
Մեծ դահլիճում ենք, մի սրահից մյուսն ենք անցնում մահճակալների շարքերի արանքով․․․ պատմությունները նույնն են ու միաժամանակ այնքան տարբեր, որքան ծաղկավոր ու գույնզգույն անկողինները։ Մի քանիսը հանգստանում են, քնած մարդիկ էլ կան, իսկ մի անկյունում՝ «բանակցային սեղանի» շուրջ, ռազմաճակատից նոր վերադարձածները քննարկում են․․․
«Մեր զինվորները կռվել են մինչև վերջ, բայց ինչ կարող էին անել եթե Թուրքիան մեզանից մի քանի անգամ ավելի ուժեղ է ինչպքան կարողացել են»,– ասում է Ասկերանից Վիգեն Ասրյանը․ 30 տարվա մանկավարժ է։
Նա և մյուս արցախցիները հիմա Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխվածների համար ստեղծված առաջնային կայանման կետում են՝ Ներսիսյան 14-ում։ Քննարկումը պարբերաբար ընդհատվում է ռադիոյի ձայնով․ լուրերի ժամն է մեծ դահլիճում փոքրիկ ռադիոն են լսում։ Քաղաքական ու ռազմակա քննարկումներից զատ ՝Վիգեն պապին հիմա ամենաշատը երեխաների կրթության հարցն է մտահոգում։

«Չորս օր է այստեղ եմ բայց արդեն հասցրել եմ երեխաների հետ մաթեմատիկա ու ֆիզիկա պարապել։ Ես ուզում եմ հավաքել արցախցի բոլոր երեխաներին և նրանց հետ հնարավորությանս սահմաններում պարապել․ ախր դասերից շատ են հետ ընկել»,– ասում է Վիգեն Ասրյանը։
Արցախցի մանկավարժն ասում է․ համագյուղացիներով որոշել են գնալ Ստեփանակերտ ու տեղում հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչ է լինելու իրենց ու իրենց ընտանիքների հետ։ Նրանցից շատերը տեղյակ չեն, թե տարիների քրտինքով ստեղծած տներից ինչ է մնացել, բայց մի բան միանշանակ է։
«Մենք բոլորս շատ ենք ուզում վերադառնալ Արցախ, բայց, կարծում եմ, այս պահին այդքան էլ ճիշտ չէ ընտանիքներին տեղափոխելը։ Հիմա Ադրբեջանի վարձկանները գտնվում են մեր գյուղերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ դա ապահով չէ։ Բացի այդ ովքեր որ կորցրել ե իրենց տները, ո՞ւր են գնալու, որտե՞ղ են ապրելու, իրենց Հայաստանում են տուն տալու, թե Արցախում․ սրանք բոլորը շատ կարևոր հարցեր են, որ ժամանակի ընթացքում պետք է լուծել»,– ասում է մեր արցախցի զրուցակիցը։

Արցախցի Վիգեն պապի բարձրացրած հարցերի մասին արդեն շուրջ մեկ շաբաթ քննարկումները շարունակվում են։ Նախօրեին ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք հաշվառված են Արցախում: Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի ծրագրի շահառու: Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։ Աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից: Դիմում հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով: Վարչապետը նոյեմբերի 13-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել էր, որ կառավարության համար առաջնային խնդիր է, որ արցախցիները աջակցությունը ստանան Արցախում: «Այսինքն, դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու գործընթացին»,– ասել էր վարչապետը:
«Խոսք են տվել ինչ–որ դրամական աջակցություն տրամադրել․ գոնե մարդիկ մի կերպ ինչ–որ հարցեր կլուծեն դրանով։ Բայց դա չնչին բան է, այն դեպքում, երբ 1000-ավոր մարդիկ իրենց տունն են կորցրել»,– ասում է արցախցի Վիգեն Ասրյանը։
Թե այս պահին Հայաստանում քանի արցախցի է ապրում, հնարավոր չէ ստույգ ասել, բացի դրանից՝ թվերը հրապարակման ենթակա չէն, ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։ Նախարարությունն այս օրերին թեժ գծի միջոցով ստացել է հարյուրավոր զանգեր ամենատարբեր խնդիրների վերաբերյալ, բայց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվում է Արցախից տեղափոխվածներին կացարաններ տրամադրելու խնդրով։

«Արցախից մեր հայրենակիցների հոսքը դեպի Հայաստան չի դադարում, և բնականաբար կան մարդիկ, որոնք կեցավայր չունեն։ Մենք մարդկանց առաջարկում, հորդորում ենք գնալ Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխվածների համար ստեղծված առաջնային կայանման կետ՝ Ներսիսյան 14/1, հանգստանալ, գիշերել, սնվել մինչև տեղում կլուծվի նրանց ժամանակավոր կացարանի հարցը, և իրենք կտեղափոխվեն»,– ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։
Այս ընթացքում նախարարությունում ստեղծվել է կոորդինացիոն կենտրոն, կացարանային բանկ, որտեղ հավաքագրվում են մասնավոր հատվածից առաջարկվող կացարանները, ինչպես նաև՝ ընդհանուր պահանջարկը։
«Այս պահին Կառավարությունը քննարկվում է մասնավոր սեկտորում աշխատող մեր գործընկերների կողմից արցախցիներին տրամադրված կացարանների՝ հյուրատների, հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը, որպեսի վերջիններս կարողանան շարունակել առանց խնդիրների աշխատել»,– ասում է Սոնա Մարտիրոսյանը։
Նախարարությունը կազմակերպել է նաև Արցախի տուն–ինտերնատներից տարեցների և գիշերօթիկ հաստատություններից երեխաների տեղափոխությունը Հայաստան։ Տարեցները նախարարության համակարգում գործող տուն–ինտերնատներում են, իսկ փոքրիկներին տեղավորել են ՍՕՍ մանկական գյուղերի տարածքներում․․․ Արցախցի տարեցներն ու երեխաները կմնան այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում ապրելու պայմանները չեն վերականգնվել՝ ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

Մենք դեռ մեծ դահլիճում ենք, մի սրահից մյուսն ենք անցնում մահճակալների շարքերի արանքով․․․ Տիկին Սեվիլը Մարտակերտից է, արդեն 2 օր է ժամանակավոր կացարանում է։ Ասում է՝ ինքն ու ամուսինը Հայաստանում մի քիչ էլ կմնան մինչև հասկանան, թե ինչ են անելու։
«Հետ գնալու հնարավորություն չունենք․ մեր տունը չկա․․․ գնանք որտե՞ղ ապրենք, ես ու ամուսինս մնացել ենք շիվարած։ Տեսնենք ինչ կլինի մեզ հետ, հուսահատված ենք շատ, չնայած ես ժպտում եմ, բայց սա իսկական ժպիտ չի․ սիրտս լցված է․․․»,– ասում է Մարտակերտից Սեվիլ Հարությունյանը։
Լցված սրտով, թաց աչքերով բայց ժպիտով տիկին Սեվիլը պատմում է իր վնասվածքների մասին։ Վստահ է՝ դրանք շուտ կլավանան․ շտապ օգնությունից հրաժարվել է․ ամոթ է, Մարտակերտից եկել հասել է, որ բժիշկներին անհանգստացնի՞։
«Աստված պահապան մեր զինվորներին։ Եթե մեր զինվորները չլինեին մենք այսօր ողջ չէինք լինի»,– ասում է տիկին Սեվիլը։
Դահլիճում ենք, պատմությունները նույնն էին ու միաժամանակ այնքան տարբեր։ Մի քանիսը հանգստանում են, քնած մարդիկ էլ կան, իսկ անկյունի «բանակցային սեղանից» վաղը կամ մյուս օրը մի մասը կտեղափոխվի մեկ ուրիշ ժամանակավոր կացարան, իսկ մյուսները, տղամարդիկ Վիգեն պապի հետ Ստեփանակերտ կգնան՝ իրենց տան ու պատմության հետքերով։




