ԿարևորՄշակույթ

Արցախը Նախիջևան չի դառնա

Ոչ այնքան հեռավոր 2005 թվականին թափվեցին Ջուղայի վերջին արցունքները։ Քաղաքի հայկական գերեզմանոցն իր հազարավոր խաչքարերի հետ ոչնչացվեց ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ՝  Ադրբեջանի կառավարության հրամանով, իսկ ՀՀ կողմից արված կոչերն ու ահազանգերն այն ժամանակ անօգուտ էին․ Ջուղայի գերեզմանոցի տարածքը վերածվեց հրաձգարանի։ 

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում իրականացված Սպիտակ ջարդի համար բառացիորեն ոչ ոք պատասխան չտվեց։ Ռադիոլուրի հետ զրույցում ԻԿՕՄ-Հայաստան ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը նշեց, որ հնարավոր ամեն բան պետք է անել, որպեսզի ոչ մի պարագայում նույնը տեղի չունենա Արցախում.

 «Այս պահին փորձում ենք գտնել միջազգային իրավական հիմքեր, որով Արցախի հանձնվող տարածքներում առկա մշակութային կոթողները կկարողանանք պաշտպանել: Իկոմ Հայաստանը, Յունեսկօ-ն և բազմաթիվ մշակութային կառույցների ներկայացուցիչների հետ այս պահին շատ լուրջ կոնսուլտացիաների փուլում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի՞ միջազգային լծակներ կարելի է օգտագործել, որպեսզի միջազգային հանրության ներգրավմամբ կանխարգելենք վանդալիզմը, հաշվի առնելով մեր թշնամու կերպարը և ատելությունը»։

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձնի Քելբաջարի շրջանը, որտեղ գտնվում է IV-XVII դարերում կառուցված Թադևոս առաքյալի աշակերտ սուրբ Դադիի անունը կրող Դադիվանք վանական համալիրը, որի վանահայր և Քարվաճառ շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վանական համալիրի խաչքարերն ու զանգերը Հայաստան է բերում։ Ռադիոլուրի հետ զրույցում տեր Ասողիկ քահանան նշել էր, որ այսօր Էջմիածնում խորհրդակցություն է տեղի ունենալու՝ Արցախի մշակութային կոթողների ապագայի վերաբերյալ։ Խորհրդակցության մանրամասները կհայտնենք քիչ ուշ։

Իսկ ահա հարաբերական Խաղաղությունը երկու հարցականների միջև է, մի կողմից Արցախի հանձնվող շրջաններիր շուրջ 60 եկեղեցիների ապագան է, մյուս կողմից ռուս խաղաղապահների չհստակեցված գործառույթները։ Ինչպես ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է հայտնում՝ տարածաշրջանում խաղաղապահների կողմից մշակութային ու կրոնական վայրերի պահպանության մասին խոսք չի եղել։

Կարդացեք նաև

Back to top button