ԿարևորՔաղաքական

Թուրքիան պետք է դուրս բերվի Հարավային Կովկասից․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական ագրեսիան, քանի որ ինքն է սանձազերծել՝ նախապես պլանավորելով այն,  «Ռոսիա1»  հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։ Լայնամասշտաբ ռազմական գործողությունների առանձնահատկությունը, ըստ Փաշինյանի, գործընթացում Թուրքիայի փաստացի ներգրավվածությունն է, ինչի ապացույցը թուրքական կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցումն է։

Թուրքիան առիթներ  է փնտրում հակամարտության մեջ ավելի լայն ներգրավվածություն ունենալու համար՝ ասել է վարչապետը և մանրամասնել․ «Օգոստոսից թուրքական զորամիավորումները Ադրբեջանում համատեղ զորավարժություններ են իրականացնում, և այս պատերազմն այդ զորավարժությունների շարունակությունն է»։

Միջազգային հանրությունը, ըստ վարչապետի, պետք է ոչ միայն դատապարտի թուրք–ադրբեջանական ագրեսիան,  այլև գործնական ջանքեր գործադրի Թուրքիային Հարավային Կովկասից դուրս բերելու համար։ Այդ երկրի ռազմական ներկայությունը  հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության մեծացման՝ ասել է Փաշինյանը։

Հարցին, թե ինչ ձևաչափով կարող են  շարունակվել բանակցությունները կամ կարող են շարունակվել, թե ոչ, Փաշինյանը պատասխանել է, որ բանակցությունների մասին հնարավոր չէ խոսել այն մթնոլորտում, երբ ռազմական գործողություններ են ընթանում։

Դրանք պետք է շարունակվեն այն կետից, որից սկսվել են, ասել է Փաշինյանը ու ընդգծել՝ դրա համար Ադրբեջանը պետք է ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի: 

Back to top button