ԿարևորՔաղաքական

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի քվեարկությանը «Բարեւ Երեւան»-ը չմասնակցեց

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Օրենսդրության համաձայն, այսօր տեղի է ունեցել Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը: Երևանի ավագաու 65 անդամից նիստին ներկա է եղել 64 անդամ, բացակայել է միայն «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը: Կանոնադրության համաձայն, սկզբում Երևանի ավագանու անդրանիկ նիստը վարել է ավագանու տարեց անդամը՝ Աստղիկ Գևորգյանը, հետո արդեն այն շարունակել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Վերջինիս շնորհավորել են ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների անդամները, «Բարև Երևան»-ը ոչ միայն չի շնորհավորել Տարոն Մարգարյանին, այլ նաև որևէ քվերակության չի մասնակցել: Խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ «Բարև Երևան» դաշինքը չի մասնակցում քվերակություններին, որովհետև կեղծված ընտրությունների արդյունքով, կեղծված օրենքով ձևավորված ավագանին չի համապատասխանում հասարակական տրամադրություններին:

Չնայած օրը ոչ աշխատանքային է, սակայն, Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը, որին սկզբում ներկա էր 63 անդամ, բացակա էին երկուսը՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Հրանտ Թոխատյանն ու «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում գտնվող Ստյոպա Սաֆարյանը: Հրանտ Թոխատյանը գործընկերներին միացավ ուշացումով: Այսպիսով, Երևանի ավագանու 65 անդամից առաջին նիստին ներկա էր 64 անդամ: Երևանի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը սկսվեց Երևանի օրհներգով: Մինչ կընտրվեր Երևանի քաղաքապետը, կանոնադրության համաձայն, Երևանի ավագանու առաջին նիստը վարում էր Երևանի ավագանու տարեց անդամը՝ Աստղիկ Գևորգյանը: Հենց նա էլ հայտարարեց, որ ՀՀ ԿԸՀ 2013թ մայիսի 12-ի որոշմամբ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել ԲՀԿ ընտրական ցուցակից Երևանի ավագաու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքից՝ Երևանի ավագանու վեց անդամ և ՀՀԿ ընտրական ցուցակից Երևանի ավագանու 42 անդամ:

«Հիմք ընդունելով, որ երևանի ավագանու ընտրությունների արդյունքով ՀՀԿ-ն ստացել է ավագանու տեղերի հիսուն տոկոսից ավելին, «Երևան քաղաքում ՏԻՄ մասին » ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան, ՀՀԿ թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Տարոն Անդրանիկի Մարգարյանը օրենքի ուժով համարվում է ընտրված Երևանի քաղաքապետ»:

Աստղիկ Գևորգյանի հայտարարությունը ծափերով և հոտնկայս ողջունեցին Երևանի ավագանու ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների անդամները միայն: «Բարև Երևան» վեց անդամներից և ոչ մեկը չշնորհավորեց նորընտիր քաղաքապետին: Երևանի ավագանու ՀՀԿ խմկաբցության ղեկավար ընտրվեց Սուրեն Մկրտչյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը, «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը Անահիտ Բախշյանն է: Ողջույնի իր խոսքում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունեց «Բարև Երևան» դաշինքի մուտքը Երևանի ավագանի, բոլորին մաղթեց արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Երևանի և երևանցու: «Ծրագրերը տարբեր են, նպատակները՝ ընդհանուր»,- ասաց Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնրոհակալություն հայտնեց այն երևանիցներից, ովքեր վստահել և իրենց քվեն տվել են հենց ՀՀԿ-ին:

«Վստահեցնում եմ, որ երևանցու հույսերն անպայման արդարացնելու ենք: Առաջիկա տարիներին մեր կարևորագույն նպատակներից մեկը քաղաքային իշխանություն-երևանցի հետադարձ կապի, ինչպես նաև քաղաքային իշխանության նկատմամբ երևանցիների վստահության առավել ամրապնդումն է: Համոզված եմ, որ փոխվստահության մթնոլորտը, կառավարման նոր մշակույթը և քաղաքապետարանի աշխատանքներն ավելի տեսանելի կդարձնեն, ավելի լավ, ավելի համրարավետ քաղաք ունենալու»:

Երևանի նորընտիր քաղաքապետին շնորհավորեց նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը, ով առանձնակի կարևորեց Երևանի նոր իշախնության աշխատանքը: Խոստումների շրջանն ավարտվել է, և մենք մտնում ենք գործելու շրջան»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ վստահեցնելով, որ խմբակցությունում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում շուրջ հարյուր հազար երևանցիների վստահության քվենեին:

«Ես ուզում եմ ասել, որ ԲՀԿ-ի համար կարևոր է կառուցողական համագործակցությունը: Առանց այս հիմական սկզբունքի մենք ոչ մի արդյունքի չենք հասնի»:

«Բարև Երևան» խմբակցության անդամները, ինչպես արդեն նշեցիք, ոչ միայն չշնորհավորեցին նորընտիր քաղաքապետին, այլ նաև որևէ քվերակության չմասնակցեցին: Այսօր «Բարև Երևան» խմբակցությունն անգամ օրակարգի ձևավորմանը չկարողացավ մասնակցել:

Երևանի ավագանու չորս հանձնաժողովներից երեքի նախագահները ՀՀԿ խմբակցությունից էին, մեկը՝ ԲՀԿ-ից: «Բարև Երևան» խմբակցությունն այստեղ նույնպես որևէ կերպ ներկայացված չէր: Հանձնաժողովների նախագահների ու տեղակալների քվերակություններին չմասնակցելը «Բարև, Երևան» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանն այսպես պարզաբանեց.«Հայտարարում եմ, որ «Բարև Երևան» դաշինքը չի մասնակցում քվերակություններին, որովհետև կեղծված ընտրությունների արդյունքով, կեղծված օրենքով ձևավորված ավագանին չի համապատասխանում հասարակական տրամադրություններին: «Պարոն Մարտիրոսյան, ձեր իրավունքն է քվերակություններին կմասնակցեք, թե ոչ»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Արդեն նիստից հետո «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց իր՝ ավագանու նիստի ընթացքում արված հայտարարությունը, որ ընտրությունները կեղվծել են, իսկ այն, որ այսօր քվերակություններին չմասնակցեցին, բոլորովին էլ չի նշանակում, որ հաջորդ նիստերին ևս այդ ավադույթը շարունակվելու է:

«Այն որոշումները, որոնք ի շահ քաղաքացիների կլինեն, ինչպես խորհրդարանում է եղել, մենք կողմ կքվերակենք, բայց, եթե տեսնենք այստեղ որոշումներ են ընդունվում, որոնք քաղաքաշինական, էկոլոգիական խնդիրներ են առաջացնելու, յուրացումների մեծ դաշտ են ապահեվլու ինչպես մինչև հիմա է եղել, բնականաբար այդպիսի որոշումներին մենք ամենախիստ ձևով ընդդիմանալու ենք»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորմալ ընդունեց այն, որ «Բարև Երևանը» քվերակություններին չմասնակցեց: «Չմասնակցելն իրենց իրավունքն է, բայց եթե նկատեցիք աշխատանքները նորմալ ընթացան, 59-ը մասնակցեցին և լիովին ապահովեցին բոլոր այն հարցերը, որոնք օրակարգում կային»,-ասաց Երևանի նորընտիր քաղաքապետը: Տարոն Մարգարյանը հանդիսավոր պայմաններում կերդվի հունիսի 11-ին ժամը 11-ին՝ հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ: Ի դեպ, «Բարև Երևան» խմբակցությունը դեռ չի որոշել կմասնակցի քաղաքապետի երդմանը, թե ոչ:

Կարդացեք նաև

Back to top button