ԿարևորՀասարակություն

Մանկատներն ու ծերանոցները երբեք այսքան «փակ» չեն եղել

Փակ հաստատությունները երբեք այսքան փակ չեն եղել։ Մանկատները, ծերանոցները, որ նախկինում ևս աչքի չեն ընկել թափանցիկությամբ ու հասանելիությամբ, արդեն կես տարի և ավելի է` մեկուսացած են, բառի ամենալայն իմաստով։

Այն, որ շարքային քաղաքացիների աչքը այդ հաստատությունների պատերից ներս դժվարությամբ էր հասնում՝ նորություն չէ։ Կորոնավիրուսյան ժամանակներում պատերը գրեթե անթափանց են դարձել նաև այնտեղ հնարավոր խախտումները վերահսկողների համար։

«Կարանտինի, արտակարգ դրության ժամանակ այցեր չեն եղել, որովհետև հաստատութունները շատ խիստ փակ ռեժիմով են աշխատել։ Նույնիսկ աշխատողների թիվը կրճատվել է, մնացել են միայն նրանք, որոնց ներկայությունը խիստ անհրաժեշտ է երեխայի խնամքի կազմակերպման համար»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանն է պատմում։

Նախկինում իր ղեկավարած կառույցը մշտադիրտարկումներ իրականացնելու համար պարբերաբար լինում էր մանկատներում, ինչն էլ հնարավորություն էր տալիս բացահայտել այնտեղ տեղ գտնող խախտումները։ Համավարակը սոցիալական հեռավորություն է ստեղծել նաև մանկատների ու իրավախախտումները բացառելուն միտված կառույցների միջև

Սակայն ոստիկանությունը սեպտեմբերի 22-ին խախտել է այդ «հեռավորությունը»։ Տեղեկացնում են, որ ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:

Անահիտ Քալանթարյանը լավ է հասկանում՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում իրավախախտումների մեծ ռիսկեր կան։ Ասում է՝ համավարակի թափ առնելու պահից մշտադիտարկման նպատակով այցերը մանկատներ դադարեցրել են, բայց հաստատությունների տնօրենների հետ պահպանում են մշտական կապ, իրականացնում են վերապատրաստումներ, իրազեկման ծրագրեր։

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի բազմամասնագիտական թիմի ղեկավար Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը այն կարծիքին է, որ նման հաստատություներում աշխատող մասնագետների նկատմամբ վերահսկող մեխանիզմներ կիրառելու անհրաժեշտություն առհասարակ չպիտի լինի․

«Ես իմ մասնագիտական կոմպետենտությունից ելնելով պետք է դրսևորեմ իմ վարքը ու բացառեմ բոլոր այն դեպքերը, որոնք կարող են երեխային վնասել։ Եթե պետք է ստուգեն ու հսկեն, որ ինչ-որ վատ բան չլինի, նշանակում է արդեն ինչ-որ մի բան սխալ է։ Ու այս պարագայում ես ավելի շատ կխոսեի ոչ թե վերահսկելու, այլ աջակցելու մասին, որ ոչ թե գան ու ստուգեն մասնագետների՝ երեխաների նկատմամբ վվերաբերմունքը, այլ գան ու ասեն՝ հարգելի՛ մասնագետ, դու օգնության կարիք ունե՞ս, որպեսզի չհասնի բանը նրան, որ նյարդերդ տեղի տան, բանը չհասնի նրան, որ ձեռքերը ազատություն ստանան կամ համբերության լցված բաժակը պարպվի այլ մեթոդներով»։

Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ նման խնդիրներ, ամեն դեպքում, առաջացել են։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեսակետը մեզ է փոխանցում մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը․

 «Ծերանոցներում ու մանկատներում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում։ Այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները իրականացնում են նոր կորոնավիրուսային վարակով ի հայտ եկած խնդրների ուսումնասիրությունը այդ հաստատություններում, բայց արդյունքների մասին կարող ենք խոսել ավելի ուշ»։

Նունե Հովսեփյանի խոսքերով ՝ մարդու իրավունքնրեի պաշտպանի աշխատանքը խոչընդոտել չի կարող ո՛չ կորոնավիրուսը, ո՛չ որևէ այլ խնդիր։ Պաշտպանը և նրա ներկայացուցիչները անարգել մուտքի ու ելքի իրավունք ունեն նման հաստատություններ և այս պահին էլ զբաղվում են ոստիկանության բարձրաձայնած խնդրով։

Մարդու իրավունքների պաշտպանը՝ Գավառի մանկատանը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի խոսքերով իրենց իրականացրած հետազոտությունը պարզել է, որ հարցված ծնողների 69–ը տոկոսը նորմալ է համարել դաստիարակության այն տեսակը, որը պարունակում է բռնության տարրեր։ Երեխաների իրավունքների նմանօրինակ խախտումը նորմալ է։ Այսպիսի դեպքերից խուսափելու տարբերակը բռնության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ սերմանելն է։

Այս օրերին ոստիկանությունը մեր ուշադրությունը հրավիրեց կարանտինի շրջանում մանկատներում առկա խնդրահարույց վիճակին, սակայն գրեթե նույնանման՝ մարդկային աչքից քողարկված վիճակ առկա է նաև ծերանոցներում։ Այնտեղ ևս կողմնակի անձանց, և հետևաբար նաև վերահսկող աչքերի մուտքը խստիվ արգելված է, հասկանալի պատճառներով։

«Կողքիդ եմ» տարեցների աջակցության հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Պողոսյան․

«Ելումուտը փակ է, տնօրենների հետ խոսում ենք ամբողջ ընթացքում, ասում են՝ ամեն ինչ նորմալ է, բոլորն իրենց լավ են զգում, առողջ են։ Այդքան ինֆորմացիա ունենք։ Նաև տարեցների հետ, որոնց հետ ֆեյսբուքյան ընկերներ ենք՝ նամակագրության մեջ ենք, կամ զանգերով ենք շփվում։ Միակ բողոքը, որ ունեն, փակ վիճակն է․ շատ են նեղվում։ Նույնիսկ ասում են՝ ոնց որ գաղութում լինենք»։

Նման մեկուսացումը ժամանակի պահանջն է՝ հանուն բոլորիս առողջության։

Մնում է միայն հույս ունենալ, որ առողջության նմանօրինակ պաշտպանությունը շուրջօրյա խնամքի հաստատություններում բնակվող մարդկանց ավելի անպաշտպան չի դարձնի։

Կարդացեք նաև

Back to top button