
Զարթոնքցի երիտասարդ ֆերմեր Կարեն Համբարձումյանն Էջմիածնի համայնքներում վարձակալությամբ մեծաքանակ հեկտարներով ձմերուկ է մշակում: Օգտվում է ոռոգման կաթիլային համակարգից, որի արդյունավետությունը բարձր է: Ձմերուկի մշակման գործում մասնագիտացված հողագործը աշխատանքների մի մասը կազմակերպում է մեքենայացված եղանակով՝ իր ստեղծած սարքավորման միջոցով:
Ծնունդով Զարթոնքից Կարեն Համբարձումյանն արդեն 10 տարի հայրենի գյուղում հողագործությամբ չի զբաղվում, ունեցած 3000 քմ սեփականաշնորհված հողամասում միայն առվույտ է ցանում: Տարիներ առաջ բանջարեղեն մշակել է, բայց անկանոն ոռոգման պատճառով լավ բերք չի ստացել:
«Սիստեմատիկ, որ պետք է ջրես, էդ ջուրը չկա, չի ապահովվում: Արդեն 10 տարի աշխատում եմ Զարթոնքում հող չցանեմ»:

Սակայն այս հանգամանքը չի հիասթափեցրել երիտասարդ ֆերմերին: Տեղափոխվելով ու մշտական բնակություն հաստատելով Մեծամոր քաղաքում, նա գյուղատնտեսությամբ սկսել է զբաղվել Էջմիածնի համայնքներում: Հողը մշակելու համար նախ ուսումնասիրում է տարածքը, ստուգում հողի որակական հատկանիշներն ու վարձակալում: Հիմնակնում զբաղվում է ձմերուկի մշակությամբ:
«Ձմերուկի համար ամեն տարի հողը փոխում ենք, նույն տեղը չենք վարձակալում: 10 տարի է այդ եղանակով ենք շարժվում»:
Այս տարի վարձակալել է 12 հա հողատարածք, և միայն 7.5 հա-ի վրա ձմերուկ մշակել: Ոռոգման խնդիր չունի, տարածքում խորքային հոր կա, բայց ջուրն արդյունավետ օգտագործելու նպատակով անցել է ոռոգման կաթիլային համակարգին: Այս եղանակով բույսը հավասարաչափ է ջուր ստանում.

«Սրա վրա ամեն 20 սմ մեկ անցքեր կան, մեջը ֆիլտրեր կան, որ բացենք կերևա, մինչև 100մ ի վրա ջրի ճնշումը կարգավորում է: Առաջին կաթոցիկից, որը միանգամից միացված է մայր ցանցին ու 100մ հեռու նույն քանակի ջուր է կաթում: Որ կտորն ունի ջրի կարիք միացնում ենք, այդ կտորը ոռոգում, հնարավոր է միացնենք 1 ժամ, 3 ժամ կամ 5 ժամ»:

Կաթիլային համակարգը ռետինե ու պոլիէթիլենային խողովակների մի ամբողջություն է, որն օգտագործելուց հետո հնարավոր է աշնանը նորից հավաքել: Կարեն Համբարձումյանը հենց այդպես էլ վարվում է, քանի որ ամեն տարի փոխում է վարձակալած տարածքը: Կաթիլային համակարգն անցկացրել է սեփական ուժերով հավաքած տեխնիկայի միջոցով, որը կրճատում է ժամանակն ու ձեռքի աշխատանքը: Սարքավորումն անուն չունի, բայց միաժամանակ մի քանի գործողություն է կատարում՝ ծածկելով ջերմոցն ու բացելով անցքեր սածիլների համար:

«Կաթիլային խողովակները փռելիս ընթացքի ժամանակ մեխանիզացիան հողով ծածկում է, մյուս հատվածում ցելոֆոնն ենք ամրացնում, և ծածկում ջերմոցը: Սարքը միաժամանակ մի քանի գործողություն է կատարում, հողի վրա նաև սածիլները տեղադրելու համար անցքեր է բացում: Այս սարքը հավաքել եմ հետևելով արտերկում գյուղատնտեսական մեքենայացված տեխնիկաների գործունեությանը»:
Կարեն Համբարձումյանն այս տարի օգտվել է գյուղատնտեսական արտոնյալ ժամկետով անտոկոս վարկերից: Լավ բերք էր ստացել, ամենամեծ քաշով ձմերուկը կշռել է մինչև 25 կգ, միջինը՝ 10 կգ: Հիմա երկրորդ բերքն է հավաքում: Աշխատանքների եռուն շրջանում օրավարձով աշխատողներն են ձեռք մեկնում՝ օրը 6000 դրամ վճարով: Բացի ձմերուկից վարձակալած տարածքում 1 հա լոլիկ ու պղպեղ է դրել, 1 հա էլ կարտոֆիլ: Կարտոֆիլից լավ բերքի ակնկալիք չունի: Ձախողումներն անփորձությունից էին, բայց մյուս տարի բացթողումները կշտկեն: Սովորաբար Էջմիածնում վաղահաս կարտոֆիլ են աճեցնում և մայիսից բերքը հավաքում, իսկ Կարեն Համբարձումյանը եղբոր Արմանի հետ որոշեցին կարտոֆիլն ուշ ցանել, որպեսզի աշնանը հավաքեն:




