
Արմավիրի մարզում նոր կառուցված սպանդանոցներից Դալարիկ և Քարակերտ համայնքներում շինարարական թույլտվությունը տրվել է գյուղատնտեսական նշանակության հողի վրա, որի նպատակային նշանակությունը չի փոփոխվել արտադրականի: Սպանդանոցների կառուցման հապճեպությունը պայմանավորված է եղել հուլիսի 1-ին գյուղատնտեսական կենդանիների պարտադիր սպանդանոցային մորթով, բայց մինչև հիմա ոչ մի սպանդանոց չի շահագործվել:
Անասնաբուժասանիտարական նորմերից ելնելով 2020թ հուլիսի 1-ից գյուղատնտեսական կենդանիների մորթը պարտադիր կազմակերպվելու է սպանդանոցներում: Այս նպատակով կառավարությունն աջակցության ծրագիր առաջարկեց: Նոր բիզնես հիմնելու գաղափարը ոգևորեց գյուղացիներին: Մարզում անասնապահությամբ ավելի շատ զբաղվում են Բաղրամյանի շրջանի համայնքներում: Քարակերտ համայնքի սկզբում, բնակավայրից գրեթե 500 մ հեռավորության վրա Վահե և Ցոլակ Հակոբյանները սպանդանոց են կառուցում: Շինարարությունը մոտենում է ավարտին.

«Էս տարածքը չի մշակվել, ջրի խնդիր կա ստեղ: Վաղուց էս կողմը չի ոռոգվում, ժողովուրդը չի զբաղվում: Տարածքը 1 հա 200-երրորդական է, իսկ շինությունը 200քմ-300 քմ՝ իր դրսի կառույցներով»:
Սպանդանոցը կառուցվել է գյուղատնտեսական նշանակության հողի վրա: Քարակերտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահրամ Խոսրովյանը ցույց տալով կառուցապատման համար անհրաժեշտ փաստաթղթերը հաստատում է, որ կառուցապատված հողատարածքի նպատակային նշանակությունը չի փոխվել, իսկ շինարարությունը սկսվել էր 2 ամիս առաջ.

«Սպանդանցն ունի նախագիծ՝ 18-20 գլուխ խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր մորթի համար, ունի համապատասխան շինթույլտվություն: Գյուղատնտեսական նշանակության հողատարածք է, գյուղարտադրական պետք է փոխվի իր կատեգորիան: Դիմել ենք մարզպետարան, որ փոխեն»:
Գյուղատնտեսական նշանակության հողի վրա Դալարիկում նոր սպանդանոց է կառուցել Բարսեղ Ավդալյանը: Այն գտնվում է բնակավայրից մոտ 1 կմ հեռավորության վրա: Որդին՝ Անդրանիկ Ավդալյանը նշում է, որ տարածքի սեփական հողամասերի մի մասը մշակում են, մի հատվածում 3 ամիս առաջ սկսել են սպանդանոցի կառուցումը: Ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են.

«Լրիվ կահավորված է սենյակը, պատրաստ է, էս մեր մորթի տեղն է: Սպանդանոցը 12 քմ-12.5 քմ-ի վրա է: Սպանդանոցը կառուցելու համար 13 մլն դրամ վարկ ենք ստացել 0 տոկոսով»:
Կառուցապատված հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից՝ արտադրականի, նույնպես չի փոխվել: Դալարիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարգար Հայրապետյանը հեռախոսազրույցում հետևյալը փոխանցեց.
«Ինքը կառուցված է, էս պահին իր նպատակային նշանակությունը դեռ փոփոխման փուլում է: Ժամկետների առումով պետք է արագացնեին, որ մինչև հուլիսի 1-ը հասցնեին: Նախարարության հետ ինչ որ համաձայնեցված է էդ փուլը: Հողի նպատակային փոփոխություն չի եղել»:

Մինչդեռ շինարարական թույլտվությունը տրվում է հողի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից՝ արտադրականի փոփոխելուց հետո, իսկ գործառնական նշանակությունը պետք է լինի գյուղատնտեսական արտադրական:
«Սպանդանոցներին հատուկ թույլատրեցին ժամկետի հետ կապված, որովհետև կատեգորիան փոփոխելը ահագին երկար ժամանակ է, երկար գործառույթ է: Ինքը, որ կատեգորիան փոփոխեր, կարող է մինչև հիմա ավարտված չլիներ»:
Մինչև 2020 թ հունիսի 29-ը հողերի նպատակային նշանակության փոփոխությունն իրականացվել է ՀՀ Վարչապետի 2009թ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինության ծրագային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: 2020թ հունիսի 29-ից Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրմամբ վավերացվել է ՀՀ Հողային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները, ըստ որի պարզեցվել է հողամասի նպատակային նշանակությունը փոխելու կարգը: Ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների, սպանդանոցների, ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսված հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխվելու է համայնքի ավագանու կողմից՝ սեփականատիրոջ հայտի համաձայն: Այն համարվում է փոփոխված պետական գրանցում ստանալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

Քարակերտում և Դալարիկում թույլատրվել է սպանդանոցները կառուցել գյուղատնտեսական նշանակության հողերի վրա՝ նպատակային նշանակությունը չփոխելով արտադրականի: Արմավիրի մարզպետարանի Հողաշինության և հողօգտագործման բաժնի մարզային հողային պետական տեսչության պետ Արմեն Դարբինյանը տեղեկացրեց, որ այն շինությունները, որոնք կառուցվել են առանց հողի նպատակային նշանակությունը արտադրակի փոփոխության՝ ապօրինի են:
«Մեզ դիմել են կոնկրետ Քարակերտից, ասել ենք՝ սպասեք, սպասվում է օրենքի փոփոխություն: Մենք էս օրենքի մասին գիտեինք, որովհետև պետական քաղաքականություն է սպանդանոցների կառուցումը և հեշտացնելու համար օրենքի մեջ փոփոխություն մտցրեցին: Պատրաստի կառույցները ապօրինի շինություններ են, դա պետք է գնա միջգերատեսչական հանձնաժողով, ուսումնասիրվեն, եթե դրական եզրակացություն կտա, դրա հիման վրա ավագանին կարող է փոխել»:

ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոն հայտ ներկայացրած մի քանի տնտեսվարողներ հրաժարվել են սպանդանոց կառուցելուց՝ աջակցության ծրագրերից չօգտվելու պատճառով: Խորոնք, Գրիբոյեդով և Տանձուտ համայնքներում սպանդանոցները կառուցվել են արտադրական նշանակության հողերի վրա և շուտով կշահագործվեն:




