
«JOONG» նորարարական գործիքը փորձելու է հեշտացնել կազմակերպության ղեկավարների գործը․ արհեստական բանականությունը նրանց օգնելու է նոր աշխատակիցներ ընտրելու հարցում։ JOONG–ի համահիմնադիր, տնօրեն Ալիկ Օհանյանը «Ռադիոլուր»–ին բացատրում է՝ ծրագիրը հիմնված է վիդեոհարցազրույցի վրա, դրա վերլուծությամբ հնարավոր է լինելու հասկանալ, թե թեկնածուն որքանով է համապատասխանում կազմակերպության կամ թիմի պահանջներին։
«Կազմակերպություններին գրանցում ենք, իրենք ունենում են անձնական կաբինետ, որի միջոցով արդեն կարողանում են ողջ գործընթացը կազմակերպել։ Մասնակիցներին լինք են տրամադրում, հարցազրույց են անցնում , հարցերի են պատասխանում՝ նվազագույնը 600 բառ։ Ծրագիրը վերլուծում է ու հասկանում , թե ինչ մասնագետ է պետք կազմակերպությանը»։
Մեր զրույցի ժամանակ դերերը մի պահ փոխվեցին․ Ալիկ Օհանյանը սկսեց ինձ հարցեր տալ՝ ներկայացնելու համար, թե ինչպես է անցկացվում թեստավորումը։

Հարցրեց, թե ինչ է փոխել իմ կյանքում կորոնավիրուսը։ Ասացի, որ հինգ ամիս տանը փակված էի տանը, այս ընթացքում սկսեցի հեռավար աշխատել։ Հինգ ամիս առաջ չէի մտածում, որ կարելի է տնից ռադիոյի համար նյութեր պատրաստել ու ոչ մի տարբերություն չլինի դու տանից ես աշխատում, թե ոչ։ Ալիկն ասաց, որ նմանատիպ հարցեր են տալիս, պատասխաններից հավաքում են նվազագույն 600 բառն ու արհեսատական բանականության միջոցով էլ վերլուծություն անում։
Առաջարկը դեռ փակ է, այն մի քանի ամսից ներքին շուկայի համար հասանելի կլինի։ Համավարակը, կարելի է ասել, օգնեց այս ստարտափին․ դիմել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող տնտեսական հետևանքների չեզոքացման 17–րդ ծրագրին և պայմանական հաղթողների շարքում են․ մոտ 10 մլն դրամ դրամով հարթակը կբացեն հայկական կազմակերպությունների համար։
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՏՏ ոլորտի 61 ընկերության նոր հնարավորություններ տալ՝ 888 մլն դրամ հատկացնելով նրանց ծրագրերին։ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը հստակեցրեց․

«Միջոցառումը կազմված է 3 դրամաշնորհային ծրագրերից՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորման դրամաշնորհներից։ Առաջին 2 դրամաշնորհների համար ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր՝ 290-ից ավելի հայտ, որոնք արդեն ամփոփման փուլում են: Երրորդի մասով արդեն 5 հայտ ենք ստացել, բայց դեռ կստանանք»,- նշեց Մելիքյանը:
Գումարն ավելացվեց, քանի որ նախարարության՝ «Էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար նախատեսված միջոցները չեն օգտագործվել։




