
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:
Այս մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել․
«Այսօր այցելել եմ Մարտունի քաղաք: Շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ ծանոթացել եմ պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ:
Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել եմ ընդլայնված խորհրդակցություն:
Իմ խոսքում ընդգծել եմ, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրների լուծումը»:




