ԿարևորՔաղաքական

Ինչ է դրված զոհասեղանին․ պատերազմի ներքաղաքական «գինը»

Երկրորդ օրն է, ինչ Հայաստանում շարունակվում է բողոքի ալիքը՝ հրադադարի ստորագրված փաստաթղթի հետ կապված։ Տասը ձերբակալված, բազմաթիվ բերման ենթարկվածներ, մեկ օրում միանգամից երկու հանրահավաք մեկ ժամ տարբերությամբ տարբեր քաղաքական ուժերի կողմից կազմակերպված։ Ընդդիմադիր ուժերի մի մասը պնդում է, որ ստորագրված փաստաթղթի վերանայման հնարավորություն կա, միջնորդ՝ Ռուսաստանի կողմից այլ ազդակներ են գալիս։

Այս ամենի ֆոնին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական խորհրդակցությունների շարք է սկսել կուսակցությունների հետ։ Բազմաթիվ հանդիպումներ արդեն ունեցել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նա հանդիպել է այսօր առավոտյան։ «Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ։ Հրապարակվել է հանդիպումից երկու նկար։

Մինչ Հայաստանի ներքաղաքական դաշտում ընդդիմադիր կուսակցությունների մի մասը ընդվզում է և պնդում հրադադարի փաստաթղթի վերանայման անհրաժեշտության մասին, համաձայնության միջնորդ Ռուսաստանից եկող ազդակները փաստում են՝ նա ձեռքը պահում է զարկերակի վրա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատում է՝ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինքը այսօր առավոտյան` Զոհրաբ Մնացականյանի հետ։ Փաստաթղթի կետերի չկատարման նախադրյալներ ռուսական կողմը չի տեսնում։

«Սերգեյ Լավրովի մոտ այն համոզմունքն է, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր ամբողջ պատասխանատվությունը և թե ինչ համաձայնության տակ է ստորագրել։ Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ փաստաթղթի ամբողջականությունը կպահպանվի և կիրագործվի։ Մոսկվայում տեսնում են, թե ինչ դժգոհության ալիք է բարձրացել Երևանում։

«Մենք տեսնում ենք՝ որքանով է ընդդիմությունը փորձում շահարկել իրավիճակը»,– ձևակերպեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ նրանց շարքերում կան նաև անկեղծ մարդիկ, որոնց համար վիրավորական է այս փուլի լուծումը։

Միաժամանակ Ռուսաստանը Երևանում տեսնում է նաև բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք գիտակցում են իրողությունները և ճիշտ հետևություններ են անում։

Երկրորդ օրն է, ինչ քաղաքական դժգոհությունները Հայաստանում չեն հանդարտվում։ Պահպանվող ռազմական դրության պայմաններում կազմակերպվում են հանրահավաքներ, երթեր, ասուլիսներ, հայտարարություններ։ Երեկվանից արդեն 10–ը ընդդիմադիր ձերբակալվել է՝ հիմնականում կուսակցությունների ղեկավարները, կան նոր բերման ենթարկվածներ։ Ընդդիմադիրները պնդում են՝ ամեն ինչ կորցված չէ, կարելի է նոր լուծումներ գտնել։ Մեկ հստակ պահանջ են ներկայացնում, բայց խնդրի լուծման հետագա քայլերի հստակեցում դեռ չկա։ 17 կուսակցությունների դաշինքից լսենք դաշնակցական Լիլիթ Գալստյանին և ԲՀԿ–ից պատգամավոր Իվետա Տոնոյանին․

Լիլիթ Գալստյան  – ՀՅԴ «Կան քաղաքական ուժեր, կան մարդիկ, կան քաղաքացիներ, պրոֆեսիոնալներ, որոնք ի վիճակի են այն բոլոր ձախողումները, որ դուք պարտադրեցիք մեզ քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում, ռազմական դաշտում, մենք կկարողանանք այդ ձախողումները խմբագրել։ Գնացեք սահուն, գնացեք առանց բախումների։ Մենք բախումներ չենք ուզում։ Մեր նպատակը հայրենիքի փրկությունն է»։

Իվետա Տոնոյան – ԲՀԿ «Ես հիմա ակնկալում եմ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներից որպեսզի անվանական բոլորը հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածված հաղորդագրության տակ, որպեսզի մենք հասկանանք, թե ովքեր են այն Աժ պատգամավորները, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ միասին, հավասարապես կիսում են Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը»։     

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին այդպես էլ չհաջողվեց նոյեմբերի 11–ի գիշերվանից առ այս պահը գումարել ԱԺ արտահերթ նիստ։ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավորները չեն արձագանքում կոչերին և հորդորներին ու չեն գնում Աժ շենք։ Խորհրդարանի մեծամասնությունը երեկ հայտարարություն տարածեց։ Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկել է ընդդիմությանը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի մի քանի հայտարարություն անել.

«1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,

2. Կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,

3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը»:

«Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը», — ասված է իշխանական խմբակցության հայտարարությունում:

Իշխանական առնվազն 3 պատգամավոր հայտարարել է, որ տեղյակ չէ իրենց անունից տարածված հայտարարությանը։

Կոնկրետ այս հայտարարությանը՝ հակադարձ հայտարարությամբ քաղաքական ուժերից արձագանքել է Հայ ազգային կոնգրեսը։ Հայտարարությունում անգամ օգտագործվում է «աններելի հանցանք» ձևակերպումը։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության համոզմամբ՝ խորհրդարանական մեծամասնության հայտարարությունը «միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում»։ «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իբրև-թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում»,- շեշտում է Հայ ազգային կոնգրեսը:

Ինչպես է իշխանությունը արձագանքելու ներքաղաքական անհանգիստ վիճակին՝ հարցի պատասխանը կար վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձում։

«Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին։ Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցները շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն։ Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին»։

Ներքաղաքական լարված իրավիճակում վերլուծաբաններն իրենց հերթին փորձում են հասկանալ ստորագրված փաստաթղթերի չկատարման վտանգները։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանն օրինակ՝ ուշադրություն է հրավիրում մի քանի դրվագի վրա։ Նախ՝ Ադրբեջանում կան դժգոհություններ և հարց․ եթե հեշտ առաջ էին գնում ինչու կանգնեցվեցին։ Ամենակարևորը այն է, թե ինչու է Իրանը կրկին հյուսիսում համալրում իր զորքերը, իսկ ԵՄ–ն Թուրքիային սպառնում խիստ պատամիջոցներով, եթե վերջինս շարունակի դրդել Ադրբեջամին նոր պատերազմի։ «Ինչու՞ եթե զինադադար է»,– ՖԲ–ում գրառմամբ հարցնում է վերլուծաբանը՝  համախմբման կոչ անելով՝ դատավճիռները հետո կայացնելու խնդրանքով։

Կարդացեք նաև

Back to top button