
Որտե՞ղ է առաջին բոլշևիկյան ժողովներն անցկացրել Ստեփան Շահումյանը։ Պարզվում է, այդ շենքը գտնվում է Հաղպատ գյուղում, ուղիղ Սուրբ Նշան եկեղեցու դիմաց։ Գյուղում ապրողները բոլորը գիտեն շենքի պատմությունը։ Բայց մինչ շենքի մասին պատմելը խոսում են Հաղպատավանքի ուժի և զորության մասին։
Կանգնած եմ մի շենքի դիմաց, ուր 1906թ -ին Ստեփան Շահումյանն անցկացրել է բոլշևիկյան առաջին հավաքները։ Հենց այս շենքի պատերի ներսում քննարկվել են ապագա պլաններն ու գործողությունների հետագա ընթացքը։ Ուզում եմ մտնել շենք, այն կողպված է։ Պատուհանի ապակիները կոտորված են և ինձ հաջողվում է տեսնել ներսը։ Առաջին հարկում նկարներ են, պաստառներ ու սպասք։ Այս շենքը գտնվում է Հաղպատավանքի դեմ- դիմաց։ Հաղպատ գյուղում բոլորը շատ լավ գիտեն շենքի պատմության մասին։ Զրուցակիցս 82- ամյա Սերյոժա Բաբայանն է։

«Ծնվել եմ Սովետական Միության սահմանադրության օրը, բայց կոմունիստ չեմ։ Էդ շենքի մասին ասեմ, որ ոսկյա տառերով գրված է՝ 1903 թ., գյուղ Հաղպատ. բոլշևիկյան կազմակերպության հիմքը դրեց Մարտիրոս Թանդիլյանը։
Իսկ շենքի պատի ցուցանակին գրված էր՝ «1906 թ հոկտեմբերին ու դեկտեմբերին Ստեփան Շահումյանը ղեկավարել է երկու կոնֆերենցիաները»:

Սերյոժա պապն ասում է՝ հայրը երդվյալ կոմունիստ էր, 1905 թ –ից։ Բայց ինքն այդպես էլ կուսակցական չդարձավ։
Դպրոցն ավարտելուց հետո վերցնում է կոմերիտական տոմսը, դպրոցի ավարտական վկայականն ու մի նամակ, որը պետք է հանձներ Զանգեզուրի լեռնահարստացուցիչ կոմբինատի ուսումնարանի տնօրենին։ Հաղպատից գալիս է Երևան ու Զանգեզուր տանող գնացքով գնում Կապան։ Գիշերը, սակայն, հանգիստ չի անցնում, քնած տեղից նրան արթնացնում է զինվորական ճտքակոշիկի հարվածը։

«Փաստաթղթերը պատրաստեք, ստուգում ենք։ Երկու զինվորական էին, ավտոմատները ձեռքներին՝ մեկը բարձրաստիճան, մյուսը` շարքային զինվոր։ Ինձ իջեցրեցին, ավտոմատը դրեցին մեջքիս ու ասում են` գնա։ Մտածում եմ, ա՜յ մարդ, ես հո հանցագործ չե՞մ, հո թշնամի չե՞մ, որ ավտոմատը մեջքիս դեմ արած գալիս ա։ Բայց վախենում եմ ձայն հանել, մտածում եմ կսպանեն։ Ինձ տարան հանձնեցին զինվորական գծով ծառայողի»։

Գրպաններն սկսում են ստուգել ու տանում են ուսումնարանի տնօրենի մոտ։ Տնօրենը տեսնում է, որ կոմունիստ Եղիշի որդին է, ոչ թե վտանգավոր թշնամի։ Բայց Բաբայանը վիրավորված էր սահմանապահների նման վերաբերմունքից.
«Ես ասացի շատ լավ կսովորեմ, ձեր ուսումնարանի պատիվը բարձր կպահեմ, բայց կոմունիստ չեմ դառնա։ Ես հո հանցագործ չէի, որ ինձ հետ էդպես վարվեցին։ Հիմա իմ մեծ տղան էդ կոմունիստական տոմսից ունի։ Ասում եմ` ինչի՞ ես պահել տղա ջան, ասում ա` դե կարող ա ժամանակները փոխվեն»։
Զրուցակիցս դեռ երկար կարող էր պատմել իր պատմությունը, բայց այն ինչ- որ պահի ընդհատում է. «Աղջիկ ջան, Շահումյանին ու կոմունիստներին հանգիստ թողնենք, դու մտի սուրբ Նշան եկեղեցի ու երազանք պահին։ Շատ հզոր ուժ ունի մեր եկեղեցին, բոլորին օգնում է»։

Հետևելով Սերյոժա պապի հորդորին` քայլերս ուղղում եմ դեպի եկեղեցի։ Վերջին մի ամսվա ընթացքում Հաղպատավանքը այցելուների պակաս չի զգացել։ Տեր Միքայել քահանա Շաղոյանն ասում է, որ համավարակը պատճառ դարձավ, որպեսզի մեր հայրենակիցներից շատերը բացահայտեն հայաստանյան գեղատեսիլ վայերն ու սրբավայրերը։
Տեր Միքայելի հետ շրջում ենք Հաղպատավանքի տարածքում, խոսում եկեղեցու դերի և նշանակության մասին։

«Իմ կարծիքն է սա, երբ ասում են եկեղեցին ու պետությունը պետք է անջատ լինեն, մեր պարագայում ես կարծում եմ պետք է միասին լինեն, որովհետև դարեր շարունակ այս եկեղեցին եղել է հայ ժողովրդի հովիվը»։
Երբ խորանի մոտ կանգնած էի, նկատեցի պատին փակցված արծաթապատ խաչափայտը։ Եկեղեցու մոմավաճառ Նաիրա Ղարդյանը պատմեց, թե ինչ դժվարին ճանապարհով է այն հասել մեր օրեր։

«Խաչափայտի մասունքի համար է կառուցվել սուրբ Նշան եկեղեցին։ Այն միշտ մեր մոտ է եղել, բայց անընդհատ դեգերումների ենթարկվել։ Այստեղից Արցախ, Թիֆլիս են տարել, որպեսզի թշնամու ձեռքը չընկնի։ Ու անգամ Կայանբերդն են կառուցել, որ այդտեղ թաքցնեն ու մասունքը չգցեն թշնամու ձեռքը։ Բերդը կառուցել են երկու վանքի՝ Հաղպատի ու Սանահինի արանքում։ Եթե Աստված չանի, ինչ որ բան լինի, թշնամիները հարձակվեն, ապա այդ մասունքը ինչ որ տեղ պահ տրվի և փրկվի։ 1800–ական թթ Պետրոս անունով սարկավագը, երբ տեսնում է հերթական հարձակումն է սկսվում, մասունքը վերցնում ու փախցնում է Թիֆլիս։ Ու այդ թվերից Խաչափայտի մասունքը մեզ մոտից անհետանում է։
2007 –ին ես աշխատավայրում էի, մոտ 85 տարեկան մի կին մոտեցավ, ներկայացավ` թիֆլիսահայ էր, անունը` Անուշ։ Ասաց, որ բան կա եկեղեցուն փոխանցելու։ Այդ կինը պատմեց, որ ինքը Պետրոս սարկավագի ծոռնուհին է ու պապիկը ավանդել է, որ հենց տեսնենք, որ եկեղեցին վերաբացվել է, մասունքը վերադարձնենք տիրոջը»։

Արդեն ուշ երեկո էր, երբ դուրս եկա եկեղեցուց, Սերյոժա պապը դեռ նստած էր եկեղեցու բակում։ Մի աղջնակ էր նստած կողքին, որին հավանաբար պատմում էր իր պատմությունն ու հորդորում քայլներն ուղղել դեպի Հաղպատավանք։




