
Ադրբեջանական զինված ուժերն այսօր առավոտյան անցել են լայնամասշտաբ հարձակման, ընթանում են թեժ մարտեր, հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հասցվել են հրետանային և ավիացիոն հարվածներ Պաշտպանության բանակի տարբեր նշանակության օբյեկտներին, կան որոշակի ավերածություններ և կորուստներ, որոնք հիմնականում չնչին են: Կճշտենք, լրացուցիչ կներկայացնենք կոնկրետ թվագրական տվյալներ: Արդեն կա որոշում զորահավաքի մասին, որի մանրամասներին մենք ևս լրացուցիչ կանդրադառնանք»,- նշել է նա:
Նա հայտնել է, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ժամանակ նաեւ Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել, որոնք այնքան էլ ինտենսիվ չեն:
Ինչպես նշել է Արծրուն Հովհաննիսյանը, հավաքագրված նյութերի համաձայն, բացառությամբ մեկ-երկու ամենամեծ հրթիռային միջոցների, Ադրբեջանը կիրառել է բոլոր միջոցները, նաև ավիառումբեր, ԱԹՍ-ներ։
Շենք-շինությունների զգալի ավերածություներ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, նաեւ Ստեփանակերտում։ Զոհերի թվի մասին հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, որ չի կարող շտապել ու հաստատել եղած տեղեկությունները. «Պետք է սպասել: Ճշտող մեխանիզմները պետք է մինչև վերջ կիրառել»:
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական զինված ուժերի 10 զինածառայող:




