
Այսօր Հայ մամուլի օրն է
Դեռ 10-15 տարի առաջ կար մտահոգություն, որ տպագիր մամուլը կվերանա, բայց հայերեն առաջին պարբերականի կամ այլ կերպ ասած առաջնեկ «Ազդարարի» սերունդները հասել են կորոնավիրուսի թվարկություն։ Ջավխքցի Էթերի տատիկը պատմում է, որ դպրոցական տարիներին ամեն շաբաթ սպասում էր, թե շրջանի նորությունների մասին պատմող «Արշալույս» թերթը երբ է իրենց գյուղի տուն հասնելու․

«Ես համացանցից օգտվել չգիտեմ ու չեմ էլ սիրում, թերթ կարդալը, գիրք կարդալը մարզում է ուղեղը»։
Անկախության պատմություն հաղորդման հեղինակ Միքայել Յալանուզյանի խոսքերի կենդանի ապացույցն Էթերի տատիկն է և այն բոլոր թերթերը, որոնք շարունակում են մինչ օրս լինել․

«Կան մարդիկ ովքեր դեռ նախընտրում են կարդալ նորությունները տպագրված տարբերակով, թեպետ դեռ 10-15 տարի առաջ կանխատեսումներ էին անում, որ թերթը կվերանա և կարդացողներ չեն լինի»։
Ամիսներ անց Ազգը՝ Հայաստանի առաջին անկախ օրաթերթը կդառնա 30 տարեկան։ Թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն ասում է, որ տպագիր մամուլի հանդեպ անտարբերություն կա, բայց միայն մեղադրել ընթերցողին սխալ է, թերթերը պետք է կարողանան գտնել հետաքրքիր լինելու տարբերակներ․

«Այսօր, ըստ վիճակագրության, ամբողջ աշխարհում մամուլի դեմ դատական հայցերի 80 % -ից ավելին տպագիր մամուլի դեմ է, սա մտածելու տեղիք է տալիս։ Այսօր անտարբերություն կա թերթի նկատմամբ, բայց մենք էլ պետք է գտնենք ձևեր հետաքրքիր լինելու համար, այսօր չես կարող ուղղակի սև ու սպիտակ թերթ տպել և ակնկալել, որ դա կկարդան»։
Գինդ տպարանի տնօրեն Կարեն Ավետյանի կարծիքով թերթը ապրում է իր կյանքի վերջին տարիները, տպաքանակը քիչ է, վերադարձը շատ, բայց անգամ այդ վերադարձված թերթերի թիվը բավարար չէ վերամշակման հանձնելու համար․

«Առաջ մինիմալ տպաքանակը 10 հազար օրինակն էր, իսկ այսօր 1000 – ից քիչ է։ Այսօր կարելի է ասել, որ թերթ գոյություն չունի, որովհետև 800-900 տպաքանակը դա թիվ չէ, ընդ որում, երբ վերադարձները այդքան շատ են»։
«Արցախյան ազատամարտի օրերին ինտերնետ չկար, էներգետիկ ճգնաժամով պայմանավորված հեռուստացույցով էլ էին լուրեր քիչ հեռարձակում, այդ պատճառով թերթը մեծ պահանջարկ ուներ և հիմնական աղբյուրն էր ժողորվդի համար տեղեկություն ստանալու, թերթերը օվա կտրվածքով շատ մեծ տպաքանակով արագ սպառվում էին» Միքայել Յալանուզյան

Թերթ գնելու համար մարդիկ կրպակների առաջ հերթ էին կանգնում, այսօր, Հանրային Ռադիոյի կողքին գտնվող հայ մամուլի փոքրիկ կրպակի վաճառող տիկին Ալետան խոստովանում է, որ ստացած թերթերը վաղուց ինքն էլ չի կարդում, գրանցել է ֆեյսբուքում և նորություններին ծանոթանում է այնտեղից․
«Առաջ, երբ համացանցում գրանցված չէի, ես էլ էի շատ կարդում, բայց հիմա հետ եմ վարժվում, ժողորվդի մոտ էլ է այդպես, հիմնականում թերթ չեն գնում, ավելի շատ խաչբառներ։ Թերթերը մնում են, հետ ենք վերադարձնում»։

«Մեր տպագիր մամուլը շուրջ 200 տարվա պատմություն ունի, աշխարհի տարբեր ծայրերում հրատարակվել է, քանի որ ունենք հայկական համայնքներ, իսկ ահա ապագան տպագիր մամուլի կարծում եմ առանց թերթի էլեկտրոնային տարբերակի, հնարավոր չէ պատկերացնել» Միքայել Յալանուզյան

Թեպետ տիկին Ալետան թերթ չի կարդում, բայց թերթերը, թերթի կրպակը և թերթ վաճառող լինելու պահանջարկը կա: Տպագիր մամուլը շարունակում է ապրել։ Հաղթանակը հենց ապրելու մեջ է։




