ԿարևորՀասարակություն

Դսեղը՝ գյուղական տուրիզմի «միջազգային» կենտրոն

«Լիբանանից եմ ունեցել, Գերմանիայից եմ ունեցել,  Ավստրիայից եմ ունեցել․․․»

Տիկին Մարինեն այս օրերին երանությամբ  ու կարոտով է հիշում  արտասահմանցի զբոսաշրջիկներին, որոնք ամեն  տարի հանգրվանում էին նրա հյուրատանը։ Դաժան համավարակը փակեց դեպի Դսեղ ու Դսեղի կենտրոնում գտնվող  «Աղաբեկ» հյուրատուն բերող արտասահմանցի հյուրերի ճանապարհը։ Նրանց փոխարեն տեղացի զբոսաշրջիկներն են այս տարի շատացել։ Անընդհատ հաշվում է, գրանցում, բայց նախորդ տարիների համեմատ թվաբանությունը, այնուամենայնիվ, հյուրատան տիրոջ օգտին չէ։

 «Ես ժուռնալ  ունեմ, գրանցում եմ՝ առաջին այցելուն, երկրորդ, երրորդ  այցելուն․․․հիմա արդեն վաթսունութն են, բայց էն ժամանակ․․․ էէէ, երկու հարյուր»։

Համավարակը կանցնի, տեղական  տուրիզմին հասցրած նրա վնասներն էլ  կփորձեն հաղթահարել։ Դսեղում գյուղական տուրիզմը զարգացնելու լավ հեռանկար են տեսնում տեղացիները։ Տասը տարվա ընթացքում շուրջ տասը հյուրատուն է ստեղծվել ու գործում  մեծն Թումանյանի ծննդավայրում։ Լոռու շքեղ բնության, պատմաճարտարապետական հարուստ հուշարձանների, լոռեցիների հյուրասիրության ու առողջ սննդի կողքին զբոսաշրջիկներին գայթակղելու հարցում  իր ծանրակշիռ դերն ունի նաև Թումանյանի տուն-թանգարանը։ Համավարակի պատճառով  հյուրասեր գրողի տան դռներն  այս օրերին փակ են, ինչի արդյունքում  ավելացել է  հարևանությամբ գործող  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու այցելուների թիվը։

Եկեղեցու աշխատակից, մեզ արդեն ծանոթ տիկին Մարինեն գոհ է․

«Ոչինչ, գոհ եմ այցելության համար, քանի որ թանգարանը չի աշխատում , այցելում են այստեղ։ Մենք չենք տեսել,  բայց մեծերից լսել ենք, որ Թումանյանի հայրը՝ տեր Թադևոսը, այս եկեղեցու քահանան է եղել։ Պատմում են, որ պատարագների ժամանակ ինքը բեմից, մեր բարբառով ասեմ, ծիկլիկո անելիս է եղել , ու ժողովուրդը ծիծաղել է։ Թումանյանի հարազատներից այսօր էլ գյուղում ապրում են, օրինակ` թանգարանի հետևի տունը հենց Գրիշկա բիձու տունն է, եթե կարդացել եք նրա մասին»։

Թումանյանով ու նրան առնչվող պատմություններով ներծծված Դսեղի հյուրատներից մեկն էլ   Բեժանյան ընտանիքին է։ «Առաջիններից  չէինք, մեզնից առաջ հյուրատներ արդեն բացվել  էին Դսեղում»,-պատմում  է Տաթևիկ Բեժանյանը, որի հայրական տունը հյուրատան կարգավիճակ է ստացել  2015 թվականից։

«Հյուրատների բացումը շատ կապված  է նրա հետ, որ այստեղ Թումանյանական օրեր էին անցկացվում սեպտեմբերին, ու «Յունիմա» տիկնիկային թատրոնների ասոցիացիան այստեղ փառատոններ էր կազմակերպում։ Տարբեր երկրներից հյուրեր  էին գալիս, և այդ մի շաբաթը Դսեղում ու հարակից գյուղերում տոն էր։ Սկզբում հյուրատներ չկային, պարզապես տներում մարդկանց տեղավորում էին, հետո առաջացավ այդ անհրաժեշտությունը»։

«Հյուրատան բիզնեսի կայացումը սկզբնական շրջանում  հեշտ չէր, հյուրերին միայն   անձնական կապերի միջոցով ենք   կարողացել ներգրավել, բայց հետո աշխատեց ձնագնդի էֆեկտը․ յուրաքանչյուր հյուր իր հետևից ուղարկում էր նվազագույնը մեկ -երկուսին»,-ասում է Տաթևը։    Հետագայում նաև արտասահմանցի հյուրերի ընդունեցին։ Զրուցակցիս խոսքով՝ պահանաջարկը տարեցտարի աճում է, բայց ընդլայնվելու հնարավորությունները մեծ չեն։

 «Մեր եկամուտը այնքան չէ, որ կարողանանք ընդլայնել հյուրատան հնարավորությունները։ Վերջերս փորձեցի ինչ-որ ծրագրերի դիմել, բայց ստացվում է այնպես, որ այդ ծրագրերը օգնում  են հիմնականում կայացած բիզնեսներին։ Այդ ծրագրերը մեզ իսկապես հասանելի չեն»։

Գյուղական տուրիզմը աջակցության կարիք ունի։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմամբ, այլև պահանջարկով։ Դսեղում պարզեցինք, որ մեր երկրում քիչ չեն մարդիկ, որոնք նախընտրում են տուրիզմի հենց այս տեսակը՝ անկախ համավարակային իրավիճակից։ Սամվել Բադալյանը վստահեցնում է՝ ընտանիքով հանգստանալու էին Հայաստանում, եթե չլիներ անգամ համավարակը։

«Ընդհանրապես մենք Հայաստանում սիրում ենք հանգստանալ։ Հինգ տարի անընդմեջ հանգստացել ենք Հայաստանի տարբեր մարզերում․․․»։  

17-ամյա Անահիտը Դսեղ էր եկել հատկապես տեսնելու՝ ինչից էր ոգեշնչվում Թումանյանը։ Գրողի ծննդավայրում ոգեշնչման աղբյուրները անսպառ են։

Կարդացեք նաև

Back to top button