ԿարևորՀասարակություն

Կիլոմետրը՝ 50 դրամ. ճանապարհային վճար՝ Հայաստանով երթևեկելու համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախատեսվում է ստեղծել ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգ։ Ճանապարհային վճարը՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է։ Յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց առաջարկվում է վճարել 50 դրամ։

Մի շարք բեռնափոխադրող ընկերություններ անհամբեր սպասում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի հետ հանդիպմանը։ Ամեն ինչ կախված է այսօրվա հանդիպումից, որտեղ էլ կորոշվեն նոր խաղի կանոնները, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց «Ապավեն» բեռնափոխադող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։ Մինչ այդ զերծ կմնան մեկնաբանություններից։

«Նախկինում էլ է վճարը եղել։ Պարզապես նախկինում աշխատում էինք հաստատագրված վճարով։ Բայց քանի որ հաստատագրված հարկատեսակը վերացավ, բնականաբար, նաև վճարման մեխանիզմը վերացավ։ Կառավարության առաջարկը նորմալ է, պարզապես պետք է հստակ լինեն խաղի կանոնները»,- ասաց Գագիկ Աղաջանյանը։

Գաղտնիք չէ, որ ընդհանուր օգտագործման Ճանապարհների ծածկը հիմնականում  վնասվում է մեքենաների շահագործման արդյունքում։ Պատճառը ծանր մեքենաներն են։ Ուստի այսուհետ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը կլինի անվճար` բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում` ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգ  ստեղծելու նպատակով։

Օրենքում ամրագրված է «ճանապարհային վճար» հասկացությունը, որը ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը․

«Ներկայիս հարկային օրենսգրքով նախատեսված է ճանապարհային վճար, որով վճարում են ոչ ՀՀ–ում հաշվառված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցները Հայաստանով երթևեկելու համար։ Այս փոփոխությամբ նաև ՀՀ–ում հաշվառված տրանսպորտային միջոցները պետք է վճարեն այդ գումարը»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը։

Նախագծով առաջարկվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանել յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 ՀՀ դրամ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը: Գումարը գանձվելու է ճանապարներին պատճառված վնասները փոխհատուցելու համար։ Բավականին տրամաբանական առաջարկ է, նկատում է զրուցակիցս։ Մնում է իսկապես ծառայի նպատակին։

«Այս փոփոխության արդյունքում ՀՀ բյուջեի եկամուտները կավելանան մետավորապես 2 մլն դրամով, ինչը, կարելի է ասել, ոչինչ չի փոխհատուցի ասֆալտների վնասվածքները փոխհատուցելու համար։ Կարծում եմ հետագայում պետք է վճարը տարածվի միջին ծանրության մեքենաների վրա ևս»,- հավելեց Սերգեյ Ղահրամանյանը։

Եթե նախարարության առաջարկած նախագիծն ընդունվի, օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թ–ի հուլիսի 1-ից:

Կարդացեք նաև

Back to top button