ԿարևորՀասարակություն

Տոնական համերգ-ընդունելություն՝ Վիլնյուսում

Սեպտեմբերի 18-ին Լիտվայում ՀՀ դեսպանության և Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Լիտվայի ազգային օպերայի և բալետի համերգասրահում կայացել է բացառիկ համերգ և ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակին, ՀՀ անկախության 29-ամյակին և հայ-լիտվական բարեկամությանը` հանձին Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Ինչպես հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, հյուրերի թվում են Լիտվայի առողջապահության նախարար Աուրելյուս Վերիգան (Aurelijus Veryga), Բալթյան երկրներում հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը, Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասը, ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցներ, Լիտվայում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգին նախորդած ընդունելության ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և ՀՀ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանը։

Դեսպան Մկրտչյանը ներկայացել է անցնող տարում հայ-լիտվական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները, անդրադարձել համավարակի հետևանքով հետաձգված ծրագրերին։

Դեսպանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Լիտվայի առողջապահության նախարարին՝ Հայաստանին համավարակի ընթացքում Լիտվայի ցուցաբերած մարդասիրական մեծ օգնության համար, ինչպես նաև երախտագիտության խոսքեր է հղել Հայաստան այցելած լիտվացի բժիշկների թմին և նրանց ղեկավար Մարիյուս Չյուրլիոնիսին։

Համերգի բացման ողջույնի խոսքում դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ նման մեծ համերգով նշվում է երեք միմյանց հետ փոխկապակցված տարեդարձ։ Դեսպանը կարևորել է 1990 թ․ օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի և նույն թվականի մարտի 11-ին ընդունած Լիտվայի անկախության վերականգման ակտի դերը երկու երկրների՝ միմյանց ճանաչման մասին 1991 թ․ օգոստոսի 14-ին ստորագրված պայմանագրում։

Ըստ այդմ, Լիտվան դարձավ առաջին պետությունն աշխարհում, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ Հայաստանը՝ յոթերորդ երկիրը, որ ճանաչել է Լիտվայի անկախությունը։ Դեսպանն ընդգծել է, որ դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ում օգոստոսյան ՊՈՒՏՉ-ից օրեր առաջ, ինչն էլ ավելի է արժևորում փոխադարձ ճանաչման փաստը։

Տիգրան Մկրտչյանը նշել է, որ նմանօրինակ բարեկամության կերտման, երկու երկրների, ժողովուրդների միջև սերտ կապի ձևավորման հարցում մեծ է եղել անհատների դերը։

Եվ հայ-լիտվական բարեկամության ամենաամուր սյուներից մեկն անկասկած Գեղամ Գրիգորյանն է եղել, որը մոտ մեկ տասնամյակ՝ սկսած 1980 թ-ից, հենդես է եկել Լիտվայի օպերային թատրոնում։

Տիգրան Մկրտչյանը հավելել է, որ համերգի հիմնական մասնակիցները՝ դիրիժոր Վարդան Գիրգորյանը, աշխարհահռչակ ճանաչում ունեցող օպերային երգչուհի, լիտվացի և հայ ժողովուրդների մերօրյա հպարտություն համարվող Հասմիկ Գրիգորյանը (սոպրանո) և օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը (բաս) և Հովհաննես Այվազյանը (տենոր), բոլորը սերտ առնչություն ունեն Գեղամ Գրիգորյան հետ (Վարդան և Հասմիկ Գրիգորյանները վերջինիս զավակներն են, Բարսեղ Թումանյանը՝ ընկերը), ինչն էլ ավելի խորհրդանշական է դարձնում համերգը:

Դեսպան Մկրտչյանը նշել է, Հայաստանի Հանրապետության համար մեծ պատիվ է, որ սույն համերգով ազդարարվում է Լիտվայի ազգային օպերայի և բալետի թատրոնի 101-րդ համերգաշրջանի սկիզբը։

Համերգի երգացանկը, որում ներառված էին համաշխարհային և հայկական օպերային ստեղծագործությունների լավագույն հատվածներ, ամփոփվեց Գեղամ Գրիգորյանի կատարմամբ լիտվական դասական ստեղծագործության ձայնագրությամբ:

Համերգը վարել է հայտնի լիտվահայ հեռուստատեսային հաղորդավարուհի Գաբրիելե Մարտիրոսյանը։

https://www.facebook.com/armemblit/videos/334724617602773

Կարդացեք նաև

Back to top button