ԿարևորՄիջազգային

Զսպել «նոր հիտլերների» հավակնությունները․ բողոքի ակցիաները շարունակվում են

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Չգիտեմ՝ ինչու է այդպես․․․

Ստրասբուրգում զբոսնողները դժվար թե հասկացան՝ ինչու է իրենց քաղաքում հավաքված այս մի քանի հազար մարդու ծնկները ծալվում կամ այտերը այրվում։ Բայց մի բան հաստատ հասկացան՝ «Հայաստան», «Արցախ» վանկարկող այս մարդիկ գիտեն ու ուզում են, որ իրենք էլ իմանան՝ Էրդաղանը տեռորիստ է, Ալիևը տեռորիստ է։

Եթե քարտեզի վրա նշենք աշխարհի բոլոր այն կարևոր կառույցերը, որոնց առաջ հայերը վերջին 25 օրերի ընթացքում ցույցեր են արել, ազատ տեղ գուցե չմնա։ Այսօր այդ ցանկին ավելացավ նաև Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Հայաստանից մի քանի դիմում է ուղղվել այս կառույց, որոնք քննության փուլում են։

 «Այսօր մեր երիկիրը գտվում է ծայրահեղ իրավիճակում մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան, Եվրոպան և ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը։  Մեծ բան չենք ուզում՝ խաղաղություն ենք ուզում, չենք ուզում կոտորածներ, սպանություններ, պատերազմներ։ Բավական է։ Ուզում ենք ազատ ապրել»։

Ստրասբուրգում եղանակը անձրևոտ է։ Ամբողջովին թրջված հայերը գլխավերևում ոչ թե անձրևանոց, այլ եռագույն են պահել, ոչ թե չթրջվելու, այլ աշխարհին ցույց տալու համար։ Դրոշները բարձր ծածանելով էլ երգում են՝ «Հայեր, միացեք»։

Մոտ 4000 կմ դեպի հարավ–արևելք՝ Երևանում, նույն ազգի կողմից նույն նպատակով նույն երգն է հնչում։

Երևանի հայերը միացել են ԱՄՆ դեսպանատան առաջ։ Ամերիկայից Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ հստակ դիրքորոշում են պահանջում․

«Դուրս եկեք և ասեք, թե ձեզ դուր է գալիս, որ սահմանին կատարվող ռազմական հանցագործությունները ոչ մի պատժի չեն արժանանում, որովհետև պատժիչ կողմը դուք եք և դուք այսօր լուռ եք։ Դուրս եկեք և մեզ բացատրեք ձեր լռության պատճառը»։

«Ես ուսուցիչ եմ, իմ աշակերտներից 2–ը երեկ դաժանորեն սպանվել են։ 19 տարեկան ուսանողներ, որ ունեին երազանքներ, որ պիտի դառնային արժանապատիվ քաղաքացիներ։ Դուք հիմա այդպիսի երեխաների սպանդ եք թույլ տալիս»։

Ակցիայի մասնակիցները շատ հարցեր ունեն․ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը չի փոխում իր ձեռագիրը, ի՞նչ է մտածում Ամերիկան Արցախի ինքնորոշման հարցի շուրջ, ինչու՞ է փորձում հաճոյանալ Թուրքիային։ Եվ բոլոր հարցերը անխուսափելիորեն հանգում են նույն կետին․

«Թուրքաիային հաճոյանալու քաղաքականությամբ արդյո՞ք չի խախտվում նրանց հիմնարար սկզբունքները, որոնցից մեկն է «ոչ մեկը չպիտի անտեսվի» այսօր Արցախում անտեսվում է 150.000 մարդ»։

«Հավակնոտ բռնապետերին պետք են միայն տարածքներ, հավակնոտ հիտլերներն ուզում են միայն նոր տարածքներ՝ իրականացնելու իրենց կեղտոտ պանթուրքական ծրագրերը»։

Մինչ դեսպանից պատասխան ստանալը մասնակիցները շարունակեցին ներկայացնել սահմանին տիրող իրավիճակը՝ մեկ առ մեկ շեշտելով մարդու իրավունքների խախտման դեպքերը, արտահայտելով իրենց բողոքը կոչերով, հորդորներով, խնդրաքներով, անգամ երգով ու բանաստեղծությամբ։

Դեսպանատնից տեղեկացրին, որ ակցիայի մասնակիցների բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանան․ ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների  հանդիպումից հետո դեսպանատունը հանդես կգա հայտարարությամբ։

Կարդացեք նաև

Back to top button