
Այնքան էլ էական չէ՝ Երևանը կունենա գլխավոր ճարտարապե՞տ, թե՞ նրան փոխարինող մեկ այլ կառույց, էականը քաղաքաշինական օրենքներն են, որոնք պետք է լինեն որակյալ ու պահպանվեն սրբորեն, որպեսզի մեր մայրաքաղաքը դառնա ներդաշնակ ապրող ու շնչող օրգանիզմ։ Նման տեսակետ են հայտնել մեր երկու զրուցակիցները՝ մեկնաբանելով քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությունը, թե Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է փոփոխությունների ենթարկվի։ Ըստ քաղաքապետի՝ այլընտրանք կարող է դառնալ մասնագետներից կազմված խորհուրդը կամ մեկ այլ կառույց:
Երևանի առաջին գլխավոր ճարտարապետի որոնումները մեզ տանում են դեպի ամենահաս Վիքիպեդիա, որտեղից տեղեկանում ենք․ «Մինչև խորհրդային կարգերը, ըստ երևույթին, նման պաշտոն չի եղել, իսկ քաղաքին վերաբերվող ճարտարապետական հարցերը պատվիրակվել են տարբեր կառույցներում պաշտոն զբաղեցնող կամ անհատ ճարտարապետների։ Նմանօրինակ աշխատանք է իրականացրել ճարտարապետ ու ինչպես նրան ներկայացնում են հիշատակությունների մեջ քաղաքային տեխնիկ Բորիս Մեհրաբյանը, որը 1906-1911 թվականներին ստեղծեց Երևան քաղաքի սիտուացիոն՝ մինչ այդ ամենամանրամասն հատակագիծը։ Այն մեծապես օգնեց նաև Ալեքսանդր Թամանյանին, որը Առաջին հանրապետության տարիներին սկսեց գծել Երևանի նախագծային հատակագիծը, որն ավարտեց 1924-1925 թվականներին»։
Երևանի առաջին ճարտարապետն է եղել Նիկողայոս Բունիաթյանը 1924-1938 թվականներին։ Այդ պաշտոնը 1982-1990 թվականներին զբաղեցրած Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը նշում է, որ քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը խորհրդային երևույթ է։

«Կապիտալիստական երկրներում չեն եղել գլխավոր ճարտարապետներ, խորհրդային շրջանում են եղել գլխավոր ճարտարապետներ․ պետությունն իր բոլոր իրավունքները տվել է գլխավոր ճարտարապետին։ Խորհրդային յոթանասուն տարիներին մենք ունեցել ենք ընդամենը յոթ գլխավոր ճարտարապետ, հետագա երեսուն տարիներին ունեցել ենք ավելի քան քսան գլխավոր ճարտարապետ»։
Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ մեկ-երկու տարի պաշտոնավարած գլխավոր ճարտարապետներ ենք ունեցել, ինչը, բնականաբար, թույլ չի տվել լիարժեք տիրապետել քաղաքի ամբողջ էությանը։ Ինչ է կատարվում արտասահմանյան այն երկրներում, որոնք, ըստ Մուշեղյանի, հաջողություններ ունեն քաղաքաշինության ոլորտում։ Նախ՝ ստեղծվում է քաղաքի գլխավոր հատակագիծը, որտեղ քաղաքը դիտարկվում է որպես կենդանի օրգանիզմ։ Հատակագիծը ոչ միայն քաղաքի արտաքին տեսքն է, այլև տրանսպորտային ցանցը, քաղաքի թոքերին անհրաժեշտ կանաչ տարածքները և այլն։ Ոլորտը համակարգող մարմինը՝ անկախ ձևաչափից, մեկ պարտականություն ունի՝ հետևել, որպեսզի կյանքի կոչվի քաղաքի գլխավոր հատակագիծը՝ առանց աղավաղումների։ Պատկերացրեք, որ Երևանն էլ ունի գլխավոր հատակագիծ։ Եվ Երևանի գլխավոր ճարտարապետի թիվ մեկ պարտականությունն էլ նույնն է՝ կոորդինացնել գլխավոր հատակագծի իրականացման աշխատանքները՝ առանց շեղումների։ Երևանի վերջին գլխավոր հատակագիծը հաստատվել է 2005 թվականին։ Վերջնաժամկետը 2020 թվականն է։ Նախագծի հեղինակը հենց Գուրգեն Մուշեղյանն է։ Երևանի ճարտարապետերը հետևո՞ւմ են արդյոք այս նախագծի պատշաճ իրականացմանը․
«80 տոկոսը՝ ոչ։ Այնքան փողոցների անուններ կարող եմ տալ, որ պիտի կառուցվեին, բայց այդ տարածքներում վերցրել ու բնակելի տներ են կառուցել։ Դա օրենքի ուժ ունի, բայց ցավոք, այդ ուժը չի օգտագործվում։ Շրջանցվում է, որովհետև հարցը լուծվում է՝ օրվա խնդիրներից ու պահանջներից ելնելով»։
Օրվա պահանջով հարցերի լուծումը մեր մայրաքաղաքին զրկում է առողջ ու ներդաշնակ զարգացման հեռանկարից ու սխալները ուղղելու հնարավորությունից։ Ըստ Մուշեղյանի՝ ինչ տարբերություն՝ սխալ որոշում ընդունողը գլխավոր ճարտարապե՞տն է, թե՞ մասնագետներից կազմված որևէ այլ մարմին։ Իսկ սխալները մեր մայրաքաղաքում շարունակական են՝ ասում է։

«Էլեմենտար մի բան ասեմ․ մարդու օրգանիզմն ունի արյունատար անոթներ․ եթե մի տեղ թրոմբ է առաջանում, ազատվում են, որպեսզի արյունը կարողանա շրջանառություն կատարել։ Մեր ամբողջ քաղաքը այսօր թրոմբներով լցված է։ Ամեն տեղ ավտոկայանատեղի է, դրա համար էլ ամենուր խցանումներ են։ Այնքան շենքեր կան, որոնք ընդհանրապես պետք է այդ տեղում չլինեին»։
Մեր մայրաքաղաքում ամեն ինչ զոհաբերվում է հանուն բիզնեսի, նկատում է Գուրգեն Մուշեղյանը։ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ այն կարծիքին է, որ Երևանում հաճախ գործում է՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը սկզբունքը, ինչն անթույլատրելի է։
«Եթե որևէ մեկի համար բացառություն են անում, ամեն ինչ փլուզվում է։ Չի կարելի բացառություններ անել, չի կարող ներդրողը գալ և ասել՝ այսինչ տեղը այսինչ բանն եմ ուզում՝ առանց հաշվի առնելու գլխավոր հատակագիծը»։
Կա տեսակետ, որ քաղաքը պիտի գլխավոր ճարտարապետ ունենա, որպեսզի նաև ձեռագիր ունենա։ Մինասյանի բնորոշմամբ՝ ձեռագիրը որոշվում է քաղաքաշինական փաստաթղթերով, ոչ թե անձով։ Վերջինն անգամ ռիսկային է․
«Դա այնպիսի մեծ վտանգ է պարունակում, օրինակ՝ Աղաբաբյանի նման ճարտարապետը, այո, իր ձեռագիրը թողեց, և շատ լավ թողեց։ Բայց մեկ ուրիշի ձեռքով կարող են տեղի ունենալ աղավաղումներ։ Մեկ հոգու քմահաճույքին թողնելը սխալ է, հիմա այդ դարում չենք»։
Ճարտարապետների միության նախագահն էլ, մեծ հաշվով , տարբերություն չի տեսնում՝ կունենա՞ Երևանը գլխավոր ճարտարապետ, թե՞ ոչ։ Էականը քաղաքի մայր փաստաթղթի պահանջների իրագործումն է՝ առանց շեղումների և օրվա կարճաժամկետ պահանջների։




