
Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանը բացառիկ էր։ Արտահերթ նիստեր, արտահերթ նստաշրջաններ ու «արտահերթ» արտակարգ դրություններ, կորոնավիրուս ու նոր համավարակ․ արդյունքում ԱԺ–ն 4-րդ նստաշրջանի աշխատանքային հինգ ամիսներից երեքը անցկացրել է արտակարգ դրության պայմաններում։

Յոթերորդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանը արդեն սկսված է, բայց առաջարկում եմ մի փոքր ժամանակային էքսկուրս անել․ ԱԺ մոնիտորինգ ծրագիրը պարբերաբար իրականացնում է մշտադիտարկում խորհրդարանի գործունեության վերաբերյալ։ Այս անգամ ծրագրի անդամները կներկայացնեն յոթերորդ գումարման ԱԺ 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները։
Ըստ զեկույցի` 4-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ-ում երկու անգամ ավելի շատ օրենք է ընդունվել, քան` 3-րդ նստաշրջանում։ 169 օրենք 3-րդ նստաշրջանում, իսկ 345-ը` 4-րդ նստաշրջանում։ Այս միտումը, ըստ զեկույցի, կախված է նաև համավարակի տարածման տեմպերին հակազդելու կառավարության նախաձեռնություններից։ Արդյունքում 2.5 անգամ ավելացել են կառավարության ներկայացրած նախագծերը։
«Սա նշանակում է, որ պատգամավորները ավելի նախաձեռնող են դարձել, և մշտապես իրականացվող պրոցեսներին ավելացել են նաև համավարակի կանխարգելմանը միտված օրինագծերը»,- պարզաբանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Այս նստաշրջանի ընթացքում զեկույցի հեղինակները նկատել են համակարգվածության պակաս։ Մի քանի օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել են միաձայն, երկրորդ ընթերցմամբ մերժվել։ Նման նախագիծ ունեցել է, թե՛ խորհրդարանական մեծամասնությունը, թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
«Սա ոչ թե դիրքորոշումների փոփոխություն է, այլ օրինակ նախագծերը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պարզվել է, որ հանձնաժողովների աշխատանքների արդյունքում շտկելու բաներ կան։ Այդ շտկումները իրականացնելու միակ ձևը, ըստ կանոնակարգի, երկրորդ ընթերցմամբ մերժելն է։ Այսինքն` այս դեպքերի մեծամասնությունը այս նպատակնեն հետապնդում»,-ասում է Բաբկեն Թունյանը»։
ԱԺ 4-րդ նստաշրջանի ընթացքում շատ ընդգծված աճել են խորհրդարանական մեծամասնության հեղինակած նախագծերի քանակը։ «Իմ քայլը» խմբակցությունը 16%-ով ավելի շատ օրենք է դրել շրջանառության մեջ, քան` նախորդ նստաշրջանում, իսկ ընդդիմադիրները` 15%–ով պակաս։ Ընդ որում` սրանք թե՛ ընդունված, թե՛ շրջանառության մեջ դրված օրինագծերի մասին են։

«Կան օրենքներ որ դու ի վերուստ գիտես որ կառավարությունը դրան դեմ է, բայց միևնույն է, դա պետք է բերես ԱԺ, որ լսելի դարձնես ընդդիմության ձայնը»,- ասում է Միքայել Մելքումյանը։
Զեկույցը չէր կարող անմասն մնալ Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացներից։ Խորհրդարանն այս հարցը փորձում էր լուծել 3-րդ նստաշրջանից սկսած։ Առաջին անգամ խորհրդարանի՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու իրավունքը իրացվել է միայն խորհրդարանական մեծամասնության ուժերով` առանց ընդդիմադիրների մասնակցության։
ԱԺ–ը նախորդ նստաշրջանի ընթացքում ունեցել է օրենքի 21 նախագիծ, որոնք մերժվել են և օրակարգ չեն ընդունվել։ Դրանք համամասնորեն «Լուսավոր Հայաստանի» և «ԲՀԿ»-ի նախաձեռնություններն են։ Միտումը հիմնականում պահպանվում է. օրակարգ չեն մտնում և մերժվում են ընդդիմության նախաձեռնությունները։
«Հենց մեր հանձնաժողովում մենք վերջին նիստում բացասական եզրակացություն ենք տվել կառավարության կողմից ներկայացրած նախագծերի, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծերի»,-ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Բաբկեն Թունյանը նկատում է` սովորաբար, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացնում են նախագծեր և աշխատանքային քննարկման ընթացքում հասկանում են, որ դրանք բացասական եզրակացություն են ստանալու, իրենք պրոցեսը մինչև վերջ չեն տանում, և նախագիծը հանում են շրջանառությունից։
Ըստ զեկույցի` դիտարկված նստաշրջանի ընթացքում ևս ամենաշատ հարց տված և ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորը նորից Միքայել Մելքումյանն է ԲՀԿ–ից։ Պետք է նշել, որ գումարման առաջին նստաշրջանից Միքայել Մելքումյանը գլխավորում է այս հորիզոնականը։ Իսկ առհասարակ` 132 պատգամավորից միայն 20–ը 4-րդ նստաշրջանի ընթացքում հարց չի տվել և ելույթ չի ունեցել։ Իսկ այ ամենաշատ բացակայած պատգամավորը կրկին Գագիկ Ծառուկյանն է։

«Այս կորոնավիրուսի պայմաններում դա պայմանավորված է տարիքով։ ԱԺ–ում այդ ռեժիմը սահմանված է։ Նրանք, ովքեր որոշակի տարիքից բարձր են, կարող են դիմել ԱԺ նախագահին և դա կհամարվի հարգելի»,-ասում է Միքայել Մելքումյանը։
ԱԺ–ում գրանցված միջադեպերի մասին։ Միքայել Մելքումյանը նկատում է` խորհրդարանն արտահայտում է դրսում եղած իրավիճակը և հակասությունները։ Քաղաքական պայքարը քաղաքական պայքար է, բայց մարդկային հարաբերությունները պետք է պահպանել։

«Մենք պետք է այնպես անենք, որ ԱԺ դառնա մտքերի ու գաղափարների հարթակ, որովհետև դա է ուզում մեզանից հասարակությունը։ Բոլորն արդեն հոգնել են այն մթնոլորտից, որը կա ԱԺ–ում»,-ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Արտահերթ նիստեր, արտահերթ նստաշրջաններ ու «արտահերթ» կարանտին, կորոնավիրուս ու նոր համավարակ․ իսկ ԱԺ 5-րդ նստաշրջանը շարունակվում է արդեն կարանտինային պայմաններում։




