
Նոր կրկեսի բացման արարողության սցենարը գրվում է հին շենքը քանդելու օրվանից։ Դեռ միանշանակ չէ՝ սցենարիստները, ռեժիսորները ինչքան ժամանակ ունեն սցենարն ամբողջական տեսքի բերելու համար, բայց 16-ամյա Մարիամը այսօր եկել է պարապմունքի ու աշխատում է, որ պատրաստի համար ունենա բացմանը անպայման ելույթ ունենալու համար։
2011թ. օգոստոսի 1-ից Երևանի պետական կրկեսը փակվեց ՝ վերանորոգման նպատակով, բայց ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ որ հին շենքը հնարավոր չէ շահագործել․ որոշում ընդունվեց քանդել կրկեսի շենքն ամբողջությամբ՝ նորը կառուցելու համար։ 2012թ. սեպտեմբերի 8-ին պայթեցվեց շատերիս մանկության շենքը։
«Ես կրկեսի շենքը շատ լավ հիշում եմ։ Չորս տարեկան էի․ այդ ժամանակ գրեթե ոչինչ չէի կարողանում անել, բայց ամանորյա ներկայացումներին վագրի շոր էի հագնում ու դուրս էի գալիս արենա, պարզապես քայլում էի մարզիչիս հետ»,– պատմում է կրկեսային դպրոցի սան Մարիամ Աճեմյանը։
Մարիամին կրկեսային դպրոց բերել է մանկապարտեզի դաստիրակչուհու հորդորը։ Մանկապարտեզում բոլորը մի–մի օղակ էին պտտեցնում, իսկ ինքը հավաքում էր բոլորի օղակները ու բոլորը միասին պտտեցնում։ Իսկ Ալենի կրկեսային բազմահրաշ աշխարհը իր դռները բացել է ընդամենը 2-3 ամիս առաջ։ Սպորտով զբաղվող պատանին արդեն փոքրիկ աճպարար է` հստակ իրականացվող հնարքներով։

«Սովորել եմ կարտը փող դարձնել, կարողանում եմ կարտը կորցնել և հետ բերել, մեծ զառը դարձնել փոքր զառեր և թաշկինակը կորցնել բռիս մեջ»։
Լեոնիդ Ենգիբարյանի մահից հետո նրա ավանդույթները շարունակելու, ենգիբարյանական շունչը պահելու, կադրային հոսքը ապահովելու համար 1972թ. Սոս Պետրոսյանը` «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրենը, ստեղծեց Լ․ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոցը։ Պատերազմի տարիները, ճգնաժամային իրավիճակները. ոչինչ չէր կանգնեցրել կրկեսն ու կրկեսային դպրոցը մինչև կորոնավիրուսը.

«Սկզբում, երբ դեռ իրավիճակն անկառավարելի էր, մեր աշխատանքն էլ կանգնած էր․ դա մեզ համար մահ էր»,- ասում է Սոս Պետրոսյանը:
Նա պատմում է, որ մինչև կորոնավիրուսը իրենք եղել են Հայաստանի ու Արցախի տարբեր շրջաններում, հանդես են եկել հետաքրքիր ներկայացումներով։ Եվ վստահեցնում է՝ կրկեսի շենք չունենալը չի կանգնեցրել իրենց, պարզապես փոխել է աշխատանքի ընթացքը․
«Գիտե՞ք, շատերին թվում է, որ նոր կրկես է կառուցվում, ուրեմն կրկեսի դերասանները նստած սպասում են․ նման բան գոյություն չունի։ Մեր բոլոր դերասանները աշխարհի տարբեր երկրներում աշխատում են։ Նույնը կարող եմ ասել կենդանիների մասին։ Կրկեսը գազանանոց չի, որ ունենա իր կենդանիները։ Կենդանիներ ունեն կրկեսի դերասանները, որոնք իրենց հետ տանում են այս կամ այն երկիր իրենց կենդանիներին։ Այս պահին էլ դերասաններն իրենց կենդանիների հետ Հայաստանում չեն»։

Երևանի կրկեսի տնօրենը հպարտությամբ շեշտում է` Հայաստանում կրկես շատ են սիրում, իսկ իրենք էլ բազմաթիվ ծրեգրեր ունեն, հայերն արժանի են լավ կրկես ունենալու ու տեսնելու։
«Մենք նոր կրկես կունենանք հագեցած ժամանակակից տեխնիկայով։ Շենքային պայմանները թույլ կտան ունենալ նոր ներկայացումներ․ կրկեսը` ջրում, կրկեսը` սառույցի վրա,»— նշում է տնօրենը:
Սոս Պետրոսյանը մեր հանդիպմանը եկել էր կրկեսի նոր կառուցվող շենքից։ Ամեն օր լինում է այնտեղ, հետևում շինարարական աշխատանքներին․ նկատել է` բանվորները մեծ ոգևորությամբ են աշխատում, իրենք էլ հույս ունեն հաջորդ մարտին արդեն հանդիսավոր կերպով կրկեսի բացումն անել․

«Ես երազում եմ որ նոր կրկեսում բացի լավ ներկայացումներից, լավ ծրագրերից մենք ունենանք նաև կրկեսային դպրոց–ակադեմիա, որտեղ մարդիկ տարբեր երկրներից կգան, կընդունվեն ու կստանան դիպլոմներ»։
Մարիամը շարունակում է պատմել իր կարանտինային ու կրկեսային պարապմունքների մասին, ասում է կարանտինի ընթացքում դժվար էր տանը պարապել, բայց աշխատում էր այնպես անել, որ մարզավիճակը չկորցնի։ Շտապում է, պետք է պատրաստվել կրկեսի բացմանը, որի սցենարը դեռ շենքի փակվելու պահից գրվում է։ Չնայած պարզ չէ երբ, բայց Մարիամը իրեն նոր կրկեսի ասպարեզում հաստատ պատկերացնում է։




