
Արդեն երկար ժամանակ է անցել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետից, սակայն պայթյունի ձայները դեռ լիբանանահայ Թերզյանների ականջներում են, հիշողությունները՝ մտքում։ Ամեն ինչ տակնուվրա եղավ վայրկյանների ընթացքում, մեր աչքի առաջ, ասում է զրուցակիցս՝ Կարոլին Թերզյանը։
«Ես գրասենյակում էի, ժամը 18.05 ձայն լսեցի, գրասենյակից դուրս եկա, որ տեսնեմ, սա ինչ օդանավ էր, երկրորդ պայթյունը եղավ։ Երեք հարկանի վարժարանի շենքի ամբողջ ապակիները լցվեցին մեր գլխին։ Այս ու այն կողմ էինք գնում՝ չհասկանալով ինչ է պատահել»։
Մասնագիտությամբ մանկավարժ Թերզյանը, մեր զրույցի ընթացքում հուզմունքը չէր կարողանում զսպել, երբ հիշում էր, թե այդ անորոշության մեջ ինչպես էր փորձում լուր ստանալ տանը մնացած երեք որդիների մասին։ Կապի բոլոր միջոցներն անջատված էին, տեղանքից դուրս գալն անհնար։
«Մինչև կկապվեմ երեխաների հետ, քառորդ ժամ անցնում է։ Երեխաները տանը շատ էին վախեցել, պայթյունի ընթացքում երեխաներիցս երկուսը գետնին են ընկել, հետո գնացել են ննջասենյակում խաղացող իրենց փոքրիկ եղբոր մոտ ու սկսել են երեքով աղոթել։ Մտածել են` երկրաշարժ է»։
Կորոնավիրուսի հետևանքով արդեն իսկ սեփական գործը տուժել էր, սակայն պայթյունը եղածն էլ հավասարեցրեց հողին, պատմում է Կարոլինը։ Բուրջ Համուդում ունեցած տունը թողել, երեք որդիներին վերցրել ու հայրենիքի ճամփան է բռնել։ Չորսով Հայաստանում են, փորձում են մոռանալ տեսածն ու լսածը։
«Այո, փորձում ենք մոռանալ, սակայն եթե մի հեռախոս անգամ ընկնում է գետնին, միանգամից արձագանքում ենք այդ ձայնին։ Դրա համար ենք եկել Հայաստան, որ այդ մթնոլորտից դուրս գանք, որ կարողանանք հետագա մեր կյանքը շարունակել»։
Հայաստանում տեղավորվելուն օգնել են հարազատները: Բարեկեցիկ տան մեջ մայրն ու որդիներն իրենց առօրյան կազմակերպում են այնպես, ինչպես Լիբանանում էր, սակայն առանց ամուսնու։ Լիբանանի գործերով ամուսինն է զբաղվում։ Եղածը թողնել ու իրենց հետ Հայաստան գալ չէր կարող։ Երեխաներն էլ, ինքն էլ քնում արթնանում են Լիբանանի հոգսերով։ Հայաստանում էլ կյանքը հեշտ չէ, ասում են, բայց այստեղ ապահով է։




