
Կառավարությունը որոշել է օտարել Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Օրբելու 23 հասցեում գտնվող շինությունը, որտեղ նախկինում զինվորական հիվանդանոց է գործել։
Քայլը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակաճգնաժամային է համարում։ Նման առաջարկներով գործադիրն, ըստ նրա, փորձում է խթանել ներդրումները։ Հարցն այսօր քննարկվել է կառավարության նիստում և քննարկման ժամանակ էլ պարզվել է, թե որոնք են օտարվող պետական գույքի գրավչությունը նվազեցնող խնդիրները։
Կորոնավիրուսի համավարակը փոխեց զբոսաշրջության կանոնները։ Օդային սահմանները դեռ փակ են, օտարերկրացի զբոսաշրջիկներ Հայաստանում գրեթե չկան։ Նրանց բացակայությունը, սակայն, չի խանգարում, որ Օրբելի 23 հասցեում գտնվող նախկին զինվորական հիվանդանոցի շենքը օտարվի աճուրդով ՝ տեղում հյուրանոց կառուցելու նպատակով։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրավիրելով ներդրողների ուշադրությունը։
«Այս պահին գույքը գնահատվում է շուրջ 8 մլրդ դրամ (7մլրդ 716 մլն 165 հազար 647 դրամ), դրան գումարած 837 մլն 299 հազար դրամ՝ հողամասի կադաստրային արժեքը։ Սրանք 100 տոկոս կադաստրային արժեքներն են, ներկայացվում են մրցույթի, հրավիրում եմ բոլոր ներդրողների ուշադրությունը․ Երևան քաղաքի կենտրոնում, Օրբելի փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու հնարավորություն է ստեղծվում»,-ասաց Պապիկյանը։

Ներդրողները, իհարկե, կհետաքրքրվեն ու կգան, սակայն, նմանատիպ գործարքների նախկին փորձն աչքի առաջ ունենալով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկում է օտարվող գույքի գրավի պահանջը հանել։ Հակառակ դեպքում՝ ներդրողը ձեռք է բերում պետգույքի կոմիտեում գրավադրված գույք՝ ասում է Մհեր Գրիգորյանը։
«Մենք այս տիպի հարցերում ներդրում իրականացնելու, աշխատատեղեր ստեղծելու պարտավորություններ ենք դնում, դա, իհարկե, շատ լավ է։ Բայց որպես պարտավորությունների ապահովում՝ գույքը մեզ մոտ գրավ ենք պահում (եթե պահում ենք) , խորհուրդ եմ տալիս նման բան չանել, քանի որ դա պոտենցիալ գնորդների շրջանակը էականորեն նեղացնում է, քանի որ բանկերի մասնակցությունը գործընթացին խոչընդոտում է։ Առաջարկում եմ չկիրառենք այս գործիքը կամ մյուսների մասով էլ հանենք, որպեսզի մասնակցությունը լայն լինի»,- նշեց Գրիգորյանը։
Մեխանիզմն անտրամաբանական է համարում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մարդը գալիս, գույքը ձեռք է բերում, մենք ասում ենք՝ այդ գույքը քեզ չե՞նք տալիս։ Այդպես չի կարող լինել։ Մարդը պետք է հնարավորություն ունենա, ըստ անհրաժեշտության, գրավադրել, վարկային միջոցներ ձեռք բերել, որ կարողանա պայմանները կատարել»,- ասաց Փաշինյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այլ տեսանկյունից է հարցը դիտարկում․ օտարվող գույքի գրավչությունը նվազում է, երբ պրոֆիլի պահպանման պարտադիր պահանջ է դրվում։ Օրինակ՝ կառուցել հյուրանոց։ Առաջարկում է հանել այդ պահանջը։ Նրա հետ համամիտ է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Համավարակը փոխել է նաև ներդրումներ ներգրավելու տրամաբանությունը։ Լավագույն միջոցներից մեկը դարձել է հենց օտարվող պետական գույքը գնելն ու այդ կերպ ներդրումներ կատարելը։ Կառավարության նիստերից մեկի ժամանակ՝ հերթական պետական գույքն օտարելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին բաց տեքսով խոսեց․
«Այս շարքը հակաճգնաժամային նշանակություն ունի։ Մենք փորձում ենք այսպիսով նաև խթանել ներդրումները ՀՀ-ում։ Ուզում եմ պոտենցիալ ներդրողների ուշադրությունը հրավիրել, քանի որ մեր գնահատմամբ, բոլորն էլ իրական ներդրումային հետաքրքրություն ներկայացնող կառույցներ են, լոտեր են»։
Թե աճուրդի հանված մյուս գույքերի մասով ինչ հետևություններ կարելի է անել, հետաքրքրում էր նաև վարչապետին։ Պարզվեց, սակայն, դեռ ամփոփելու ժամանակը չէ։




