
Նա ծնվեց Ֆրեզնոյում, Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Ամբողջ կյանքում ապրեց Ամերիկայում՝ իրեն համարելով հայ գրող , և աշխարհը հային ճանաչեց նաև նրա միջոցով։ Սարոյանի գրականության շաղախը սերն էր ու բարությունը։ «Իմ սիրտը լեռներում է»․ 1939 թվականին այս պիեսով առաջին անգամ Սարոյանը հանդես է գալիս որպես դրամատուրգ։ Հաջորդ տարի ամուսնանում է Քերոլ Մարկուսի հետ։ Երբ զորակոչվում է բանակ, Քերոլը խոստանում է՝ ամեն օր մեկ նամակ գրել, սակայն գրել մեծ գրողին Քերոլը չի համարձակվում։ Նրանք ամուսնալուծվում են ու տարիներ անց՝ 1951 թվականին, կրկին ամուսնանում։ Սարոյանի հավատամքը մեծ երեխայի փիլիսոփայությունն էր, ասում էր՝ եթե որևէ գրող երեխա չէ, մեծ չէ։ Այսօր ամերիկահայ մեր հանճարեղ գրողի ծննդյան օրն է։
Երկար ժամանակ մտածում էի, թե գրողը աստված է, երբ հասա Մոպասանին, հասկացա, որ գրողը մարդ է։ 12 տարեկանում կարդում է Մոպասանի «Զանգն» ու հասկանում իր կոչումը՝ գրող։ Մարդու մասին է Վիլյամ Սարոյանի ամբողջ գրականությունը։ «Ես ունեմ միայն մի պատմություն՝ Մարդը։ Միայն մարդն է ինձ հետաքրքրում։ Ես ուզում եմ հանել նրան ամբոխի միջից և վերադարձնել սեփական մտքին ու մարմնին։ Սրբապղծություն է, երբ մարդուն դարձնում են ամբոխի մասնիկ։ Գուցե սեփական եսը չկորցնելու մղումից էր, որ ծնվելով ու ամբողջ կյանքում ապրելով Միացյալ Նահանգներում, իրեն , այնուամենայնիվ, հայ գրող էր համարում։
«Ես միշտ հայ գրող եմ եղել, միայն թե իմ լեզուն անգլերեն է եղել։ Իմ գրություն կարող էր չպատահել, եթե ես չուրախնայի իմ հայությունով։ Ես միշտ մոտ եղած եմ ինքզինքիս, իմ ընտանիքին, բիթլիսցիներուն, մշեցի, վանեցիներուն, ընդհանուր Հայաստանին»։
Սարոյանի յուրաքանչյուր այց տոն էր իրեն ծնած ժողովրդի համար։ 1935 թվականին արյան կանչով եկավ Հայաստան, հենց որ, ինչպես ասում էր, ճանապարհի դրամ ունեցավ։ 1978 թվականի աշնանը Սարոյանը Հայաստան եկավ չորրորդ ու ,ավաղ, վերջին անգամ։ Հանրային ռադիոյի ձայնադարանում այսօր պահպանվում է մի հաղորդում, որը պատմում է գրողների միությունում 1978-ին մեծ գրողի հետ հանդիպման մասին։ Այս հանդիպմանը Սարոյանը խոստովանել էր, որ իր գրական կյանքում ճակատագրական է եղել հանդիպումը զորավար Անդրանիկի հետ, որի հիշատակի օրն է նաև այսօր։ «14-15 տարեկան էի։ Զորավոր մարդ էր Անդրանիկ, սակայն տխուր էր, քանզի հարցերին լուրջ կպատասխաներ, ասում էր Սարոյանը։

«Երբ որ զորավար եկավ Ֆրեզնո, հավաքվել էին հազարավոր հայեր։ Ով թշնամություն ուներ ուրիշներու հետ, լմնցուց, թշնամություն չկար, ամենքը հայ էին։ Քիչ-քիչ սկսավ այցելել Արամի օֆիս։ Օր մը ես հոն էի, առաջին այցելող զորավար Անդրանիկն էր։ Անանկ բաներ ինձ ըսավ, որ ես հեչ չեմ մոռցեր։ Սկսավ հետաքրքրվել՝ ինչու՞ կու կարդաս աս տեսակ բաներ։ Ըսի՝ կարդալ շատ կսիրեմ, բայց ավելի գրել կսիրեմ։ Եթե չըլլար աս մարդը, պիտի չըսեի գրել, որովհետև ատ ինձի կպահեի։ Ուրիշներուն չէի ըսե, որ գրող պիտի ըլլամ, որովհետև մեր բիթլիսցիներ գրող-մրող, ատ տեսակ բան հաշվի չեն առներ։ Դրամ կըշինե՞ս, եթե դրամ չես շիներ, ատիկա մոռցիր»։
Հայաստանը նրա հոգևոր քարտեզի գլխավոր մայրցամաքն էր։ Նա ինքն է խոստովանել՝ լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որից ծնվում են հերոսներս Ամերիկան է, բայց ոգին, որն ինձ թելադրում է գրել, Հայաստանն է։ Սարոյանը յուրահատուկ պաշտամունք ուներ հայոց լեզվի հանդեպ։ Հայաստանի գրողների միությունում կայացած նույն հանդիպմանն ասել է․
«Անուշ լեզու, որ կկոչվի հայոց լեզու։ Նարեկացին մեզի ցուցուց, թե ինչ զորավոր լեզու է։ Լեզու լավ գործածելը մեծ, շատ մեծ պարտականություն է։ Եթե լավ չգործածեք, պիտի փչանա․․․»։
Այդուհանդերձ, սարոյանական գրականության համար սահմաններ չկային։ Ես կսկիծով եմ ասում, բարեկամներ, բայց չկա Հայաստան,կան միայն հայեր, որ ապրում են երկրի վրա։ Եվ Ամերիկա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք։
Սարոյանը մահանում է 1981 թվականի մայիսի 18-ին՝ հայրենի Ֆրեզնոյում։ Գրողի կամքի համաձայն՝ սրտի կեսը թաղում են Երևանում։ Ինչպես ինքն էր ասում՝ այստեղից մոտ են Վանա լիճն ու ծնողների հայրենիքը։
Շատ, շատ կուզեի, որ Աստված ըլլար, ու թե օր մը հանդիպեմ, պիտի ասեմ՝ բարև։ Սարոյանը բարին փնտրում էր ամենուրեք ու նույնն էլ հորդորում էր մյուսներին։




