
Հրամանատարական դիտակետից դիտարկվում է նշանակետը, տվյայները փոխանցվում են կրակային դիրք, հաշվարկվում են կրակային դիրքի ու նշանակետի միջև եղած հեռավորությունը և ըստ դրա էլ․․․Պատրաստ-ուշադիր-կրակ:
Սա պատմություն է առանց պատմության գլխավոր հերոսների։ Նրանք ավելի կարևոր գործով են զբաղվում՝ կռվի դաշտում հաշվարկում են, կրակում ու կերտում մեր նորագույն ազգային պատմությունը։
«Ես չգիտեի էլ, որ էսօր հրետանավորի օրն է, Էդգարից եմ իմացել։ Հենց արթնացել եմ, զանգել է․ Իրոք էսօր իմ լույսը բարի էր։ Էդ արտահայտությունից հետո ես ու մաման իրար շնորհավորեցինք»։
Արիստակեսյանների ընտանեկան օրացույցում այսօր նոր տոն է ավելացել․ հոկտեմբերի 19՝ հրթիռահրետանային զորքերի օր։
Կրտսեր զավակը՝ Էդգարը, հայրենիքին է ծառայում Արցախում։ Հրետանավոր է։ Օրվա ու այս պատմության հերոսներից մեկը։ Հաղթանակով վերադառնալուց հետո նրա հետ դեռ կզրուցենք, իսկ մինչ այդ զրուցակիցս քույրն է՝ Էլինան։

«Ես մինչև էս չգիտեի՝ որ զենքն է հրետանին, կամ ինչ է նշանակում հրետանավոր լինելը։ Հիմա արդեն գիտեմ նաև, թե ինչ է նշանակում հրետանավորի քույր լինել։ Էդ ամենա–ամենա զգացողությունն է, չեմ կարող ուղղակի բառերով նկարագրել՝ ինչքան հպարտություն ես զգում»։
Նախնադարյան պատերազմների ժամանակ կիրառվում էին տարբեր նետող հարմարանքներ։ Հավանաբար դեռ այն ժամանակ էր հաղթողը լինում նա, ով ավելի ուժեղ մի բան ավելի դիպուկ ու ճշգրիտ էր նետում։ Այսօր կարծես շատ բան չի փոխվել։ «Պատերազմի աստվածներ» անունը կրում են հենց հրթիռահրետանավորները։
Հայաստանում այս զորքերի կազմավորումը տեղի է ունեցել 28 տարի առաջ՝ 92 թվականի հենց այս օրը։ Այսօր էլ ավելի կատարելագործված շարունակում են իրենց գործունեությունը, իսկ գրանցած արդյունքներին ծանոթանում ենք ամեն օր։

«Ես էդգարի հետ խոսեցուց չեմ հարցնում՝ էդտեղ վիճակը ոնց ա․ գիտեմ, որ լարված ա, բոլորս էլ կարդում ենք, տեղեկացված ենք։ Ես փորձում եմ ավելի նեյտրալ բաներից խոսել իր հետ, բարի բաներից խոսել, հոգու հետ խաղալ»։
Էլինային, նրա ծնողներին, բարեկամներին, այս օրերին առաջնագծում գտնվող հրետանավորների ընտանիքների բոլոր անդամներին հետաքրքրող հարցերը շատ են։ Բայց սպասում են։ Սպասում են Հայաստանի ու այս պատմության գլխավոր հերոսներին։ Էլինան, օրինակ, հարցերի շտեմարան է կազմել․ վստահ է՝ եղբայրը գալու է ու բոլորին հերթով պատասխանի։ Փորձում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հարցն է, որ ամենաշատն է իրեն հետաքրքրում․
«Չէ՞ր վախենում ինքը էդ զենքը կիրառելուց։ Չէ՞ր վախենում հրետանավոր լինելուց։ Չէ՞ր վախենում զինվոր լինելու։ Ու առհասարակ պատերազմն ի՞նչ ա 21–րդ դարում»։

Արիստակեսյանների ընտանիքում այսօր տոն է․ Էդգարի վերադարձի, այս հարցերի պատասխանները ստանալու օրը էլ ավելի մեծ տոն է լինելու։ Մինչ այդ Էլինան խոստանում է՝ չի մոռանա օրվա խորհուրդը․
«Ամեն տարի էս օրը ես իրեն նվեր եմ առնելու, մենակ ողջ–առողջ հետ գա, բան չի մնացել՝ 7 ամիս ընդամենը, ես խոստանում եմ ու էս ձայնագրությունն էլ որ ինքը լսի՝ հենց նվեր չգնեմ իրեն, թող երեսով տա․․․»
Մենք այս ձայնագրությունը պահում ենք, Էդգարին այն օգտագրոծելու լիարժեք իրավուք տալիս ու ասում՝ Էլինան ամենամյա նվերը համազգային մասնշտաբներով է խոստացել, դու միայն ողջ–առողջ հետ վերադարձիր։
Դու՛ք միայն ողջ–առողջ հետ վերադարձեք։




