
Անկախության տոնի նախօրեին արդեն ադրբեջանական հաքերային խմբերն ակտիվացել էին․ նպատակը՝ կոտրել կամ խափանել հայկական կայքերի աշխատանքը։ Ովքե՞ր են պատասխանատու պաշտպանել հայկական կայքերը հաքերային հարձակումներից և ի՞նչ գործիքներով է կատարվում պաշտպանությունը, Հայաստանի հանրային ռադիոյի IT բաժնի ղեկավար Մհեր Մարգարյանն ասում է․

«Կայքի անվտանգությունն ապահովում է տվյալ կազմակերպության IT բաժինը, կամ եթե պատվիրել են անվտանգություն այլ ընկերությունից, նրանք են պատասխանատու։ Հաքերային հարձակման նպատակը կասեցնել և խափանել կայքի աշխատանքը, հիմնականում իրադարձային օրերին»։
Կարևոր իրադարձային օրերին ադրբեջանական հաքերները ակտիվանում են, հետևապես պետք է բարձրացնել նաև հայկական կայքերի անվտանգությունը։ Ընդամենը երկու օր առաջ կոտրել էին Գյումրիի համայնքապետարանի կայքը։ Ծրագրավորող, մեդիափորձագետ Սամվել Հայրապետյանն ասում է, որ կիբեռդաշտում հարձակումները տարբեր տեսակի են լինում և պահանջում են հատուկ պաշտպանություն․
«Կայքը պետք է բաց տեղ ունենա, եթե մեկ անգամ կոտրելուց հետո անալիզ անեն պատասխանատուները, պարզ կլինի ՝ ինչի՞ց են կառչել և կոտրել կայքը, նույնը երկրորդ անգամ էլ հնարավոր չի լինի անել»։

Հավանական տարբերակները, թե ինչ կարող է անել հաքերը, եթե մուտք գործի ձեր կայք, թուղթ ու գրիչը ձեռքին, իսկական ռազմավարական ծրագրի նման Մհեր Մարգարյանն ինձ բացատրում է․
«Հաքերները եթե մուտք ունենան DNS, կկարողանան փոխել գրառումները և սովորական օգտատիրոջը ուղորդել և ցույց տալ այն, ինչ իրենց է հարկավոր»։
Ադրբեջանական հաքերային խմբերը կոչվում են ընտանիքներ, ընդ որում` կան նաև վարձկան ընտանիքներ, որոնք գործում են այլ երկրներից։ Սամվել Հայրապետյանը հավաստիացնում է, որ հայկական կիբեռբանակի զինվորները ոչնչով չեն զիջում թշնամուն․
«Ադրբեջանում մի քանի մեծ հաքերային խմբեր կան, որոնք կոչվում են ընտանիքներ, նրանցից ամենամեծը ԱնտիԱրմենիան է, մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, որ հայկական կիբեռբանակն ուժեղ է, ուղղակի խնդիր ունենք, որ շատ մասնագետներ ներգրավված չեն»։

21-րդ դարի կիբեռպատերազմում բոլորս զինվորներ ենք՝ անկախ սահմանին կամ ծրագրավորող լինելուց, որովհետև հաքերներն ունեն հստակ հանձնարարություններ՝ նաև հայկական օգտատերերի էջերը կոտրելու։ Միացնել մեր սոցիալական էջերի երկփուլային անվտանգությունը, չմասնակցելով կասկածելի մրցույթներին, չգնալով անհասկանալի հղումներով մենք պատերազմում ենք՝ ճիշտ, մտածված և մեդիագրագետ ձևով։ Սովորական օգտատերի էջից մինչև պետական կայքեր պաշտպանվածությունը կիբեռպատերազմի նոր մարտահրավերներին դիմակայելու թերևս միակ աշխատող միջոցն է։




