատորիայի նախաձեռնած ԱԹՍ-ներով վերազինվելու նախագծին»,- պատմում է Տաթևիկ Իսրայելյանը:
Ախթալան սահմանամերձ քաղաք չէ, սակայն դա չի խանգարում, որ այնտեղ սովորող դպրոցականները չմտածեն հաջորդ պատերազմի մասին։ Տաթևիկ Իսրայելյանը, որը նաև ստեղծագործում է, հասկացավ, որ գրիչը նույնպես կարող է ծառայել որպես զենք և նախաձեռնեց՝ «Գրիչը մեր զենքն է» խորագիրը կրող համերգ-դրամահավաքը, ասում է սկզբում ոգևորությունը շատ չէր, իսկ հետո․
«Երբ իմացան մարդիկ, որ մենք մշակույթն ու արվեստը կապում ենք ավելի իրական գաղափարների հետ, ինչպիսին զենքի ստեղծումն է, ոգևորությունը մեծացավ, և թիմով ու հանդիսատեսի միջոցով կարողացանք կյանքի կոչել այդ գաղափարը»։
Տաթևիկի խոսքով՝ այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ․
«Ախթալայում «Արմաթ» լաբորոտորիան ստեղծվել է 2018 թվականին և հենց առաջին իսկ օրից այցելում եմ։ «Արմաթն» իմ կյանքում շատ բան է փոխել և ես ինքս էլ ուզեցա իմ ներդրումն ունենալ «Արմաթի» կողմից նախաձեռնած այդ կարևոր գործում»,- պատմում է Տաթևիկը:
Նախաձեռնության գաղափարի մասին նա առաջինը իր մայրիկին՝ Հասմիկ Իսրայելյանին է պատմել, որի խոսքով՝ Տաթևիկն ունի բնագիտական ուղղվածություն, բայց նաև ստեղծագործում է և որոշել է համատեղել այդ երկուսը․
«Ֆեյսբուքում հայտարարություն գրեցինք, որ այսպիսի գաղափար կա, որպեսզի ստեղծագործող ընկերները, երիտասարդները միանան և հետաքրքիրն այն էր, որ արձագանքողներից ոչ մեկը Արմաթի հետ կապ չուներ, ուղղակի հասկացել էին, որ կարևոր գործ է, հարկավոր է աջակցել գրչի միջոցով»։
Հասմիկ Իսրայելյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է, ասում է, որ այս տեխնոլոգիական դարում շատ է կարևորում այնպիսի առարկաների լավ իմացությունը, ինչպիսին են ինֆորմատիկան, բնագիտական առարկաները և այլն։
«Արմաթ» լաբորատորիաների ղեկավարի՝ Կարեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնություններին հետևում ենք, շատ ցավում եմ, որ նա այլևս մեզ հետ չէ։ Բայց ամեն ինչ արվում է, որպեսզի նրա գործը կիսատ չմնա, անգամ նրա հոգեհանգստին ընտանիքի անդամներն ասացին, որ ծաղկեպսակի գումարը ևս փոխանցենք «Արմաթի» հաշվեհամարներին։ ԱԹՍ-ներով վերազինվելու գաղափարը նրանն էր, և այսօր «Արմաթն» ունի այդ գիտելիքի ներուժը, մնում է ֆինանսական միջոցների հարցը լուծել, որին էլ փորձում ենք աջակցել բոլորով»:
Հաջորդ պատերազմում գրանցված հաղթանակները լինելու են, որովհետև դրանք գրանցելու գիտակցումը արդեն կա անգամ դպրոցականների մոտ։




