
Արցախցի ամենափոքր գործարար անունով արդեն հայտնի Բորիսը 14 տարեկան է: Եղբոր և մոր հետ եկել է Երևան և հորաքրոջ խորհրդով բացել է ինտերնետ խանութ։ Բորիսն ասում է, որ երբ եկան Երևան, հասկացավ, որ ժամանակն է գումար աշխատելու և փոխարինելու հորը, ով մարտի դաշտում է, տղայի բիզնեսից տեղյակ և միաժամանակ անսահման հպարտ։ Բորիսը խանութի համար ապրանքներ ընտրելու շատ պարզ բանաձև է գտել․
«Ղարաբաղում գումար էի հավաքել, որպեսզի նոթբուք գնեի, երբ եկանք Երևան, որոշեցի ինտերնետ խանութ բացել։ Ինձ հորաքույրս է օգնում, ապրանքները գնելիս նայում եմ, եթե ինձ դուր է գալիս ու ես կգնեի նմանատիպ մի բան, ուրեմն ուրիշներն էլ կգնեն»։
Բորիսի մայրը՝ տիկին Լուսինեն ասում է, որ գործարարի ջիղը տղայի մեջ նկատել էր դեռ վաղուց, սակայն ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ․

«Մի բարի մարդ խոստացել էր մեզ համակարգիչ և սեղան նվիրել, սեղանն արդեն ուղարկել է, երբ համակարգիչն էլ լինի, արդեն ես էլ կօգնեմ Բորիսին։ Բորիսի հայրը մարտի դաշտում է, շատ է հպարտանում, որ տղան այսքան մեծացել է և օգնում է մայրիկին, եղբորը»։
Արցախի տունը կանգնուն է, թե ավիրված, ոչ Բորիսը գիտի, ոչ էլ տիկին Լուսինեն, միայն հստակ մի բան գիտեն, որ անպայման վերադառնալու են՝ իրենց հաղթանակած հողում ապրելու համար։




