
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը պատրաստ է Բեյրութում պայթյունից տուժած 3 ներգաղթյալի ապահովել աշխատանքով։
Ավետիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է:
«Ես չեմ գրում Pray for Beirut: Աղոթելը հենց այս պահին հարց չի լուծի: Ես գրում եմ՝ Ձեռք առ Բեյրութ: Իհարկե, լավ է, որ հայոց կառավարությունը շուտափույթ մարդասիրական օգնություն է կազմակերպել, բայց նաև պետականություն ունենալու ողջ հմայնքն այն է, որ մենք կարող ենք գրկաբաց ընդունել մեր հայրենակիցներին ու նաև լիբանանցի հյուրընկալ ժողովրդին, այնպես ինչպես Բեյրութն է 1915 թվականի ջարդերից հետո ընդունել հազարավոր հայերի։
Կոչիս համահունչ հայտնում եմ, որ պատրաստ եմ Լիբանանից մինչև 3 ներգաղթյալների ապահովել աշխատանքով ու մեկ տարի ժամկետով անհատույց տրամադրել Սարյան փողոցի վրա գտնվող բնակարանս` մինչև մարդիկ կկարողանան ոտքի կանգնել: Կոչ եմ անում նաև ԱԳՆ-ին ու Սփյուռքի գործերով հանձնակատարին հավաքագրել ու գույքագրել բոլոր նմանատիպ առաջարկություններն ու շուտափույթ կազմակերպել հուսահատված մարդկանց հյուրընկալումը: 105 տարի անց մեր հերթն է եկել»:




