ԿարևորՀասարակություն

Սփյուռքը ավտոերթերով՝ անկախության պահանջով

Հայերի բողոքի քարտեզն ընդլայնվում է։ Աշխարհի տարբեր ծայրերում մեկ ամսից ավել անդադար հնչող հայերի ձայնն այս անգամ լսվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղ գտած հրավեր–կոչից մեկ օր անց Ստոկհոլմի փողոցներում եռագույնի տեղատարափ է։ Մոտ 1000 ավտոմեքենա միացել է ավտոերթին։

Ակցիայի մասնակիցները հստակ ուղերձ ունեն՝ «Ճանաչե՛ք Արցախի անկախությունը», «Դատապարտե՛ք Արցախի դեմ կիրառվող թուրք–ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան»։ Խոսում են ոչ թե մարդիկ, այլ մեքենաներին փակցված պաստառները։

Ակցիայի մասնակիցները մինչ ավտոերթի մեկնարկը հասցրել էին նաև նախապես պատրաստված քաղցրավենիք, թեյ ու սուրճ վաճառել, որի արդյունքում մոտ 65 000 կրոն գումար էր հավաքվել։ Գումարի հասցեատերը՝  «Հայաստան» համահայկական  հիմնադրամ։

Վերջին օրերին ակտիվ է նաև Բրազիլիան, ուր պարբերաբար իրականացվում են բազմամարդ խաղաղ բողոքի ակցիաներ, իրազեկող ցույցեր։ Դրանց մասին պատմում է Բրազիլիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վարդինե Բոհջալյան-Քալայջյանը.

«Ունեինք 150-200 մասնակից Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Կարողացանք գեղեցիկ ցույց կազմակարպել 2-3 օրում։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ մեր մշակույթը ողջ է, այն չեն կարող ոչնչացնել։ Փորձում ենք միշտ մեր ցույցերը այնպես կազմակերպել, որ ագրեսիա ցույց չտանք։ Միշտ ասում ենք, որ մենք հաղթելու ենք մեր մշակույթով և փաստում ենք, որ նրանց ծրագիրը չի ստացվի»

Ինչպես Շվեդիայում, այնպես էլ Բրազիլիայում կազմակերպվել է նաև ավտոերթ, որին նախատեսվող 150-ի փոխարեն մասնակցել է շուրջ 450 ավտոմեքենա։ Հայերի ցույցերից անպակաս երգն ու պարը հնչել է նաև Բրազիլիայում, արդեն ավանդական դարձած կոչերը՝ ևս։

Սփյուռքի մեր հայրենակիցները միայն ակցիաներով չեն սահմանափակվում։ Նրանց մշտական ուշադրության կենտրոնում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը` «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքով։

«Երբ այստեղ՝ Գլենդելում կամ Լոս Անջելոսում շրջեք, կտեսնեք, որ ամեն տեղ մեր երեխեքը, ջահելները դրամահավաք են իրականացնում»․ ամերիկահայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն է։

Ինքն էլ ոգևորված հիմնադրամին օգնելու գաղափարով վաճառքի է հանել իր բոլոր պատրաստի նկարները, վաճառել դրանցից 12–ը ու ստացած հասույթը՝ 33 հազար դոլարը, փոխանցել հիմնադրամին. «Շատ եմ ուզում, որ սա լինի ազդակ, ոչ միայն նկարիչներին, արվեստի մարդկանց, այլ էն մարդկանց, որոնք հնարավորությունը ունեն»։

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ անցկացվող դրամահավաքի շրջանակներում արդեն հատել են 2 մլն. դոլարի շեմը։

Իսկ Փարեն արքեպիսկոպոս Ավետիքյանը տարիներ առաջ ԱՄՆ–ում իր ստեղծած անձեռնմխելի կապիտալով հիմնադրամից ավելի քան 38 միլիոն դրամ է փոխանցել։

Ակտիվ են նաև ռուսաստանաբնակները։ Ջավախքի Դամալա գյուղի մեր հայրենակիցները, որոնք այժմ Ռուսաստանում են, արդեն երրորդ անգամ են փոխանցում կատարել, այս անգամ՝ 60 հազար դոլար։

Ցույցերից, դրամահավաքներից, քայլերթերից ու ավտոերթերից անդին այս ամենի մեջ սփյուռքահայերը մեկ կարևոր նպատակ են դնում՝ ցույց տալ իրականությունը, ամբողջ աշխարհին տեղեկացնել, որ Արցախին աններելի դժվարություն է բաժին հասել, իսկ դժվարության պահին հայերը միաբան են ավելի, քան` երբեք։

 «Հայերս քիչ ենք, բայց հիմա ավելի, քան երբևէ, մեր ուժը ցույց ենք տալիս մեր միությամբ։ Նայում եմ, ասում եմ՝ մենք կանք, և ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել»։


Կարդացեք նաև

Back to top button