
Ի զեն․․․ կոչին բուռն արձագանքեցին առաջին իսկ վայրկյանից, թե՛ զենք վերցնելով, թե՛ թիկունքն ամուր պահելով․ ողջ հայությունը դարձավ մեկ բռունցք՝ հանուն կյանքի։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասում է, սա քաղաքակրթությունների պայքար է, բարու և չարի պայքար է։
«Հնի և նորի, մարդկայինի և անմարդկայինի բախում է։ Մեր քաղաքակրթութունները և թյուրքական քաղաքակրթութունը անհաշտ և անհամերաշխ են, իրար հետ ապրելու ի վիճակի չեն, պատմությունն ու ժամանակը դա են փաստում։ Այս խոսքերս թող ռասիզմ չթվան, մենք ենք հարձակման ենթակա, ոչ թե մենք չենք հանդուրժում իրենց գոյությունը, այլ իրենք չեն հանդուրժում մեր ներկայությունը»։

Հայաստանի և Արցախի ղեկավարների ամեն մի կոչին ոգևորության նոր ալիքով են զինվորագրվում անկախ տարիքից, սեռից ու պաշտոնից։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու իրենց թիմակիցները զինվորագրվել են, սպասում են իրենց հերթին։
Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը մի քանի օրով էր ռազմաճակատից վերադարձել։ Առաջին իսկ օրից 35 կամավորով էին մեկնել, 5-ն անմահացան։ Նախքան նոր խմբով առաջնագիծ կմեկնեին, «Ռադիոլուրը» հասցրեց զրուցել Ռոմանի, Ռուսաստանից հանուն հայրենիքի վերադարձած Իգար Անտոնյանի ու մյուս խիզախ հայորդիների հետ։ Նրանք ասում են` հույսին ու հավատքին փոխարինեց վրեժը։
«Ես այսօր գիշեր եմ եկել, նորից հետ պետք է գնամ։ Գյուղից արդեն 60 հոգի ենք»։
Մի փոքր գյուղից՝ Բասենից, 60 հոգով ռազմաճակատում հանուն հայրենիքի սխրանքներ են գործում։ Կամավորագրման ցուցակներն ավելանում է նաև Շիրակի մարզի բուհերում։ Շիրակի պետական համալսարանի ուսանողներից շատերն են ռազմաճակատ մեկնել, աշխատակիցներից շատերն էլ զինկոմիսարիտում զինվորագրվել՝ իրենց հերթին էին սպասում։ Վերջին մարտակոչին՝ Շիրակի պետական համալսարանում նոր ցուցակներ կազմվեցին։
ՇՊՀ պրոռեկտորի պաշտոնակատար Նազելի Ավետիսյան.

«Վարչապետի ուղերձից հետո մարդկանց մեջ նորից արթնացել է ցանկությունը, և այս պահին կա ինքնաբուխ ցանկություն ձևավորել ջոկատ»։
Գիտության, կրթության, մշակույթի և հոգևոր օժախներում հայն այս օրենին գրիչն ու խաչը սրի է վերածել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասում է` դարեր շարունակ գոյատևել ենք, որովհետև գիտենք խաչը սրի վերածել, և թող սարսափեն սրի վերածված խաչի ցասումից։
«Անշուշտ ավելի սարսափելի է, որովհետև Աստված ընդ մեզ է։ Զոհվել չկա տղերք, արդեն հաղթում ենք, «հաղթելու ենք»- ը պետք է դառնա «հաղթում ենք» և «ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵՑԻՆՔ»։




