
Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես համարում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են ՀՀ ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճապազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցող անհնազանդության ակցիաներին։
«Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար մեկ տարով։ Եվ չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Այսինքն՝ վերցնում են ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունքը։ Դա թերևս զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը։
Հեղափոխությունից հետո շատ ու շատ էլիտաներ կորցրել են իրենց հնարավորությունները՝ գումար աշխատելու, կոչումներ ստանալու։ Եվ այսօր, տեսնելով, որ իրավիճակը բարդ է, տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ չի բացառում, որ կարող է հիմա արտահերթ ընտրություն լինել։ Հարցին, թե ինչու այդ դեպքում այդ մասին չեն հայտարարում, նա այսպես է պատասխանել․ «Դրա հետ կապված որոշում չկա, ես որպես անձ՝ ասում եմ․ չեմ բացառում»։
«Կարող է դուք ուզում եք, որ վարչապետը լինի Էդմոն Մարուքյանը։ Եթե խոսում են ժողովրդի անունից, ժողովրդի անունից ագրեսիա են տարածում, թող ասեն՝ հարգելի ժողովուրդ, եկեք նոր ընտրություններ կազմակերպենք։ Այստեղ կարևորը հետևյալն է՝ ՀՀ ժողովուրդը պետք է որոշի, ոչ թե էլիտաները։
Ես չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ, երբ մենք հասկանանք, որ իրոք արդեն բոլոր պրոցեսներն ավարտված են, ռազմագերիների հարցերը լուծված են, երբ մարդկանց մոտ հուզմունքը կվերածվի սառը դատողության, կլինեն արտահերթ ընտրություններ։ Ես համարում եմ, որ եթե հիմա էլ ընտրություն լինի, իշխող ուժը նորից կհաղթի»,- հավելել է Սիմոնյանը։




